Լրահոս
Օրվա լրահոսը

«Հախինյանի ժառանգությունը շարունակում է արդիական մնալ՝ ներշնչելով երիտասարդ երաժիշտներին և կատարողներին». Մարգարիտ Ոսկանյան

Ապրիլ 27,2026 14:44 Share

Լրացավ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ երաժշտության պատմության զարգացման ճանապարհին անգնահատելի հետք թողած, հայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գրիգոր Հախինյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը։

Կոմպոզիտորը հեղինակ է խոշոր կտավի գործերի՝ օպերա («Լեգենդի մարդը», «Ծովինար»), բալետ («Ախթամար», «Լոռեցի Սաքոն», «Ուռենի»), կանտատ («Սայաթ-Նովա», «Հայաստան»), օրատորիա («Թոնդրակեցիներ»)։ Գրել է կոնցերտներ ջութակի, տրոմբոնի և սիմֆոնիկ նվագախմբի համար, ինչպես նաև դուդուկի և ժողովրդական գործիքների նվագախմբի համար։ Նրա ստեղծագործական հետաքրքրությունների ոլորտում են եղել կվարտետը, ռոմանսը, երգը, կինոերաժշտությունը, դրամատիկ թատրոնը։

Անվանի կոմպոզիտորի հոբելյանին էր նվիրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում օրերս կայացած՝ Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի կազմակերպած տարվա գլխավոր ելույթը։

Aravot.am-ի հետ զրույցում հիշյալ ամբիոնի դոցենտ Մարգարիտ Ոսկանյանը նախ հավաստիացրեց, թե հոբելյանական համերգը վերածվել էր ոչ միայն երաժշտական տոնի, այլ հարգանքի խորին դրսևորման՝ ուղղված հայ երաժշտական մշակույթի կարևորագույն ներկայացուցիչներից մեկին։

Հետո համառոտ ներկայացրեց համերգային ծրագիրը. «Երեկոյի ընթացքում հնչեցին Հախինյանի տարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ ընդգրկելով թե՛ վոկալ, թե՛ գործիքային էջեր։ Կատարումները վստահված էին կոնսերվատորիայի ուսանողներին և դասախոսներին, որոնց մեկնաբանություններում զգացվում էր կոմպոզիտորի երաժշտության խոր ըմբռնումն ու նուրբ զգացողությունը։ Իսկ հնչող յուրաքանչյուր ստեղծագործություն կարծես պատմում էր հեղինակի ներաշխարհի մասին՝ լի քնարականությամբ, ազգային երանգներով և խոր հուզականությամբ։ Հատկապես տպավորիչ էին այն կատարումները, որտեղ ընդգծվում էր հախինյանական երաժշտական լեզվի ինքնատիպությունը՝ համադրելով դասական ավանդույթներն ու ազգային մտածողությունը»։

Մեր զրուցակիցը հատուկ շեշտեց, թե համերգն առանձնացել է ջերմ և մտերմիկ մթնոլորտով, ապա ասաց. «Հնչեցին նաև հիշատակի խոսքեր՝ ներկայացնելով կոմպոզիտորի ստեղծագործական ուղին, նրա դերը հայկական երաժշտության զարգացման գործում և նրա ազդեցությունը սերունդների վրա։ Նշվեց, որ Հախինյանի ժառանգությունը շարունակում է արդիական մնալ՝ ներշնչելով երիտասարդ երաժիշտներին և կատարողներին»։

Մեր զրուցակիցը՝ Մարգարիտ Ոսկանյանը, խոսքն ավարտեց այսպես. «Այս հոբելյանական համերգը դարձավ կարևոր իրադարձություն ոչ միայն կոնսերվատորիայի, այլև երաժշտասեր հանրության համար՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ մեծ արվեստը ժամանակի սահմաններից դուրս է և շարունակում է ապրել բեմում, հնչյուններում ու մարդկանց հիշողության մեջ»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930