Շարունակվում է Գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը Ֆրանսիա։
Ապրիլի 26-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն Ավինյոնում մասնակցել է «Հայկական օրեր» միջոցառումների շրջանակում կազմակերպված «Հայկական խոհարարության և արհեստների շուկա» փառատոնին։
Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել փառատոնի տաղավարներում և ծանոթացել ներկայացված ցուցադրություններին։
Փառատոնի ընթացքում Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Նիմ քաղաքի հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նաև Ավինյոնի Հայկական օրերին մասնակցող՝ Նիմից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքային կյանքի ակտիվացմանը, մասնավորապես՝ երիտասարդների ներգրավվածության խթանմանը, ինչպես նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերին մասնակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–սփյուռք համագործակցության օրակարգին առնչվող այլ թեմաների։
Օրվա երկրորդ կեսին Գլխավոր հանձնակատարը մեկնել է Մարսել, որտեղ երեկոյան հանդիպում է ունեցել «Հայաստան-Ֆրանսիա ազգային համախումբ» (CNAF) նախաձեռնության ղեկավարող խորհրդի անդամների հետ։
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցել են նախաձեռնությանը միացած շուրջ քսան կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Մարսելից և հարակից քաղաքներից։ Քննարկվել են ֆրանսահայ համայնքային կառույցների համախմբման, կրթամշակութային ծրագրերի զարգացման, ինչպես նաև համագործակցության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր։
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ


















































