Հայաստանում առցանց եղանակով խաղադրույքները 35 անգամ աճել են վերջին ութ տարիների ընթացքում․ այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց իշխող ուժի պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Քննարկվում էր նրա ներկայացրած նախագիծը՝ առցանց կազինոներում խաղադրույքներ կատարելու սահմանափակումներ մտցնելու մասին։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը դրական արձագանքեց իշխող ուժի պատգամավորի նախաձեռնությանը եւ նկատեց՝ անգամ այս կարգավորումները հիմնական լուծում չեն տալիս խնդրին․ «Միայն խաղադրույքների ծավալը վերջին 8 տարիների ընթացքում 25 անգամ աճել է, բայց հարկերի տեսքով մեծ աճ չկա։ Այդ խաղատները գերշահույթներ են ստանում։ Միայն 2025 թվականին 7, 42 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել, բայց վճարած հարկերը մեկ տոկոս էլ չեն կազմում։ Մտածել, որ առցանց կազինոները փակելու ենք մեր տնտեսությունն ավերվելու է՝ այդպես չի։ Ու պետք է հասկանանք՝ ո՞ւմ շահը պետք է սպասարկի պետությունը՝ քաղաքացո՞ւ, թե՞…»։
Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ այս հարցով իր առաջարկած նախկին փոփոխությունների արդյունքում հարկերը մի փոքր հաջողվել է ավելացնել․ այս տարի 23 միլիարդ ավել հարկ են վճարելու չորս կազմակերպությունները միասին վերցրած։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հայկ Սարգսյանն առաջարկում է նաեւ շեմ սահմանել եւ անձն իր տարեկան եկամտի 20 տոկոսից ավելին հնարավորություն չունենա խաղադրույք կատարել։ Կառավարությունն առաջարկում է 25-30 տոկոս․ այս հարցի շուրջ դեռ համաձայնություն չկա, քննարկում են։ Ուստի, այս մասով Ագնեսա Խամոյանի հարցերին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը պատասխաններ չտվեց, որպեսզի չկաշկանդի քննարկումների հետագա ընթացքը։ Բայց ընդդիմադիր պատգամավորի տեսակետը կիսում է՝ պետության գերնպատակը քաղաքացու պաշտպանությունը պետք է լինի։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը այն կարծիքին է, որ պետությունը պետք է ուղիղ քայլերով գնա առցանց կազինոների կտրուկ սահմանափակմանը, բայց այն հավելյալ արժեքը, որը ստեղծում է խաղային ինդուստրիան, Հայաստանում պետք է շարունակի գոյություն ունենալ։ Իհարկե, դա չպիտի լինի ի հաշիվ խաղամոլության։ Այս իմաստով, խաղային ոլորտի օպերատորի մուտքը, վստահ է, խնդիրն էականորեն կլուծի։ Մրցույթը հայտարարված է, շուտով օպերատորը մուտք կգործի շուկա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































