📢Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը՝ «Գործարարության ոլորտում զարգացման նոր հնարավորություններ՝ համագործակցության մեկնարկ» խորագրով։
ℹ️Նորաստեղծ խորհուրդը միավորում է գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական միավորումների ներկայացուցիչներին և անկախ փորձագետներին՝ նպատակ ունենալով ձևավորել համագործակցության արդյունավետ հարթակ՝ ոլորտում առկա խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված համակարգային մոտեցումների մշակման համար։
✅Նիստը բացել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնը։
🎙️Բացման խոսքում Պաշտպան Անահիտ Մանասյանը շեշտել է, որ գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ աշխատակազմի առաջնահերթություններից է և 2026 թվականից՝ ընդգծելով նման ինստիտուցիոնալ հարթակի ձևավորման կարևորությունը։
Կարդացեք նաև
🔸«Գործարարության ոլորտում իրավունքների արդյունավետ պաշտպանությունը ոչ միայն անհատների իրավունքների երաշխավորման, այլև երկրի տնտեսական կայուն զարգացման հիմնարար նախապայման է։ Խորհուրդը պետք է դառնա համագործակցության գործուն հարթակ՝ ուղղված խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանն ուղղված գործնական առաջարկների ձևավորմանը»,- նշել է Պաշտպանը։
➡️Անահիտ Մանասյանը նաև ընդգծել է, որ ոլորտային խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն համատեղ աշխատանքի, գործընկերային վստահելի հարաբերությունների և տարբեր դերակատարների ակտիվ ներգրավման պայմաններում։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվել է Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի դերը՝ որպես կարևոր գործընկեր։
🗣️Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Բաբկեն Թունյանը և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուստամ Բաքոյանը։ Նրանք կարևորել են համագործակցության այս ձևաչափը և պատրաստակամություն հայտնել աջակցել ոլորտում առկա խնդիրների լուծմանը՝ այդ թվում օրենսդրական նախաձեռնությունների միջոցով։
➡️Նիստի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները և մասնագիտական փորձը՝ անդրադառնալով ոլորտում առկա առանցքային խնդիրներին։
➡️Քննարկումների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության գործնական մեխանիզմների կատարելագործմանը։ Մասնակիցները քննարկել են վարչական վարույթի և վարչարարության, քրեական վարույթի, ինչպես նաև աշխատանքային իրավունքի ոլորտներում առկա օրենսդրական և գործնական խնդիրները՝ նախանշելով առաջնահերթ քայլեր։
➡️Ամփոփելով նիստը՝ Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և ընդգծել նման քննարկումների շարունակականության կարևորությունը։
📌Նիստը եզրափակվել է հետագա համագործակցության ուղղությունների նախանշմամբ։ Ստեղծված հարթակը միտված է դառնալու բաց և ներառական երկխոսության տարածք, որտեղ տարբեր ոլորտների ներկայացուցիչները համատեղ կձևավորեն գործնական լուծումներ՝ ուղղված գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ



















































