Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայցից չենք հրաժարվելու։ Թող իմ ուղղությամբ քար նետի նա, ով կպնդի՝ «Իմ քայլը» հիմնադրամը չի ասոցացվում ՔՊ-ի հետ»․ Դանիել Իոաննիսյան

Ապրիլ 28,2026 14:28 Share

«Հայցից հրաժարվելու մտադրություն չունենք, հայցը համարում ենք ամբողջությամբ հիմնավոր։ Կարծում եմ՝ այն պետք է տեսանելի ապագայում քննվի Վարչական դատարանում»,-«Մեդիա կենտրոնում» «Ընտրակաշառք տալն ու վերցնելը՝ քրեորեն պատժելի արարք» թեմայով քննարկման ժամանակ հարցին՝ չե՞ք պատրաստվում հետ վերցնել Աննա Հակոբյանի դեմ ներկայացված հայցը, այսպես պատասխանեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Հիշեցնենք՝ Դանիել Իոաննիսյանը օրեր առաջ հայտնել էր, որ դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմում է Վարչական դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել էր, որ փաստաբանական թիմին հանձնարարել է հայց ներկայացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կգնահատի, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Դա իր սահմանադրական իրավունքն է, և մենք նորմալ ենք համարում։ Մենք իր դեմ իրավական գործընթաց ենք սկսել, ինքն էլ մեր դեմ է սկսում։ Նորմալ արձագանք է։ Համարյա ոչ մեկը միանգամից չի ընդունում, որ ինքը ինչ-որ բան խախտել է»։

Ներկայացնելով, թե ինչ դրվագներով են խախտումներ արձանագրել, Դանիել Իոաննիսյանն ասաց․ «Բոլոր 15 դրվագները հետևյալի մասին են, որ «Իմ քայլը» հիմնադրամը ՀՀ նախագահի կողմից ԱԺ ընտրությունների նշանակման վերաբերյալ հրամանագիրը ընդունելուց հետո շարունակել է իրականացնել բարեգործական գործունեություն։ 15 անգամ է բարեգործություն իրականացրել, թեև մեր գնահատմամբ՝ «Իմ քայլը» հիմնադրամն աֆիլացվում է ՔՊ-ի հետ։ Խախտման բնույթը սա է։ 15 դրվագները համանման են։ Բոլոր 15 դեպքում էլ մենք չենք տեսել, որ տեղի ունենա քարոզչության և բարեգործության մեկտեղում, որ տեղի ունենա բարեգործություն թեկնածու կուսակցության կամ կուսակցության անդամի կամ վստահված անձի կողմից։ Այդ պատճառով մենք սրանք չենք գնահատել՝ որպես քրեական օրենսգրքով նախատեսված արարք, այլ Վարչական օրենսգրքի 40․16 հոդվածով արարք, որը ենթադրում է վարչական պատասխանատվություն։ Մենք մեր հայցադիմումը պնդում ենք, հիմնավորման մեջ կասկած չունենք։ Թող իմ ուղղությամբ քար նետի նա, ով կպնդի, որ «Իմ քայլը» հիմնադրամը չի ասոցացվում «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Այդ թվում անվանումը․ նախորդ գումարման խորհրդարանում ՔՊ-ն դաշինքներ էր կազմել, որոնք կոչվում էին «Իմ քայլը»։

Լրագրողների փաստմանը՝ Աննա Հակոբյանը շարունակում է պնդել, որ իր իրավունքները խախտվել են և մեջբերմանը, թե Աննա Հակոբյանի խոսքով՝ եթե ըստ «Անկախ դիտորդի»՝ իր անձը ասոցացվում է իշխանական ուժի հետ, ապա ինչու 2022 թվականի սեպտեմբերին Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ «Իմ Քայլի» գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր այն ժամանակ ՔՊ վարչության անդամ հանդիսացող Մխիթար Հայրապետյանը, ու ողջ նախընտրական փուլում, երբ «Իմ քայլը» հիմնադրամը շարունակում էր իրականացնել բարեգործական ծրագրեր, այդ փուլում որեւէ ուսումնասիրություն Մխիթարյանի նկատմամբ քրեական կամ վարչական պատասխանատվություն կիրառելու մասով չի կատարվել, Դանիել Իոաննիսյանն այսպես արձագանքեց․ «Հնարավոր է, որ նման բան եղել է, և այն մեր աչքից վրիպած լինի։ Մենք ՏԻՄ ընտրություններին այդքան մանրամասն չենք իրականացրել երկարաժամկետ դիտորդություն, ինչքան համապետական ընտրություններին։ Մենք երբեք նույնիսկ համապետական ընտրությունների ժամանակ այդքան երկարաժամկետ դիտորդություն չենք իրականացրել, ինչպես այժմ։

Ինչ վերաբերում է 2022-ին Շիրակի մարզում ընտրությունների ժամանակ բարեգործությանը, ապա ասեմ՝ Շիրակի մարզում չեմ հիշում՝ որ բնակավայրերում են եղել ընտրությունները, ամեն դեպքում մարզով չէ, համայնքով է։ Կարող է՝ եղել է բարեգործություն մի համայնքում, բայց եղել են ընտրություններ այլ համայնքում։ Եթե եղել է բարեգործությունն ու ընտրությունները նույն համայնքում ու նույն ժամանակ, դա վարչական իրավախախտում չէ, այլ քրեական։ Եթե հիմնադրամի ղեկավարն այն ժամանակ եղել է կուսակցական անձ, իսկ Մխիթար Հայրապետյանը կուսակցական անձ է եղել, ապա արդեն քրեորեն պատժելի արարքի մասին ենք խոսում։ Եթե Աննա Հակոբյանը նման տեղեկություն ունի, թող դա ներկայացնի հանցագործության մասին հաղորդման տեսքով»։

Դիտարկմանը՝ Դուք ասոցացվում եք ՔՊ-ի հետ և հարցին՝ որքանո՞վ եք անկեղծ, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Դա ասոցացնողների պրոբլեմն է։ Այս երկրում մարդ կա՞, որ մեր կազմակերպության չափ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ այդ թվում իշխանության տարբեր ներկայացուցիչների տարբեր գործողությունների վերաբերյալ։ Կա՞ երկրում գոնե մեկը, որը ՔՊ տարբեր ներկայացուցիչների վերաբերյալ իմ ներկայացրած հանցագործությունների հաղորդումների կեսի կեսը ստորագրել է։ Նենց որ, դա ասոցացնողների պրոբլեմն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Media Center/Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930