Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

«ԵԽ բանաձեւն ապացուցում է, որ Արցախի հարցը բաց է, մարդիկ պետք է վերադառնան իրենց հայրենիք, իրենց օջախներին տիրություն անեն»․ Վահրամ Բալայան

Մայիս 01,2026 13:23 Share

«Առավոտ»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։

Պարոն Բալայան, Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձեւ, որով նաեւ վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո։ ԵԽ-ն նաեւ կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար պատասխանատուներին և իրականացնել միջազգային գնահատման առաքելություն, ինչպես նաեւ կոչ է անում անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին։ Այս հերթական բանաձեւն ի՞նչ է փաստում, Արցախի ու արցախցիների իրավունքների հարցերը միջազգային հանրության ուշադրության կենտրոնո՞ւմ են շարունակում մնալ։

-Չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց, որի կազմում էր Ֆրանսիան, որը ներկայացնում է եվրոպական ընտանիքը, բայց այդ տեսանկյունից գործընթացն ավարտված չի համարվում, որովհետեւ 2020-2023 թվականների իրադարձություններից հետո իրենք հասկացան, որ ուժերի բալանսի հետ կապված շատ բան փոխվեց ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում։

2020 թվականի Ղարաբաղյան երրորդ պատերազմը շարունակվեց 2023 թվականի իրադարձություններով եւ ավարտվեց արցախահայության բռնի տեղահանությամբ։ Ես այսպես եմ գնահատում, որ դա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ էր, դրանից հետո տեսանք, թե դեպքերն ինչ զարգացումներ ունեցան թե եվրոպական ճակատում՝ նկատի ունեմ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը, թե Մերձավոր Արեւելքում։ Դրան հաջորդեց Իրան-ԱՄՆ հակամարտությունը։ Այսինքն՝ հակամարտությունները մեկը մյուսին հաջորդում են, եւ դա խորանում է, նորանոր երկրներ են ներգրավվում այդ ամենում։

Սրանք այն զարգացումներն են, որոնք այդ գործիչներին հուշում են, որ պետք է  վերադառնալ եւ նորից բալանսը վերականգնել, որովհետեւ նախկինում եղած ազդեցության գոտիներն ինչ-որ տեղ բալանսը պահում էին, եւ խաղաղություն էր տիրում՝ ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում։ Այս ամենից ելնելով՝ այն գործիչները, որոնք քիչ թե շատ մտածում են, քննում են այդ ամենը, գտնում են, որ պետք է այս հարցերին լուծում տալ։

Եվ այդ հարցերի մեջ իր տեղն ունի նաեւ Արցախյան հիմնահարցը, այս բանաձեւը դրա ապացույցն է, որ Արցախի հարցը բաց է, մարդիկ պետք է վերադառնան իրենց հայրենիք, իրենց օջախներին տիրություն անեն։

Հիմա զանգվածաբար ոչնչացվում են արժեքները, որոնք բազում դարերի ընթացքում են ստեղծվել։ Դրանք ոչ միայն հայ մարդու ստեղծած արժեքներն են, այլեւ համաշխարհային նշանակության արժեքներ են, քրիստոնեական, համամարդկային նշանակության արժեքներ են։ Կարծում եմ, որ այս ամենը մտահոգում է այդ գործիչներին։ Եվ նրանք շատ լավ են հասկանում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալություններն ապօրինի են։ Փորձում են ինչ-որ գործեր կարել՝ փորձելով նրանց ներկայացնել այսպես կոչված «ահաբեկիչներ»։ Բայց այդ մարդիկ ապրել են իրենց հայրենիքում, ստեղծել են իրենց պետականությունը եւ որեւէ պահանջներ չունեն Ադրբեջանի տարածքների նկատմամբ, որովհետեւ Ադրբեջանի եւ Արցախի Հանրապետության տարածքներն իրար հետ որեւէ կերպ կապ չունեն։

Բոլորը շատ լավ գիտակցում են, որ ի դեմս Ադրբեջանի ժամանակի ընթացքում արհեստածին երկիր է ստեղծվել, որը հավակնություններ է ներկայացրել հայկական տարածքների, ամբողջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ակնհայտ է, որ նրանց ախորժակն ուտելուց է բացվում եւ անընդհատ նոր տարածքներ նվաճելով՝ ցանկություն ունեն ավելի ուժեղանալ։ Եվ եվրոպացիները շատ լավ տեսնում են, որ այդ ամենը բերում է նոր հակամարտությունների եւ հղի է ավելի լայնամասշտաբ հակամարտություն դառնալու իրողություններով։

-Երբ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ արցախցիների վերադարձի հարցը բանակցության թեմա չի դարձնում, պատմամշակութային ժառանգության հարցերը եւս չեն պատրաստվում բարձրաձայնել միջազգային հարթակներում, հնարավո՞ր է այս հարցերում հասնել ինչ-որ արդյունքի, եթե Հայաստանը պաշտոնապես աշխատանք չի իրականացնում։

-Ոչ, որովհետեւ վերջիվերջո Հայաստանի Հանրապետությունը աշխարհի կողմից ճանաչված պետություն է եւ ժամանակի ընթացքում եղել է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Ավելին ասեմ, վերջիվերջո աշխարհը լավ է գիտակցում, որ այդ տարածքները հայկական տարածքներ են, եւ այսօր այդ ամենի տերը պետք է լինի ՀՀ-ն։ Եվ հենց ՀՀ-ն պետք է հայ ժողովրդի շահերը պաշտպանի, այս երկիրը պետք է ներկայացնի բոլոր հայերի շահերը, որպեսզի հայահավաք կենտրոն դառնա։

Ամեն հայ պետք է զգա, որ իր հայրենիքն այստեղ է, իր հայրենիքի մայրաքաղաքը Երեւանն է։ բոլորը պետք է կենտրոնանան այդ օջախի շուրջը, որպեսզի հզոր ու պինդ լինեն։ Ցավոք սրտի, իշխանությունների կողմից այսօր այս քաղաքականությունն է վարվում եւ այդ ամենը ներկայացվում է, որ նոր պատերազմ կլինի։ Մինչդեռ, կյանքը միշտ էլ ապացուցել է, որ որքան էլ զիջողաբար ես վերաբերվում, քեզանից ավելի շատ են պահանջում։

Եթե համեմատություն անենք 1918-1920 թվականների զարգացումների հետ, համարյա նույն սցենարն է, որ մի քիչ զիջում ես, ավելին են ուզում, որովհետեւ հակառակորդդ այլ նպատակներ ունի եւ դա չի էլ թաքցնում։ Ես համոզված եմ, որ ՀՀ իշխանություններն էլ են դա տեսնում, բայց իրենք կանգնել են այդ գծի վրա եւ չեն ուզում դուրս գալ այդ գծից։

Իհարկե, ցանկալի է, որ հարեւաններիդ հետ ունենաս հարաբերություններ, բայց տեսեք՝ այսքան զիջումներից հետո էլ Թուրքիան սահմանը չի բացում։ Այսինքն՝ եթե իսկապես բարի կամեցողություն ունեն, սահմանը կբացեն, բայց ոչ, իրենք ուզում են հնարավորինս ավելին ստանալ։ Իսկ այդ ավելինը նշանակում է ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Ապառաժի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031