Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին տարիներին մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները շատ պետությունների կհասցնեին կաթվածի ու փլուզման եզրին»․ Արարատ Միրզոյան

Մայիս 05,2026 13:28 Share

«Միջազգային իրավունքն ու գլոբալ աշխարհակարգը պարզապես ճնշման տակ չեն, դրանք ակտիվորեն քանդվում են։ Մենք ականատես ենք լինում վտանգավոր մի տեղաշարժի, երբ ուժի իրավունքը միտում ունի փոխարինել իրավունքի ուժին։ Աշխարհակարգը պահպանելու համար ստեղծված բազմակողմ ինստիտուտները բախվում են իրենց ազդեցությունն ապահովելու բարդություններին մի աշխարհում, որն այլեւս չի սպասում նրանց վճռին։ Միջուկային հռետորաբանությունը, որը նախկինում սահմանափակված էր սառը պատերազմի ամենամեծ սենյակներով, վերադարձել է քաղաքական դիսկուրս, ինչը պետք է անհանգստացնի բոլորին»,- Հայաստանում անցկացվող «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ Հայաստանը գիտի, թե ինչ է նշանակում լինել փոթորկի կենտրոնում։ «Վերջին տարիներին մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներն ու դժվարությունները շատ պետությունների կհասցնեին կաթվածի ու փլուզման եզրին։ Ուստի, ցանկանում եմ կիսվել որոշ եզրահանգումներով։ Երբ պետությունդ հայտնվում է նման ալեկոծության մեջ, պատմությունն առաջարկում է երեք հիմնական ուղի։ Առաջինը մեկուսացումն ու օտարումն է, սա մի կողմ քաշվելու եւ գործողություններից խուսափելու ընտրություն է՝ հույս ունենալով, որ փոթորիկներից հեռու մնալով՝ դրանք քեզ կշրջանցեն, իսկ հարմարավետության գոտին եւ ստատուս քվոն կպահպանվեն։ Կյանքը ցույց է տալիս, որ նման մեկուսացումը չի պաշտպանում, այն պարզապես կտրում է պետություններին իրականությունից՝ դարձնում անպատրաստ եւ առավել խոցելի։ Եվ փուչիկն ի վերջո պայթում է։ Երկրորդը փոթորկին տրվելն է։ Այս դեպքում իրականացվում են անարդյունավետ, սխալ եւ հյուծող գործողություններ»,- ասաց Միրզոյանը։

Երրորդ ուղին, նրա խոսքով, հետեւյալն է՝ անցնել փոթորիկների միջով, առաջնորդվել պրագմատիկ մոտեցմամբ ու ապագային միտված տեսլականով՝ ուղիղ առերեսվելով իրականությանը։ Նրա խոսքով՝ պետք է գիտակցել, որ անկայուն աշխարհում գոնե որոշակի կայունություն ապահովելու միակ ճանապարհը ղեկը սեփական ձեռքը վերցնելն է եւ հստակ գործուն ռազմավարությամբ առաջ շարժվելը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Եվ, այո, թեեւ հաջողությունն այս պարագայում ամենեւին հաստատուն չէ, սակայն առաջին երկու տարբերակները հաստատապես կործանարար են։ Մենք՝ ՀՀ-ն մեր նորագույն պատմության ընթացքում անցել ենք այս երեք ճանապարհներով, թեւակոխել ենք այս երեք փուլերը։ Սակայն, երբ եկավ ճգնաժամը, եւ այդ երեւակայական անվտանգությունը փլուզվեց, մենք հայտնվեցինք մի հորձանուտում, որտեղ, չնայած մեր համառ ջանքերին, մեզ ձգում էին անդունդ։ Եվ այդժամ ինչ-որ պահի մենք որոշեցինք դուրս գալ պատմության այդ արատավոր շրջապտույտից, չհետեւել այն ուղուն, որն ուրիշներն էին կանխորոշել մեզ համար, այլ ստանձնել պատասխանատվություն մեր սեփական ճակատագրի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ կայացնելու համար։ Չմնալ անցյալում, այլ նայել առաջ՝ կառուցելով ժամանակակից, ժողովրդավար եւ զարգացած հասարակություն՝ իրական ինքնիշխանությամբ եւ հստակ սահմանված տարածքային ամբողջականությամբ մի պետություն։ Եվ հենց այդ պահին ծնունդ առավ իրական Հայաստանի գաղափարը։ Երբ թվում էր, թե տարբեր փոթորիկների ազդեցությամբ շուրջբոլորն ամեն ինչ քանդվում է, մենք հաստատեցինք խաղաղություն»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031