«Լարսը բացվել է, արդեն մատակարարումներ կան, մի քանի օրից հեղուկ գազի գինը կսկսի իջնել»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։ Նա նշեց, որ Վերին Լարսի անցակետը փակ էր եղանակային պատճառներով, քաղաքական հարց չկա այստեղ։
«ՀՀ-ում հեղուկ գազ մատակարարում են 100-ից ավելի տնտեսվարող սուբյեկտներ, որեւէ մեկը չի գերազանցում 10 տոկոս շեմը, այսինքն՝ դաշտը խիստ մրցակցային է։ Եվ տեսականորեն որեւէ մեկը չի կարող գերիշխող դիրք չարաշահել, իսկ օրենքն ամբողջ աշխարհում արգելված է 10 տոկոսից ներքեւ որեւէ տնտեսվարողի նկատմամբ որեւէ պրոցես գեներացնել։ Եթե դաշտը խիստ մրցակցային է, այսինքն՝ չկա խոշոր տնտեսվարող սուբյեկտ, որը կարող է արհեստական դեֆիցիտ ու խնդիր ստեղծել, նշանակում է մրցակցային հարցերով զբաղվող որեւէ կառույց չի կարող միջամտել։ Մենք մանրամասն ուսումնասիրում ենք, ՌԴ-ից է մատակարարվում գազը, եւ չէր եկել, քիչ էր։ Դրա համար այն մարդիկ, ովքեր ունեին քիչ քանակի գազ, որպեսզի արագ չսպառվեր, իրենց գազի գինը բարձրացրել էին»,- ասաց Գեղամ Գեւորգյանը։
Գեղամ Գեւորգյանն անդրադարձավ նաեւ բենզինի գներին, նա ասաց, որ չեն կարող վարույթ հարուցել այն դեպքերում, երբ որեւէ տնտեսվարող Ադրբեջանից ներկրած բենզինը թանկ գնով է վաճառում։
«Մենք երեք դատական գործ պարտվել ենք առաջին ատյանի դատարանում, որովհետեւ դատարանը կարծել է, որ երբ բենզինի գները բարձրացրել էին, մենք սխալ ենք պատկերացրել, դա բարձր չէ։ Հիմա մենք վերաքննիչ բողոք ենք տանելու»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































