«Ժամանակակից պատերազմների պարադիգմը փոխվել է։ Հիմա մենք խոսում ենք ԱԹՍ-ների, դրոնների և ռոբոտների դարաշրջանի պատերազմների մասին»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «ԱԹՍ–ների ճակատամարտ. ժամանակակից պատերազմների դասերը» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց անօդաչու ավիացիայի ուսումնական կենտրոնի հիմնադիր, Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Մաքսիմ Կոնդրատևը։
Ըստ նրա՝ այժմ հիբրիդային հարձակումների դարաշրջանն է, երբ հարձակումները օդից ու ջրից են․ «Հաջորդ փուլը լինելու է տիեզերքը»։
Վերջին ժամանակների ռազմական հակամարտությունները ցույց տվեցին, թե որքան վտանգավոր են ԱԹՍ-ները հարթավայրային տեղանքում մարտական գործողությունների ժամանակ։ Բայց որքանո՞վ են դրանք արդյունավետ լեռներում, օրինակ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Հարցին՝ ՀՀ-ի ռելիեֆը հաշվի առնելով՝ ո՞րն է այս պահին կարևոր մեր երկրի համար, Մաքսիմ Կոնդրատևը պատասխանեց․ «Երկրի ռելիեֆը կարևոր դերակատարություն ունի, բայց հարցին պետք է ավելի ընդհանուր նայել։ Էական է նաև աշխարհագրական դիրքը։ Հայաստանի պարագայում մի կողմից նրա հարևանությամբ է Թուրքիան, որն ակտիվորեն ընդլայնում է անօդաչու ավիացիոն ուժերի շրջանակը, մյուս կողմից Իրանն ու Ադրբեջանն են, որոնք ևս ակտիվորեն ներգրավված են ԱԹՍ-ների ուղղության զարգացմամբ։ Մյուս գործոնը պատմական իրադարձություններին հետևելն է։ Ադրբեջանն առաջին անգամ իսրայելական ԱԹՍ-ներ օգտագործեց 2016-ին։ Դա առաջին ահազանգն էր Հայաստանի համար, որ պետք է ԱԹՍ-ների ուղղությունը զարգացնել։ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև 2020-ի պատերազմում Ադրբեջանն օգտագործում էր թուրքական ԱԹՍ-ներ, և այս ռազմական կոնֆլիկտը վերլուծելով՝ խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանը ամերիկյան պարադիգման է ընդունել։ Մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ ԱԹՍ-ներն ունեն առավելություն այն պարագայում, երբ հակառակորդ երկրի զինված ուժերն ունեն թույլ տեխնիկական հագեցում։ Մենք շատ կադրեր ենք հիշում, որտեղ երևում էր, թե ինչպես էին թուրքական բայրաքթարներն առանց արգելքի թռչում և հարվածում ՀՀ զինված ուժերին»։
Հարցին՝ ինչի՞ վրա պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնեն այս ոլորտում աշխատող հայ մասնագետները, Մաքսիմ Կոնդրատևը պատասխանեց․ «Նախ պետք է լինի զինված ուժերում անօդաչու ավիացիայի առանձին ստորաբաժանում։ Դա մի ամբողջ ենթակառուցվածք պիտի լինի»։
Կարդացեք նաև
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանը ՌԴ-ից գնի ԱԹՍ-ներ, փորձագետը պատասխանեց․ «ԶԼՄ-ներում չեմ տեսել հաղորդագրություն այդ մտադրության մասին։ Ես կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ նման բանակցություններ չկան։ Ավելին, մամուլի վերջին հրապարակումները խոսում են այն մասին, որ ՀՀ ԶՈՒ-ն 20 ամերիկյան հետախուզական ԱԹՍ համակարգեր է գնել։
Դա վկայում է այն մասին, որ ՀՀ ԶՈՒ-ն արևմտյան կազմակերպությունների կողմ է նայում։ Եթե հայկական կողմը գնում է ամերիկյան ԱԹՍ-ներ, այսինքն՝ ռազմատեխնիկական համագործակցության դաշինքի ուղին երկիրն արդեն ընտրել է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































