Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում տեղի է ունեցել հանցագործություն, իրավական մեխանիզմը պարտավոր է աշխատել. Արա Ղազարյան

Ապրիլ 28,2026 22:15 Share

«Սահմանադրության ուժով գլխավոր դատախազը, որը ենթարկվում է ոչ թե վարչապետին, այլ Սահմանադրությանը, ունի գործառույթներ: Որից մեկը քրեական հետապնդման մարմին է ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների առումով: ՀՀ տարածքում արձանագրվե՞լ է հանցավոր արարք, անկախ նրանից, թե քաղաքական որեւէ ուժ ինչ կմտածի՝ անհրաժեշտ է, թե ոչ քրեական հետապնդում իրականացնել, անկախ նրանից՝ վարչապետը որպես բանակցող կողմ ցանկանում է, թե չի ցանկանում հետամուտ լինել: Իրավապահ մարմինները՝ քննչական կոմիտեն, գլխավոր դատախազությունը  պարտավոր են իրենց լիազորություններով գործել, իրենք ենթարկվում են Սահմանադրությանը»,- այսպես է արձագանքում Նիկոլ Փաշինյանի ՝ «մեր յուղի մեջ պիտի տապակվենք» հայտարարությանը միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը, հերթական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք պատրա՞ստ է հրապարակայնորեն հանձնառություն ստանձնել աջակցելու ՀՀ տարածքում պատերազմական հանցագործությունների պատժմանը, նույնիսկ, եթե դա վերաբերվի Ադրբեջանի ռազմական ու քաղաքական էլիտային, պատասխանեց, որ դա երկսայրի սուր է. «Ինքս ինձ համար որոշել եմ, որ այս թեմաներին անդրադառնալու եմ մաքսիմալ շիտակությամբ, ինչպես նախորդ հարցերին ի պատասխան՝ ասացի՝ այդ ամենը երկսայրի սուր է… Այս խոսակցությունները հիմա գոյություն ունեն, իմիջիայլոց փաստերը, որևէ մեկը դա չի ժխտում, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչի մասին ենք խոսում։ Եվ հենց սա է թակարդը, որից մենք չենք կարողանում դուրս գալ, իմ կարծիքն այն է, որ մենք պետք է այդ թակարդից դուրս գանք, և մենք դուրս ենք գալիս։ Մենք մեր յուղի մեջ պետք է տապակվենք, ամեն մեկս՝ մեր յուղի մեջ»:

Արա Ղազարյանը վարչապետի այս հայտարարության վերաբերյալ մեզ հետ զրույցում շարունակում է պնդել. «ՀՀ տարածքում տեղի է ունեցել հանցագործություն, մեխանիզմը պարտավոր է  աշխատել: Եթե մինչեւ հիմա վարույթ չի հարուցվել, դա  հանցագործություն է: Վարչապետը արտահայտում է իր քաղաքական դիրքորոշումը, ասում ենք՝ շատ լավ, շնորհակալություն, մենք  ձեզ հասկացանք: Բայց մեխանիզմը պետք է աշխատի անկախ նրանից՝ վարչապետն ուզո՞ւմ է քրեական գործ հարուցվի, թե ոչ:

Եթե խոսքը վերաբերում է 2020, 2022, 2023 թթ ՀՀ տարածքում կատարված հանցագործություններին, արդեն պետք  է իրավական հետեւանք լիներ, քրեական գործի քննությունն ավարտված լիներ, Մինսկի կոնվենցիայով Ադրբեջանին հրավիրած լինեին, որ համագործակցի, որովհետեւ ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչներն են դա կատարել: Մենք՝ մասնավոր խմբերս, վերցնում ենք այդ գործերը, տանում եվրոպական կամ այլ դատարաններ, բայց պետությունն այստեղ անելիք ունի Սահմանադրության ուժով: Վարչապետը, ենթադրենք, բանակցող կողմ է, չի ուզում իր լիազորությունների շրջանակում այդ հարցը բարձրացնել: Բայց քննչական կոմիտեն, գլխավոր դատախազությունը առանձին մեխանիզմներ են, որոնք ոչ թե պետք է գործեն վարչապետի ցուցման հիման վրա, այլ՝ Սահմանադրությամբ»:

Իսկ արդյոք Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական դիրքորոշումը չի՞ խրախուսում նորանոր հանցագործությունների ՀՀ նկատմամբ, Արա Ղազարյանի գնահատմամբ. «Փաստն այն է, որ վերջին մեկ, երկու տարում հանցագործություններ չեն կատարվել, բայց մարդիկ, որոնք ՀՀ  քաղաքացի են, կատարվել են հանցագործություններ նրանց գույքի նկատմամբ, որոնք մնացել են Արցախում: Անհատական գանգատներ են մարդիկ տանում եվրոպական դատարաններ»:

Իսկ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը պատժելիության հարցում արդյո՞ք չի արգելակում միջազգային մեխանիզմի գործարկմանը, Արա Ղազարյանի խոսքով․ «Բնականաբար, միջազգային համագործակցության հարցում խոչընդոտ է, եթե վարչապետը միջամտում է՝ այո, եթե չի միջամտում՝ ոչ: Քաղաքական բնույթի հարց եք տալիս, այդ հարցերը քաղաքական վերլուծաբաններին: Բայց կարող եմ իրավական ամսով փաստել, որ հասարակությանը տեղեկատվություն չի տրվում՝ Իշխանասարի կամ Ջերմուկի դեպքերով վարույթները ուր են հասել: Հաստատվե՞լ է, թե որ անձինք են հանցագործություն կատարել, հաստատվե՞լ է՝  Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչնե՞ր են, թե՞ ոչ: Արդյոք Մինսկի կամ Քիշնեւի կոնվենցիան որպես իրավական փոխօգնության համակարգ գործի դրվե՞լ է, թե՞ ոչ եւ այպիսի մի շարք հարցեր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930