Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը և Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները քննարկել են թե՛ երկկողմ, և թե՛ ԵՄ-ՀՀ ձևաչափում փոխգործակցության օրակարգային հարցեր

Ապրիլ 28,2026 17:20 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին։

Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ նշել, որ երկկողմ հարաբերությունները շարունակում են ակտիվորեն զարգանալ։

«Մեր բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա, շարունակում են դինամիկ զարգանալ ոչ միայն երկկողմ և բազմակողմ մակարդակներում, այլև Հայաստան-ԵՄ ավելի լայն գործընկերության շրջանակում»,- ասել է նախագահը։

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նաև Էստոնիայի արտաքին գործերի նախարարի վերջերս կատարած այցին, որի շրջանակում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝ պայմանավորված Երևանում Էստոնիայի նստավայր դեսպանության բացմամբ։

«Այն զգալի ներդրում կունենա բազմոլորտ համագործակցության և միջմարդկային կապերի առավել խորացման առումով»,- հավելել է նախագահն՝ ընդգծելով նաև միջխորհրդարանական կապերի զարգացման ու ակտիվացման կարևորությունը։

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Անդո Կիվիբերգը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Էստոնիայի և Հայաստանի միջև ձևավորված հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և ընդհանուր արժեքների վրա։ Նրա խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ՝ կապված պատմական փորձի, ժողովրդավարական զարգացման ուղու և մի շարք մարտահրավերների հաղթահարման հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Եվրոպական միություն-Հայաստան ձևաչափում փոխգործակցության օրակարգային մի շարք հարցեր։ Կարևորվել է տարբեր ոլորտներում, հատկապես թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղություններով արդյունավետ համագործակցության խորացումը՝ հաշվի առնելով Էստոնիայի առաջատար փորձը այդ բնագավառում։

Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային իրողություններին և առկա անվտանգային ու քաղաքական իրավիճակին։ Մտքեր են փոխանակվել 2025 թվականի օգոստոսի 8-ի Հայաստան-ԱՄՆ համաձայնություններից հետո ձևավորված նոր միջավայրի, ինչպես նաև Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար բացվող հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ՝ ընդգծելով կայունության և համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու կայացմանն ուղղված նախաձեռնությունների շարունակականությունը, ինչպես նաև իրավական պետության, թափանցիկ կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխադարձ աջակցությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930