«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունն իրականացնում է 7 ակտային գրանցումներ՝ ամբողջ հանրապետության մասշտաբով: Դրանք են՝ ծննդի պետական գրանցումը, հայրության ճանաչման գրանցումը, ամուսնության, ամուսնալուծության, անվան փոխման, որդեգրման եւ մահվան ակտային գրանցումները: 2025թ ապրիլ-հոկտեմբեր ամիսներին արդեն իսկ թվայնացվել են այդ ծառայություններից 6-ը՝ բացառությամբ որդեգրման ակտային գրանցման»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը:
«Թվայնացման գաղափարի հիմքում դրված էր այն, որ հնարավոր լինի էլեկտրոնային հարթակների համակցման արդյունքում ստանալ այն տվյալները, որոնք անհրաժեշտ են՝ համապատասխան ակտային գրանցում իրականացնելու համար: Օրինակ՝ ծննդի պետական գրանցում իրականացնելիս տեղեկատվությունը ստանում ենք ԱՐՄԵԴ-ից, որը համակցված է մեր համակարգին: Այդպես բավական արագ եւ դյուրին է պրոցեսը, միայն անհրաժեշտ է անձի, դիմումատուի էլեկտրոնային ստորագրության առկայությունը:
Խիստ նույնականացումը դրված է այն պատճառաբանությամբ, որ կարեւորագույն իրադարձություն ենք գրանցում: Քանի որ էլեկտրոնային հարթակով գրանցում իրականացնելիս դիմումատուին չենք տեսնում, դրա համար խիստ նույնականացում ենք անցնում: Այսինքն` էլեկտրոնային ստորագրության առկայությունը եւ ՀՀ հիվանդանոցներից մեկում ծնված լինելու հանգամանքն արդեն բավարար է՝ էլեկտրոնային ծնունդ գրանցելու համար»,-ընդգծեց Մարինե Յայլախանյանը:
Ինչ վերաբերվում է որդեգրման ակտային գրանցմանը, այս մասին էլ նշեց. «Որդեգրման ակտային գրանցման իրականացումն իրենից մի փոքր բարդություն է ներկայացնում նաեւ տեխնիկական առումով, քանի որ որդեգրումը կատարվում է դատարանի՝ ուժի մեջ մտած վճռի առկայության պարագայում, ծննդյան ակտային գրանցման մեջ կատարվում են փոփոխություններ՝ հիմք ընդունելով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, այսինքն՝ երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծնողների վերաբերյալ տեղեկությունները, նույնիսկ ծննդյան ժամանակը կարող է փոխվել: Էլեկտրոնային հարթակների միջոցով այդ տեղեկատվությունը հասանելի չէ, հետեւաբար իր առանձնահատկությունը եւ գաղտնիությունը հաշվի առնելով՝ իրականացվում է ոչ էլեկտրոնային եղանակով»:
Կարդացեք նաև
Նա նաեւ մնացյալ 6 ակտային գրանցումների վերաբերյալ հավելեց, որ չեն բացառել թղթային կրիչներով մուտքագրելու հնարավորությունը, դիմումատուները կարող են մոտենալ ՀՀ տարածքում գործող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների ցանկացած կենտրոն եւ դիմում ներկայացնել ոչ թե էլեկտրոնային եղանակով, այլ առձեռն: Մարինե Յայլախանյանը հավելեց, որ Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են թվային գործիքներից օգտվել եւ դիմում ներկայացնել, եթե ունեն էլեկտրոնային ստորագրություն։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































