Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Ադրբեջանի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը. Հովիկ Ավանեսով

Ապրիլ 27,2026 11:54 Share

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը

Երկու օր առաջ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հերթական անգամ ահազանգեցին, որ Արցախի խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, կանգնած է կանխամտածված ոչնչացման իրական և անմիջական վտանգի առջև։ Այս ահազանգը պարզապես հերթական մտահոգությունը չէ, այլ փաստական հիմքեր ունեցող լուրջ նախազգուշացում, որը վկայում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական և նպատակային ոչնչացման քաղաքականության շարունակության մասին։

Բաքվի բռնապետական վարչակարգի քարոզչական մեքենայի անձնական սպասարկու դարձած բլոգեր Քյամրամ Ռազմավարը հրապարակել է հերթական լուսանկարը, որը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունները չեն հրաժարվել Արցախի ինքնության կարևորագույն խորհրդանիշներից մեկը վերացնելու մտադրությունից։

Լուսանկարի հրապարակումը դժվար է դիտարկել որպես պատահականություն․ այն առավելապես տեղավորվում է պետական մակարդակով իրականացվող հոգեբանական և տեղեկատվական ճնշման քաղաքականության շրջանակներում, որի նպատակը ոչ միայն հուշարձանի ֆիզիկական ոչնչացումն է, այլև Արցախի հայկական պատմամշակութային ինքնության հիշողության ջնջումը։

«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վաղուց արդեն դուրս է եկել պարզապես ճարտարապետական կամ քանդակագործական արժեք լինելու սահմաններից։ Այն մարմնավորում է Արցախի հայության պատմական ներկայությունը, ինքնության անքակտելիությունը և հայրենի հողի հետ հազարամյակների կապը։ Հենց այդ պատճառով էլ այն դարձել է Բաքվի ռեժիմի թիրախներից մեկը։ Ադրբեջանի իշխանությունների համար նման խորհրդանիշների գոյությունը անհերքելի ապացույց է Արցախի հայկական պատկանելության, և դրանց ոչնչացումը ծառայում է պատմության կեղծման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությանը։

Ադրբեջանի գործողությունները վաղուց արդեն դուրս են եկել վանդալիզմի սովորական դրսևորումների շրջանակներից և ստացել են համակարգված մշակութային ցեղասպանության բնույթ։ Հայկական եկեղեցիների, խաչքարերի, հուշարձանների և պատմական կոթողների հետևողական ոչնչացումը մեկ ամբողջական ռազմավարության մաս է, որի նպատակն է վերացնել հայկական հետքը Արցախում և տարածաշրջանում։ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի դեմ ուղղված սպառնալիքը հենց այդ նույն քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։

Միջազգային հանրության լռությունը այս իրավիճակում ոչ պակաս մտահոգիչ է։ Երբ աշխարհի աչքի առաջ վտանգվում է մի ժողովրդի ինքնության խորհրդանիշը, լռությունը վերածվում է հանցավոր անտարբերության։ Եթե այս հուշարձանը ոչնչացվի, դա կլինի ոչ միայն հայկական մշակութային ժառանգության դեմ հերթական ոտնձգությունը, այլ նաև միջազգային իրավունքի, մշակութային արժեքների պահպանության մասին բոլոր հռչակագրերի և կոնվենցիաների բացահայտ արհամարհում։

Այսպիսով, առկա բոլոր փաստերը վկայում են, որ Բաքվի բռնապետական վարչակարգը նպատակ ունի շարունակել Արցախի հայկական մշակութային ժառանգության վերացման իր քաղաքականությունը, և «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է այդ հակահայկական ռազմավարության հերթական թիրախը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930