«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ, Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։
–Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը, օրերս տեղեկություն եղավ, որ ոչնչացվել է նաեւ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի պատրաստվում այս հարցերը բարձրաձայնել միջազգային հարթակներում։ Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների գործողությունները։
-2023 թվականից հետո ՀՀ իշխանությանը չեն հետաքրքրում Արցախի մշակութային ժառանգության խնդիրները։ Փաստացի այն, ինչ այս օրերին ՀՀ իշխանությունները հայտարարեցին, 2023 թվականի վերահաստատումն էր, դա սպասելի էր, ուրիշ բան չի կատարվել։
Իսկ Ադրբեջանը բոլոր կարմիր գծերը վաղուց է հատել, իրենք հայտարարել են, որ 1994 թվականից հետո Արցախում կառուցված բոլոր շենք-շինությունները, այդ թվում՝ հոգեւոր պաշտամունքային կառույցները կառուցվել են «Ադրբեջանի օրենսդրության խախտումներով, անօրինական ձեւով եւ ենթակա են ոչնչացման»։ Իրենք արդեն այդ այսպես կոչված տեղեկատվական հիմնավորումը ստեղծել էին։
Կարդացեք նաև
Եվ Ստեփանակերտի երկու եկեղեցիների ոչնչացումը հենց այդ քաղաքականության շարունակությունն է։ Սկզբում ոչնչացրեցին Արցախի Ազգային ժողովի շենքը, Ազատամարտիկների միության շենքը, Ստեփանակերտում տեղադրված հուշակոթողները, օրինակ՝ Շառլ Ազնավուրին նվիրված հուշակոթողը եւ այլն։
Բացի դրանից, իրենք նաեւ ոչնչացնում են 19-րդ դարում կառուցված մեր կառույցները, օրինակ՝ Ստեփանակերտի պատմական թաղամասը, որտեղ կային 1870-ական թվականներից պահպանված տներ։ Խոսքը Մարտունի եւ Թումանյան փողոցների պատմական թաղամասերի մասին է, որոնք այսօր չկան՝ մոտ 20-22 հա տարածք չկա։ Չկան նաեւ խորհրդային ժամանակաշրջանի շենք-շինությունները, օրինակ՝ Սարոյան, Գարեգին Նժդեհ փողոցների վրա։ Այդ բոլորը ոչնչացված են, եւ տեղը ինչ-որ «հաղթանակի պուրակ» են կառուցել։
Ոչնչացված է նաեւ 19-րդ դարի եկեղեցներից ամենանշանակալիցը՝ Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ Կանաչ ժամը։ Ոչնչացվել է նաեւ Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին։ Էլ չենք խոսում հարյուրավոր մոնումենտալ արվեստի հուշարձանների մասին՝ դրանք խաչքարերն են, տարբեր պատերազմներում զոհվածներին նվիրված հուշահամալիրները, որոնք բոլորը ոչնչացնելով գնում են։
Թեեւ իրենք մեր միջնադարյան ճարտարապետական կոթողները հայտարարել են «աղվանական», բայց հաստատ համոզված ենք, որ վիմագիր արձանագրությունները կջնջեն, խաչքարերը կոչնչացնեն, ձեւափոխումներ կկատարեն կամ անխնամ կթողնեն, որպեսզի քայքայվեն, ինչի փորձն իրենք ունեն։
–Այսինքն՝ Ադրբեջանի նպատակն Արցախից ամբողջ հայկական հետքը վերացնե՞լն է։
-Այո, միանշանակ, դա այդպես է, պլյուս հայկական պատմական լանդշաֆտի ոչնչացումը, որի վառ վկայությունը Արցախի ամբողջական գյուղերի ոչնչացումն է։ Օրինակ՝ Շուշիի շրջանի Քարինտակ գյուղը, Շուշիի շրջանի Լիսագոր գյուղը, Հադրութի շրջանի Խծաբերդ, Թաղոտ, Մայրամաձոր, Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղերը։ Սղնախ գյուղի մեծ մասը՝ գերեզմանոցի հետ միասին, չկա։ Մեծ Թաղեր գյուղի մի ամբողջ թաղամաս ոչնչացված է՝ ճանապարհ կառուցելու անվան տակ։ Այնքան են տարվել դրանով, որ նույնիսկ Քաշաթաղի շրջանում՝ Այգեկ գյուղի մոտակայքում ճանապարհի եզրին գտնվող իսլամական մշակույթին պատկանող 19-րդ դարի մզկիթ-աղոթատունն են ոչնչացրել։ Այսինքն՝ իրենք չեն նայում՝ քրիստոնեական է, թե՞ մահմեդական, եթե իրենց խանգարում է, ոչնչացնում են։
–Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում, եթե Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե չի պատրաստվում Ադրբեջանի իշխանությունների այս հանցագործությունների մասին բարձրաձայնել միջազգային հարթակներում։
-Ճիշտ է, մենք՝ հասարակական կազմակերպությունները, ակադեմիական շրջանակները, անհատները, Սփյուռքում գործող կառույցները ահազանգում ենք այս մասին, այդ թվում՝ արտերկրում, բայց եթե չկա պետական քաղաքականություն, որոշակի դժվարությունների ենք հանդիպում։ Առանց պետական աջակցության շատ դժվար աշխատանք պետք է կատարվի, շատ դժվար կլինի արդյունքներ արձանագրել։
Ես մեկ օրինակ բերեմ՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը 2022 թվականին ՄԻԵԴ դիմում ներկայացրեց Հադրութի Սուրբ Հարություն եւ Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցիների վանդալիզմի դեպքերով։ Ադրբեջանը Քարինտակ գյուղը ոչնչացրել է, բայց եկեղեցին պահպանել, որովհետեւ գործը գտնվում է ՄԻԵԴ-ում։ Այսինքն՝ գործընթաց է գնում, Ադրբեջանը նույնիսկ որպես արդարացում ներկայացրել էր Սուրբ Աստվածածին եկեղեցու լուսանկարները՝ ասելով, որ՝ տեսեք, շենքը կանգուն է։ Բայց արդեն սուրբ սեղանը չկար, վարագույրները չկային, կար տեսանյութ, որ մահմեդական աղոթք էին հնչեցնում եկեղեցում, որը նույնպես վանդալիզմի տարրերից մեկն է։
Հայաստանի իշխանության այս լռության հետեւանքով Ադրբեջանն ավելի սանձարձակ կդառնա, ձեռքը բռնող չկա, ինչ ուզում, անում է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































