Պատասխանելով իշխանության կողմից շարունակական ուրացման գործընթացի վերաբերյալ իր մշտական պնդումների մասին հարցին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողներին ասաց. «Գիտեք չէ՞, որ ես փաստաբան եմ եւ որ խոսում եմ՝ փաստերով եմ խոսում։
2024 թվականի ապրիլ ամսին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը «Ազատություն» ռադիոկայանին տված մի հարցազրույցում ասաց, որ վարչապետը գաղափար ունի, որ իրենք փնտրեն-գտնեն Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անուն-ազգանունները, ինչպես նաեւ նրանց զոհվելու հանգամանքները։ Պատկերացրեք, որ մարդիկ առաջարկում են գնալ Դեր Զորի անապատ, Ցեղասպանության մյուս վայրեր եւ այնտեղ փնտրել մարդկանց անուն-ազգանունները, դեպքերը՝ ոնց են ցեղասպանվել։ Դա հին թուրքական թեզ է, որ պնդում են, թե 1,5 միլիոն զոհ չի եղել, եկեք հանձնաժողով ստեղծենք, քննարկենք։ Այսինքն, ի՞նչ քննարկեք։ Հետո, երբ մենք սուր քննադատեցինք, Անդրանիկ Քոչարյանը մի հատ էլ հարցազրույց տվեց, ասաց դա իմ գաղափարն է եղել, վարչապետինը չի եղել։
Ամեն դեպքում, երբ որ այդ թեզերը դրվում են շրջանառության մեջ, դրանք կոնկրետ նպատակ ունեն։ Հայաստանի ներսում գործում է թուրք-ադրբեջանական փափուկ ուժ։ Սա նշանակում է, որ ոչ թե ինչ-որ պատերազմական գործողություններով, այլ փափուկ ուժով փորձում են մարդկանց մտքերը, մտածմունքները, պատկերացումները, իրենց անցյալի, ազգի հիշողության, վերածննդի մասին ռևիզիայի ենթարկել, վերանայել այդ պրոցեսը։ Այսինքն, ուզում են հասկանալ, թե այդ ցեղասպանությունը ոնց է եղել։ Ամբողջ աշխարհը գիտական, իրավական, պատմական մակարդակով հասկացել է եւ գիտականորեն հաստատված է, որ ցեղասպանություն եղել է»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































