«Միասնության թեւերի» վարչապետի թեկնածու, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը «Միասնության թեւերի» հետ հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի բնակիչների հետ: Նա մարտունեցիներին բնորոշեց որպես քարից հաց քամող ժողովուրդ, նաեւ ափսոսանք հայտնեց, որ այսօր գյուղացին միայնակ է մնացել իր հոգսերի հետ, դրա համար էլ շատերը ստիպված մեկնում են արտագնա աշխատանքի:
«Այսօր, ցավոք, այնպես է ստացվել՝ գյուղացին էլ չի տիրապետում, չի հասկանում ինչքան է իր ապրանքի գինը, հողը ցանի, ինչ արդյունք կունենա, ու հենց սկզբից էլ անարդար վիճակում է հայտնել»,- ասաց Արման Թաթոյանը: Հավելեց, որ պրոֆեսիոնալների թիմ են հավաքել եւ եկել են Վերին Գետաշեն՝ լսելու մարդկանց բարձրաձայնած խնդրիրները:
«Թոշակառու եմ, հաշմանդամ, իմ թոշակով դեղ եմ առնում: Չնայած կառավարությունը հրաման հանեց, որ ով հաշմանդամ է, կարող է դեղ ստանալ, գնացել-հասել եմ, ասում են նման դեղ չկա, բայց տանում դնում են դեղատուն ու ծախում են 15000 դրամով»,-դժգոհեց մի թոշակառուն:
«Դա առողջապահական ապահովագրության ներդրված համակարգն է, որը հիմա լրիվ ձախողում է գնում: Դա ընդամենը նախընտրական գործիք է: Իսկ մեր ծրագրում հստակ գրված է, նաեւ միջազգային փորձից էլ է գալիս, որ բժշկական օգնությունը, առողջապահությունը պետք է լինի համընդհանուր անվճար: Համակարգը պետք է հատուկ նախապատրաստվի դրան, եւ եթե ֆիզիկապես, հոգեպես առողջ մարդիկ չունեցանք, չենք կարող նորմալ, առողջ պետություն ունենալ»,-ասաց Արման Թաթոյանը:
Կարդացեք նաև
Գյուղացիներին ամենաշատը հետաքրքրում էր անվտանգության հարցը: Թաթոյանը հիշեցրեց, որ արբանյակային լուսանկարներով փաստել են, որ ադրբեջանական ներխուժումներ են եղել այս կառավարության օրոք: «Մեր ինքնիշխան տարածքների ազատման հարցը մեր գլխավոր ուղղություններից է»,-ասաց «Միասնության թեւերի» վարչապետի թեկնածուն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































