Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ Երեւանում կանցկացվեն բողոքի ցույցեր։ Ցույցեր են կազմակերպել նաեւ արցախցիները։ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության մեջ նշված է, որ այս հնարավորությունը կարևոր են համարում օգտագործել՝ բարձրաձայնելու արցախցիների համար կենսական նշանակություն ունեցող հարցերը։ Ցույցը կմեկնարկի մայիսի 4-ին՝ ժամը 08։45-ին, Թումանյանի այգու մուտքի մոտ։ Օրվա ընթացքում նախատեսվում են շարունակական խաղաղ գործողություններ։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «Մենք ենթադրում ենք, որ գագաթնաժողովի անցկացման վայրին շատ մոտ լինել կամ հասանելիություն ունենալ չենք կարող, մանավանդ որ վերջին օրերին տարածվել է տեղեկատվություն, որ դեպի այդ կողմ տանող հիմնական փողոցները փակ են լինելու։ Բայց առավոտյան 9-ից սկսած Թումոյի այգու հատվածում ակցիա է իրականացվելու։ Ընդ որում, ոչ միայն արցախցիներն են այնտեղ լինելու, այլ բավականին լայն համախմբում է եղել տարբեր հասարակական ու իրավապաշտպան խմբերի միջեւ։ Տեղեկացված եմ, որ մասնակցություն են ունենալու նաեւ գերիների ու անհետ կորածների հարազատները, բոլոր այն մարդիկ, ովքեր Մարզահամերգային համալիրում հավաքվածներին ասելիք ունեն»։
Նա նշեց, որ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներն են նաեւ կապվել իր հետ և տեղեկացրել, որ իրենք եւս լուսաբանելու են ցույցը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արցախի Ազգային ժողովն էլ հայտարարությամբ է հանդես եկել՝ դիմելով համաժողովի մասնակիցներին եւ կոչ անելով միջազգային կառույցների կողմից հասցեական գնահատական տալ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությանը և մշակութային վանդալիզմին՝ ճանաչելով դրանք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներ։ Ինչպես նաեւ կոչ են անում գործադրել քաղաքական ճնշում Բաքվի նկատմամբ՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































