ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Այն, որ Հայոց ցեղասպանությունը (և մեզ պատուհասած շատ այլ ողբերգություններ) հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու հետևանք է, վաղուց մեր պատմագիտության մաս է։
Հայոց պատմության դասագիրք, 2013 թվական, էջ 79
«Մեծ տերությունների կողմից Հայկական Հարցի միջազգայնացումը իրականում ոչինչ չտվեց հայությանը։ Ընդհակառակը ավելի սրեց մեծ տերությունների հակասությունները, նպաստեց Օսմանյան Կայսրությունում հակահայկական տրամադրությունների աճին։ Հայկական հարցից ազատվելու համար Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը ընտրեց խնդրի լուծման բարբարոսական ճանապարհ՝ հայերի զանգվածային բնաջնջման քաղաքականությունը։»
Կարդացեք նաև
Հայոց պատմության դասագիրք, 2015 թվական, էջ 85
«Ցարական Ռուսաստանի հակահայ քաղաքականությունն ավելի վատթար դրսևորում ունեցավ ռուսաստանյան առաջին հեղափոխության տարիներին։ […] Նիկոլայ 2-րդը սակայն մտադիր չէր զիջելու իր միահեծան իրավունքները։ Հեղափոխական ուժերը մասնատելու նպատակով ցարիզմը գործադրեց բազմազգ կայսրության ժողովուրդների միջև կրոնական ու ազգային թշնամանք և զինված բախումներ հրահրելու դավադիր ծրագիր։ Անդրկովկասում այն կիրառվեց հայերի և տեղի թուրք-թաթարների դեմ։»
Եւ մեկ այլ՝ թեմայից փոքր-ինչ շեղվող մեջբերում՝ մինչ որոշ մեկնաբանություններ անելը։
Հայոց պատմության դասագիրք, 2013 թվական, էջ 147
«Անդրկովկասյան իշխանությունները 1918 թվականի մարտի սկզբին Տրապիզոնում Թուրքիայի հետ հաշտության բանակցություններ սկսեցին […] Միաժամանակ Թուրքիան պահանջ դրեց, որ Անդրկովկասը բաժանվի Ռուսաստանից, իրեն անկախ հռչակի։ Դրանով նա նպատակ էր հետապնդում մեկուսացնելով երկրամասը, իրականացնել իր զավթողական պլանները։»
Մեր պատմության դասագրքում այս նախադասությունները Խորհրդային Միության պատմագիտության փոփոխվող նպատակների հետևանք են։
Խորհրդային Միությունը հիմնադրած բոլշևիկները թույլ էին տալիս քննադատել գերտերություններին՝ այդ թվում Ցարական Ռուսաստանին (իհարկե, մինչև Ստալինի իշխանության գալը), և մեր պատմագիտության մեջ այս ճշմարտությունը արմատավորվել է. Հայոց Ցեղասպանությունը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու հետևանք է։
Սակայն այն, որ Թուրքիան 1918 թվականի մարտին պահանջում էր Հարավային Կովկասի ժողովուրդներից անկախանալ, պատմության դասագիրքը վերագրում է Թուրքիայի ցանկությանը «մեկուսացնել և զավթել» երկրամասը։ Այստեղ արդեն Խորհրդային Միությունը պաշտպանում է իր շահերը՝ վերադառնալու Հարավային Կովկաս 1920 թվականին։ Թե չէ ի՞նչ է նշանակում՝ Թուրքիան պահանջում էր անկախանալ, որ հետո գրավի։ Ի՞նչ է նշանակում անկախանալու նկատմամբ նման վախ սերմանելը։
Ի հեճուկս մեր պատմագիտության այս ճկումներին, հնարավոր է նայել, նայել, նայել ու վերջապես տեսնել, թե ինչ է պետք հիշել և պահանջել։
Մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատևությունն է։


















































