Հայաստանում պետք է լինի իրական ժողովրդավարություն: Հայաստանում պետք է լինի իրական խաղաղություն: Այսօր նախագահական նստավայրի դիմաց անցկացված բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ երիտթեւի նախագահ Հենրիխ Դանիելյանը:
Հետո դիմեց Երեւանում գտնվող այն եվրոպացի պաշտոնյաներին, որոնք Հայաստան են եկել՝ մասնակցելու Երեւանում անցկացվող գագաթնաժողովին. «Բարի գալուստ ձեզ, բայց պետք է իմանաք իրականությունը: Այն իրականությունը, որն ապրում է հայ հասարակության սրտերում: Այն իրականությունը, որի ականատեսն են լինում հայ երիտասարդները, որոնք խոսքի համար կալանավորվում են: Այն լրագրողները, որոնք կտտանքների են ենթարկվում եւ քաղաքական հետապնդման են ենթարկվում օրվա իշխանությունների կողմից: Այն քաղաքական գործիչները, որոնք իրենց քաղաքական հայացքների պատճառով հայտնվում են բանտերում, այն հոգեւորականները եւ այն եկեղեցականները, որոնք հետապնդման են ենթարկվում եւ ում նկատմամբ անմարդկային քայլեր են ձեռնարկվում»:
Դանիելյանի խոսքով՝ օրվա իշխանությունները ժողովրդավարության քողի տակ թաքցնում են այն իրականությունը, որի մասին իրենք են խոսում. «Հայաստանում ժողովրդավարությունը եւ խոսքի ազատությունը շղթաների մեջ են եւ այն վարդագույն քաղաքական իրավիճակը, որը ձեզ ներկայացվում է, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանում բանտերը լցված են քաղաքական գործիչներով: Քաղաքականությամբ զբաղվելը երիտասարդների համար վտանգավոր է, որովհետեւ կարող են հայտնվել բանտում… Հայաստանում չկա ժողովրդավարություն, կա ժողովրդավարության ու խոսքի ազատության իմիտացիա»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































