Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն Գեւորգ Քառյանը, ի թիվս այլնի, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԳԱԱ-ում կայացած հանդիպման ժամանակ կարեւորեց հատկապես Դուբնայի միջազգային կենտրոնի եւ գերմանական GRS-ի հետ համագործակցությունը:
«GRS-ը զբաղվում է միջուկային նյութերի անվտանգության հարցերով: Սա մեզ համար կարեւոր է, որովհետեւ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքից դուրս միջուկային նյութերի եւ ռադիոակտիվ աղբյուրների երկրորդ ամենամեծ պահեստարանը մեր ինստիտուտում է: Եվ մենք համագործակցելով GRS-ի եւ Միջուկային անվտանգության կոմիտեի մեր գործընկերների հետ՝ այն դարձնում ենք ժամանակի պահանջներին բավարարող: Գերժամանակակից սարքավորումներով մենք այն կկահավորենք, որպեսզի համապատասխանի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջներին: Սա շրջանակային համաձայնագիր է, եւ մեր ու Գերմանիայի ԱԳ նախարարությունները համաձայնության եկել են դեռեւս 2020թ եւ մենք իրականացնում ենք այն տեխնիկական աշխատանքը, որը պետք է իրականացվի»,-նշեց Գեւորգ Քառյանը:
Գիտության հանրահռչակման մասին էլ խոսելիս Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենը նշեց, որ դպրոցներից պարբերաբար աշակերտների խմբեր են այցելում իրենց ինստիտուտ, ունեն նաեւ թիրախային խմբեր՝ ի դեմս Քվանտ վարժարանի, Շիրակացի ճեմարանի, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի, որոնց համար միջազգային վարպետաց դասեր են կազմակերպում: Հավելեց նաեւ, որ դպրոցականները զում հարթակի միջոցով միանում են միջազգային ցանցին, քննարկումներ ունենում, առաջադրանքներ ստանում:
Կարդացեք նաև
Քառյանը նշեց, որ եթե նախկինում տաքսու կամ ավտոբուսի վարորդները գիտաշխատողներին հարցնում էին՝ իսկ Ֆիզիկայի ինստիտուտը աշխատո՞ւմ է, հիմա այլ հարց են տալիս՝ իսկ ինչ է անում Ֆիզիկայի ինստիտուտը: Ապա ներկայացրեց, թե ինչ է անում Ֆիզիկայի ինստիտուտը վերջին տարիներին;
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































