Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Սարգսյանը վիրավորվեց պոպուլիզմ բառից, Մինասյանը բացատրեց տված որակումը՝ ՔՊ-ի իշխանության օրոք է աճել խաղամոլությունը

Ապրիլ 29,2026 15:38 Share

«Մի քիչ պոպուլիզմը շատ է սրա մեջ, փորձենք իրատեսականությունը հասկանալ: Ակնհայտ է՝ խաղամոլության ու թմրամոլության դեմ պայքարը պետք է լինի պետական քաղաքականության առանցքը: Բայց մեխանիզմները ոչ թե պոպուլիզմի դաշտից պետք է լինեն, այլ իրատեսականությանը մոտենան»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օնլայն կազինոներում խաղադրույքներ անելու գործընթացում սահմանափակումներ առաջարկող պատգամավոր Հայկ Սարգսյանին այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը (լուսանկարում):

Նա հետաքրքրվեց ՝ միջազգային փորձ կա՞, օրինակ ՝ այն երկրների փորձից, որտեղ այդ երեւույթի դեմ կիրառել են մեխանիզմներ եւ ստացել արդյունքներ, ինչպես են լուծումներ գտել սեփականության իրավունքը չսահմանափակելու տեսանկյունից:

«Գուցե նպաստառուն պետք է զրկվի նպաստից, եթե օգտագործում է այդ ձեւերով»,- նկատեց Արծվիկ Մինասյանը:

«Երբ ասում եք պոպուլիզմ, վիրավորական է հնչում, կխնդրեմ նման կերպ չարտահայտվեք: Ուսումնասիրե՞լ եք օրինակ այս վիճակագրությունը, տեսե՞լ եք խաղադրույքների ծավալները ինչքան են եղել 2017-ին ու ինչքանով են աճել 2025-ին: 35 անգամ աճել է: Սա պոպուլի՞զմ է: Այսինքն՝ 35 անգամ ավելի շատ են մարդիկ վատնում գումար կազինոներում ու սրա դեմ գործուն մեխանիզմներ եմ առաջարկում, պայքարում եմ, պոպուլի՞զմ է: Սա ծուղակ է, մարդկանց դնում են այս ծուղակը ու մարդիկ չեն կարողանում դուրս գալ»,- արձագանքեց Հայկ Սարգսյանը:

Հայկ Սարգսյանը նաեւ ասաց, որ հարկատուները վճարում են հարկերը, որ տարեց քաղաքացիները ստանան իրենց ծերության թոշակն ու հոգան իրենց կենսական կարիքները, բայց նրանք գնում են խաղադրույքներ են անում. «Կենսաթոշակը կամ հրատապ օգնությունը մենք տրամադրում ենք, որ դեղորայք առնեն, նվազագույն կարիքները բավարարեն, եթե թույլատրում ենք, որ գնա վատնի այդ գումարը, այսինքն՝ պետությունն անուղղակիորեն սնուցում է այդ օնլայն կազինոները: Ես դրա դեմ եմ, եթե ուզում են խաղալ թող հրաժարվեն թոշակից ու գնան խաղան, վատնեն իրենց աշխատավարձը»:

«Չգիտեմ՝ ինչու վրդովվեցիք, պոպուլիզմը վերաբերվում էր կարգավորման այն մեխանիզմներին, որոնք առաջարկվում են ու չեն կարող իրատեսական լինել: Այնպես եք ցույց տալիս այդ ցուցանիշները, ասես մեր իշխանության ժամանակ են աճել, ձեր իշխանության ժամանակ են աճել»,-խաղադրույքների աճի վերաբերյալ Հայկ Սարգսյանի ներկայացրած վիճակագրական տվյալներին ի պատասխան հակադարձեց Մինասյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930