Լրահոս
Օրվա լրահոսը

Մակրոն. Խորապես տպավորված ենք այն ժողովրդական ջերմ ընդունելությունից, որին արժանացել է Ֆրանսիան

Մայիս 05,2026 17:48 Share

Տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Արարողության շրջանակում հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը,  այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հաջորդիվ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը։

Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի Հանրապետության  նախագահին և նրա  գլխավորած պատվիրակությանը՝ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու առիթով։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան ժողովրդական էր, որովհետև վերջին երկու օրերին Էմանուել Մակրոնը մեծ երջանկություն է պատճառել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում գտնվող բազմաթիվ օտարերկրյա հյուրերի։  «Նրանք առիթ են ունեցել Ձեզ հետ շփվելու, լուսանկարվելու, իրենց սերը Ձեր նկատմամբ արտահայտելու և, իհարկե, զգալու նաև Ձեր սերը իրենց նկատմամբ։ Եվ սա կարծում եմ, որ իսկապես մի նոր էջ է, ոչ միայն մեր՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով, այլև նոր էջ է պետական այցերի և ընդհանրապես այցերի արարողակարգային տրամաբանության մեջ։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև ակնհայտ է, որ այդ գործողություններով, արտահայտելով մեր երկկողմ հարաբերությունների  բարձրագույն մակարդակը, Դուք ապացուցեցիք, որ այդ բարձրագույն մակարդակը ոչ միայն պետական ինստիտուտների մակարդակով է արտահայտվում, այլև արտահայտվում է մեր ժողովուրդների մակարդակով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ  այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին Հայաստանի մայրաքաղաքում, երկար կմնա ՀՀ քաղաքացիների և  բոլորիս հիշողության մեջ։

Վարչապետի խոսքով՝ պետական այցին շրջապատող էմոցիոնալ ֆոնն ամբողջությամբ արտահայտում է այն  մակարդակը, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև «Եվ մեծարգո պարոն նախագահ, ուզում եմ ընդգծել ևս մեկ անգամ առիթն օգտագործելով, իմ գնահատանքի խոսքերն ասելու Ձեզ այս հանգրվանի համար, որովհետև ես, իմանալով այս ամբողջ պատմությունը ներսից, գիտեմ, որ Դուք եք այն ներդրման հեղինակը, որը մեզ հնարավորություն է տվել այսպիսի հարաբերություններ ունենալ ոչ միայն միջպետական մակարդակում, այլև այսպիսի վերաբերմունք ձևավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում Ձեր նկատմամբ»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ՀՀ  քաղաքացիները  զգում են այդ մեծ աջակցությունը, բարեկամությունը և սերը,  և անուրանալի է համարել այդ ներդրումը, որն արդեն  իր տեղն ունի Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ «Ես ուզում եմ կրկին իմ շնորհակալության և երախտիքի խոսքերն արտահայտել Ձեզ և արտահայտել իմ անսահման ուրախությունը, որ, ի վերջո, պետական այցը, որը երկար սպասվում էր, Դուք գիտեք, որ միշտ սպասված հյուր եք Հայաստանի Հանրապետությունում, բայց այդ այցը եղավ հիմա և այդ այցն իր հետ բերեց նոր երանգներ, այսպիսով, ես կարծում եմ, դիվանագիտական փորձի մի նոր էջ բացելով  և արձանագրվելով՝ որպես առաջին պետական ժողովրդական այց, ինչի կապակցությամբ մեզ բոլորիս շնորհավորում եմ»,-ամփոփել է վարչապետ Փաշինյանը։

Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար «Ես արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշել, որ այս պետական այցը մեզ համար ինքնին մեծ նշանակություն ունի։ Նախ և առաջ մենք խորապես տպավորված ենք այն ժողովրդական ջերմ ընդունելությունից, որին արժանացել է Ֆրանսիան, ինչպես նաև այն հաջողությունից, որն այս այցը ներկայացնում է Հայաստանի համար՝ թե՛ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, թե՛ առաջին անգամ անցկացվող Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի համատեքստում։ Ուստի մենք ուղեկցում և աջակցում ենք այս ամբողջ գործընթացին, որը ձեր աշխատանքի և հանձնառության արդյունքն է, և դուք գիտեք, որ Ֆրանսիան լինելու է ձեր կողքին։ Կարծում եմ՝ չափազանց կարևոր է շարունակել այս գործընթացը»։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ  այս պետական այցի շրջանակում կստորագրվեն  մի շարք կարևոր համաձայնագրեր, որոնք ամբողջությամբ տեղավորվում են այն ռազմավարական գործընկերության շրջանակում, որը միասին պատրաստվում են ձևակերպել։ «Սակայն նույնքան կարևոր է, որ այս ամենից անդին գործընթացները շարունակվեն անշեղ առաջընթացով, հատկապես պաշտպանության և անվտանգության ոլորտներում, որտեղ անհրաժեշտ է շարունակաբար ամրապնդել ձեռքբերումները։ Դա կարևոր է թե՛ վերապատրաստումների, թե՛ համագործակցությունների, թե՛ սպառազինության առումով»,-ասել է Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ նույնքան կարևոր է ամրապնդել համագործակցությունը նաև տնտեսական հարաբերությունների և ներդրումների ոլորտներում։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ առաջիկայում նախատեսվում են նոր համագործակցություններ տարբեր ոլորտներում՝ սկսած արհեստական բանականությունից մինչև հանրային քաղաքականությունների իրականացմանը ցուցաբերվող աջակցություն․ «Դուք գիտեք, թե որքան մեծ է մեր աջակցությունը, և այն վերջին տարիներին զգալիորեն աճել է՝ լինի դա Ֆրանսիայի զարգացման գործակալության, թե այլ կառույցների միջոցով։ Եվ մենք ցանկանում ենք այն էլ ավելի ամրապնդել՝ ավելի մեծ ներդրումային տրամաբանությամբ»։

Էմանուել Մակրոնի կարծիքով՝ այս այցը միաժամանակ արտացոլում է երկու երկրների միջև հարաբերությունների ամրությունն ու ժամանակի ընթացքում ձևավորված խորությունը,  ինչպես նաև  միավորող բարեկամությունը, այն կարևոր փուլը, որով անցնում են և որն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։ «Սա մի գործընթաց է, որը մենք ուղեկցում ենք և որին հավատում ենք։ Այն պետք է նաև բացի նոր հեռանկարներ ապագայի համար, և դա մեզ համար իսկապես կարևոր է։ Կարծում եմ՝ կարող եմ ասել, որ Հայաստանը սիրված է Ֆրանսիայում, և այդ սերն արտահայտվում է նաև բազմաթիվ խաչվող ճակատագրերով։ Դրանք մարդկային պատմություններ են, որոնց կարելի է հանդիպել ինչպես Երևանի, այնպես էլ Լիոնի կամ Մարսելի փողոցներում։ Այսինքն՝ մենք ունենք փոխկապակցված ճակատագրեր։ Սա է նաև մեր երկկողմ հարաբերությունների յուրահատկությունն ու հարստությունը», –ամփոփել է Ֆրանսիայի նախագահը՝ մեկ անգամ ևս  շնորհակալություն հայտնելով  քննարկումների բարձր մակարդակի, եվրոպական հաջողությունների և պետական այցի ջերմ մթնոլորտի համար։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031