Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ 2026 թվականի մայիսի 5-ին Երևանում, նշանավորվեց պատմական նշանակություն ունեցող Համատեղ հռչակագրի ընդունմամբ: Այս փաստաթուղթը սահմանում է երկկողմ հարաբերությունների խորացման և ռազմավարական գործընկերության նոր հորիզոններ:
Հռչակագրի ամբողջական տեքստը՝ «Ա1+»-ի ոչ պաշտոնական թարգմանությամբ.
Համատեղ հռչակագիր ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով
5 մայիսի 2026թ., Երևան
Կարդացեք նաև
Մենք՝ Հայաստանի Հանրապետության (Հայաստան) և Եվրոպական միության (ԵՄ) առաջնորդներս, 2026 թվականի մայիսի 5-ին Երևանում անցկացրեցինք Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը և եզրակացրեցինք հետևյալը.
- ԵՄ-ն ճանաչում է հայ ժողովրդի եվրոպական ձգտումները, որոնք խարսխված են 2025 թվականի մարտի «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի» ընդունման վրա՝ արտահայտելով երկրի մտադրությունը շարժվել դեպի ԵՄ:
- Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանի ապագան պետք է որոշվի նրա քաղաքացիների կողմից՝ ազատ և ժողովրդավարական ճանապարհով:
- Մենք ընդունում ենք Հայաստանի հանձնառությունը՝ կառուցելու խորը և կայուն ժողովրդավարություն, ինչպես սահմանված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (CEPA) և ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգում: Այս փաստաթղթերը տալիս են հավակնոտ քաղաքական շրջանակ, որն առաջնորդելու է մեր համագործակցությունը գալիք տարիներին: Այս համատեքստում էական է ընդգծել քաղաքացիական հասարակության դերը երկկողմ պարտավորությունների իրականացման մշտադիտարկման գործում:
- Մենք ողջունում ենք 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում հաջողությամբ անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը:
- Հայաստանը և ԵՄ-ն կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով և միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ իրենց հանձնառությամբ: Մենք վերահաստատում ենք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքները: Մեր երկկողմ հարաբերությունների խորացումը ներդրում է Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղության, կայունության և բարօրության գործում:
- Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն էլ ավելի ինստիտուցիոնալացնելու և խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն ապահովելու ջանքերը: Մենք նաև ողջունում ենք 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները և դրան հաջորդած քայլերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Բացի այդ, ԵՄ-ն լիովին աջակցում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ներառական վերաբացմանը՝ հիմնված ինքնիշխանության, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության, ինչպես նաև սահմանների անձեռնմխելիության և փոխադարձության սկզբունքների վրա: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) ներդրումը տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման գործում:
- Ուկրաինայի հարցում կողմերը մտահոգություն հայտնեցին շարունակվող պատերազմի կապակցությամբ, որը շարունակում է մարդկային հսկայական տառապանքներ պատճառել և ունի գլոբալ հետևանքներ: Մենք սատարում ենք բոլոր ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում համապարփակ, արդար և տևական խաղաղության հասնելուն՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա: ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
- Մենք քննարկեցինք Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին զարգացումները: Մենք վերահաստատեցինք դեէսկալացիայի, խաղաղ բնակչության պաշտպանության և միջազգային իրավունքը լիովին հարգելու անհրաժեշտության կոչը:
- 270 միլիոն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի պլանը շարունակում է առաջ մղել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգը: 2027 թվականից հետո ֆինանսական աջակցության հնարավոր ուղիները կարող են դիտարկվել՝ երկրի բարեփոխումների օրակարգին սատարելու համար:
- «Գլոբալ դարպաս» (Global Gateway) ռազմավարության շրջանակներում ակնկալվում է, որ ԵՄ ներդրումները Հայաստանում կհասնեն 2,5 միլիարդ եվրոյի:
- Մենք ողջունում ենք ԵՄ-Հայաստան փոխկապակցվածության գործընկերությունը՝ տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում: ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը: Միջազգային խաղաղության և բարօրության համար Թրամփի երթուղու (TRIPP) իրականացման առաջընթացը ճանաչվում է որպես առանցքային նախագիծ տարածաշրջանային փոխկապակցվածության համար:
- ԵՄ/ԵՏԳ ընկերություններին Հայաստանում ներդրումներ անելու կոչը մոբիլիզացնում է մասնավոր հատվածի ներդրումները:
- ԵՄ-Հայաստան փոխկապակցվածության բարձր մակարդակի երկխոսությունը կուժեղացնի ռազմավարական ներգրավվածությունը:
- Մենք ողջունում ենք ԵՄ-Հայաստան տրանսպորտային բարձր մակարդակի երկխոսության մեկնարկը և Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ընդլայնումը:
- ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ջանքերը էներգետիկ անվտանգության և դիվերսիֆիկացման ուղղությամբ, ներառյալ Սևծովյան ստորջրյա մալուխի նախագծի հեռանկարը:
- Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Փարիզի համաձայնագրին: ԵՄ-ն ողջունում է Հայաստանի մտադրությունը՝ միանալու Գլոբալ էներգետիկ անցման ֆորումին:
- Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը միջուկային անվտանգության ոլորտում շարունակական համագործակցության առումով։ Հայաստանը ողջունում է ԵՄ աջակցությունը՝ հայկական ատոմակայանի շահագործումից հանման ճանապարհային քարտեզի մշակմանը՝ Հայաստանի 2040 թվականի էներգետիկ ռազմավարությանը համապատասխան և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրում ուրվագծված համատեղ նպատակների համաձայն։
- Մենք կաշխատենք թվային ոլորտում համագործակցության ուժեղացման և էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման ուղղությամբ:
- ԵՄ-ն ողջունում է Հայաստանի մտադրությունը՝ միանալու Chips Joint Undertaking-ին (Chips JU):
- Մենք կուսումնասիրենք Արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համագործակցության հնարավորությունները՝ համահունչ ԵՄ ԱԲ ակտին:
- ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետաքրքրությունը՝ միանալու EuroHPC JU-ին:
- Մենք ողջունում ենք Վիզաների ազատականացման երկխոսության զգալի առաջընթացը և ընդգծում ենք Գործողությունների պլանի իրականացման կարևորությունը:
- Մենք սատարում ենք Հայաստանի և ԵՄ գործակալությունների (Europol, Eurojust, Frontex) միջև համագործակցության ամրապնդմանը:
- Մենք ողջունում ենք Frontex-ի հետ աշխատանքային պայմանավորվածության նախնական տեքստի ստորագրումը և ՀՀ գլխավոր դատախազության ու Եվրոպական հանրային դատախազության միջև համագործակցության բանակցությունների ավարտը:
- Մենք կուժեղացնենք համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ողջ շրջանակում:
- Մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում:
- Հայաստանում ԵՄ նոր Գործընկերության առաքելության հաստատումը կուժեղացնի երկրի ճգնաժամային կառավարման կարողությունները:
- Մենք ողջունում ենք Խաղաղության եվրոպական հիմնադրամի (EPF) շրջանակներում Հայաստանին տրամադրված 30 միլիոն եվրոյի ոչ մահաբեր օգնությունը:
- ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետաքրքրությունը ESDC-ի հետ համագործակցության ամրապնդման նկատմամբ:
- Մենք կխթանենք փոխանակումները կիբերանվտանգության և կիբերպաշտպանության ոլորտներում:
- Մենք ողջունում ենք գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը:
- Մենք ողջունում ենք ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելը:
- Մենք ողջունում ենք քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ վարչական պայմանավորվածության ստորագրումը:
- Մենք հանձնառու ենք ուժեղացնել համագործակցությունը ԵՄ պատժամիջոցների շրջանցումը կանխելու հարցում:
- Մենք ողջունում ենք ֆինանսական և տնտեսական ինտեգրման առաջընթացը:
- ԵՄ-ն մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը. մենք կաշխատենք արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացման ուղղությամբ:
- ԵՄ-ն ի գիտություն է ընդունում համապատասխանության գնահատման ընթացակարգերի մերձեցման Հայաստանի հավակնությունը:
- Մենք ողջունում ենք Մտավոր սեփականության իրավունքների մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
- ԵՄ-ն ողջունում է ԵՄ մաքսային և հարկային ծրագրերին միանալու Հայաստանի հետաքրքրությունը:
- Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը բարեփոխումների առաջմղմանը սոցիալական քաղաքականության, կրթության (Erasmus+), հետազոտությունների (Horizon Europe) և մշակույթի (Creative Europe) ոլորտներում:
- Մենք ողջունում ենք Հայաստանի միացումը հետազոտությունների և նորարարության ոլորտում միջազգային համագործակցության Բրյուսելի հայտարարությանը:
- ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետաքրքրությունը EU4Health ծրագրի նկատմամբ:
- Մենք ակնկալում ենք հետագա քայլերը Հայաստան-ԵՄ գործընկերության առաջմղման համար:

















































