Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական գործընկերությունը, որ մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում պաշտպանության ոլորտում համագործակցությունը. Էմանուել Մակրոն

Մայիս 05,2026 18:55 Share

Փաստաթղթերի ստորագրումից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարություններով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Մեծարգո պարոն նախագահ, հարգելի ներկաներ, կարծում եմ տեղի ունեցած արարողությունն ի ցույց է դնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի օրակարգի ամբողջ ծավալը։ Եվ քիչ առաջ տեղի ունեցած ստորագրված փաստաթղթերի փոխանակումները պետք է գնահատել։

Ես ուզում եմ հատկապես ընդգծել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Բարգուշատի թունելի կառուցման վերաբերյալ մեր ձեռք բերած պայմանավորվածությունը և համաձայնությունը։ Սա մի նոր փուլ է ոչ միայն Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար, այլև Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում նոր որակի ստանդարտ սահմանելու համար։ Երբ նախագահ Մակրոնի հետ առաջին անգամ այս թեման քննարկել ենք, ես նաև մեր մոտիվացիայի մասին եմ խոսել նախագահ Մակրոնի հետ։ Տեսեք, մենք անընդհատ խոսում ենք տարբեր ոլորտներում եվրոպական ստանդարտներ որդեգրելու անհրաժեշտության մասին։ Դե յուրե, փաստաթղթերով, իհարկե, մեծ բարդություն չկա այդ ստանդարտներն ամրագրել, բայց նաև մեզ պետք են այդ ստանդարտներն իրականացնելու համար անհրաժեշտ կարողություններ, հմտություններ, գիտելիքներ ունեցող ընկերություններ։ Եվ ահա, տվյալ դեպքում ֆրանսիական շինարարական կազմակերպությունների ներգրավումը Հյուսիս-հարավ ճանապարհում, որը, համոզված ենք, իր հերթին ներգրավվելու է տեղացի կապալառուների, նոր ստանդարտները, ոչ միայն որդեգրելու, այլև Հայաստանի տնտեսական կյանքում ընդլայնելու և տարածելու լրջագույն հնարավորություն է ստեղծելու։

Եվ սա մի օրինակ է, որն ի ցույց է դնում, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ինչպիսի անձնական ներդրում ունի Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում։ Ես ուզում եմ այս մի օրինակով ներկայացնել, որովհետև առաջին քայլը, որ տեղի է ունեցել այս փաստաթղթի ստորագրման ճանապարհին, իմ խնդրանքն է եղել նախագահ Մակրոնին, որ մենք այսպիսի նախագիծ և այսպիսի խնդիր ունենք, և նախագահ Մակրոնի աջակցությամբ այս ամենն իրականություն է դարձել։ Եվ ընդհանրապես, շատ հետաքրքիր է տեսնել և վերհիշել այն ճանապարհը, թե ինչպես են առաջ քաշվող գաղափարները վերածվում կոնկրետ արդյունքի։ Սա մեր երկրում իրականացվող սուպեր նախագծերից մեկն է՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը։ Փաստաթղթի ստորագրմամբ՝ ամենաբարդ հատվածներից մեկի մասին ենք մենք խոսում՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, որի իրականացման համար անհրաժեշտ են առանձնահատուկ հմտություններ, առանձնահատուկ կարողություններ։ Եվ ինչպես բազմաթիվ նման դեպքերում, Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնեցին Հայաստանի կողքին, և մենք այսօր կարող ենք ասել, որ Հյուսիս-հարավ այդ հսկայական նախագիծը, սուպեր նախագիծն արդեն իսկ «միս ու արյուն» է ստանում։ Եվ մենք արդեն պատկերացնում ենք, թե ինչ քայլերով ենք այդ ճանապարհն ամբողջությամբ շահագործման հանձնելու։

Եվ ես ուզում եմ, պարոն նախագահ, բազմաթիվ այլ առիթների շարքում շնորհակալություն հայտնել նաև դրա համար, որովհետև շատ կոնկրետություններ կան, որ ես բավական երկար կարող եմ թվարկել։ Բայց ես չեմ ուզում երկար թվարկել և ընդամենն ուզում եմ նշել ուղղությունները՝ տնտեսություն, անվտանգություն, պաշտպանություն, դիվանագիտություն, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, մշակութային հարաբերություններ, կրթության ոլորտում հարաբերություններ։ Այս բոլոր ուղղություններով մենք անընդհատ զգացել ենք և զգում ենք Ձեր աջակցությունը, Ֆրանսիայի Հանրապետության աջակցությունը, Ֆրանսիայի մեր գործընկերների աջակցությունը, և այդ աջակցության դերն այն ճանապարհին, որում մենք այսօր գտնվում ենք, դժվար է գերագնահատել։

Ամենաառանցքային նորություններից մեկը, որ տեղի է ունենում և տեղի է ունեցել Հայաստանում, այդ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումն է։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ այս, արդեն իսկ իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունված է՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կարևորագույն սկզբունք։ Եվ նաև այդ սկզբունքն արձանագրված է նախաստորագրված խաղաղության համաձայնագրում։ Եվ, ըստ էության, խաղաղության ճարտարապետությունը հիմնված է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության ճանաչումը։ Եվ ես ուզում եմ ասել, որ այդ ճարտարապետության գործում առանցքային է, առանց որևէ չափազանցության, առանցքային է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը։ Եվ այդ արձանագրումը տեղի է ունեցել մեր ներկայությամբ, որտեղ նախագահ Մակրոնը հետևողականության, ճկունության և դիվանագիտական առանձնահատուկ հմտությունների շնորհիվ կարողացավ մեր և Ադրբեջանի միջև այս համաձայնությունը արձանագրել։

Եվ որպես իմ նշածի տրամաբանական ոչ թե շարունակություն, այլ կուլմինացիա․ մենք քիչ առաջ բոլորիդ աչքի առաջ ստորագրեցինք Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համաձայնագիրը։ Թույլ տվեք նկատել հետևյալը․ եթե մենք առանց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համաձայնագիր և փաստաթուղթ ունենալու, առանց ռազմավարական գործընկերության այսքան ենք արել, ես պատկերացնում եմ՝ ռազմավարական գործընկերություն հաստատելուց հետո դեռ ինչ հաջողություններ և նվաճումներ են մեզ սպասում, ինչի համար, պարոն նախագահ, ուզում եմ ևս մեկ անգամ արտահայտել իմ երախտիքի խոսքը Ձեզ, Ձեր կառավարությանը, Ֆրանսիայի Հանրապետությանը և մեր բոլոր գործընկերներին, շնորհակալ եմ։

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոն

Վարչապետ, թանկագին Նիկոլ, տիկնայք և պարոնայք նախարարներ, տիկնայք և պարոնայք դեսպաններ, տիկնայք և պարոնայք, թանկագին հայ բարեկամներ,

Շնորհակալություն թանկագին Նիկոլ, այն ջերմ ընդունելության համար, որ դուք ցուցաբերել եք ինձ և իմ պատվիրակությանն այս պետական այցի շրջանակում։ Դուք գիտեք, Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարեկամությունը ձևավորվել է ընդհանուր պատմության և անսասան եղբայրության հիմքում։ Եվ այս հարաբերություններն այժմ նոր շրջադարձ են ապրում այս պետական այցի շրջանակում։

Իմ վերջին՝ 2018 թվականին Երևան կատարած այցից ի վեր, Հայաստանն անցել է նշանակալի ճանապարհ՝ Հայաստանն անցել է պատերազմի միջով, այնուհետև հաստատել է խաղաղություն, այնուհետև բարգավաճություն։ Ես հիշեցրեցի այդ մասին, Հայաստանի ՀՆԱ-ի միջին տարեկան աճը կազմել է գրեթե 6% վերջին տարիներին։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչքան կան սպասելիքներ, խոստումներ։ Հայաստանը վճռականորեն ընտրել է խաղաղության ուղին և բարգավաճության ուղին և ամրապնդել է իր ժողովրդավարությունը՝ չնայած փորձություններին։ Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա։ Եվ Հայաստանը միշտ եղել է եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, բայց այդ առաջընթացը եվրոպական քաղաքականության ոլորտում, կարելի է ասել, ակնհայտ է ինձ համար այս վերջին երկու օրերին։ Այս ամենը 8 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել։ Այսինքն՝ կազմակերպել Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպում Երևանում, կազմակերպել Եվրամիություն և Հայաստան գագաթնաժողով Երևանում՝ հնարավոր չէր պատկերացնել։

Այսօր մեր երկու երկրների միջև, Հայաստանի և նաև Եվրամիության միջև հարաբերությունների հիմքում ընկած է ներուժի զարգացումը։ Այսօր մենք նախապատրաստել ենք նոր փուլ՝ ավելի հեռուն գնալու համար, մեծացնել ավելի շատ ներդրումները տարբեր ծրագրերի միջոցով, ավելի մեծացնել գործընկերությունը պաշտպանության ոլորտում և նաև վիզաների ազատականացումը Եվրամիության հետ։ Սրանք այն ծրագրերն են, որոնք կարող են ամրապնդել իրավական պետությունը և ավելի մերձեցնել մեր երկրները։ Սրանք կարևոր փուլեր են այս ճանապարհի վրա, և վերջին օրերին մենք դրանք ավելի ամրապնդեցինք։ Վերջին 8 տարիների ընթացքում երկրում հարաբերությունները նույնպես զգալի առաջընթաց են ապրել, և այն համաձայնագրերը, որոնք մենք այսօր ստորագրեցինք, ապացուցում են դրանց բազմազանությունը։ Այս համերաշխությունը նույնպես ավելի առարկայական է դարձել տարիների ընթացքում։ Այս համերաշխությունը հիշո՞ւմ եք 88 թվականի երկրաշարժի ժամանակ, ինչպես նաև 2020 թվականին տեղահանված բնակչությանն աջակցելու գործում, մասնավորապես՝ 32 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության միջոցով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիական հասարակությանը, որոնք համախմբվեցին արտգործնախարարության շուրջ։

Նաև տնտեսական հիմքի վրա են ընդլայնվում մեր հարաբերությունները։ Դուք հիշեցրեցիք, հիշատակեցիք կապակցվածության շրջանակում համաձայնագրերը։ «Վինչի Քոնսթրաքշն Գրանդս Փրոջեքթս» ու «Ռազել-բեկ Սաս» ընկերությունների հետ համաձայնագիրը, որով կմեկնարկի Բարգուշատի թունելի կառուցման ծրագիրը։ Այն շատ սպասված էր այս կապակցվածության առումով։
Մենք շատ հպարտ ենք, որ կարող ենք նաև ջրային ոլորտում մասնակցություն ունենալ, որը շատ կարևոր ոլորտ է Հայաստանի համար, «Վեոլիայի» մասնակցությամբ, ջրամբարների կազմակերպումը, Վեդիի ջրամբարի կառուցումը, որն անկախությունից ի վեր Հայաստանում ամենամեծ կառուցված ջրամբարն է, ոռոգման համակարգերի վերականգնումն ու արդիականացումը։ Ֆրանսիան ներկա է Հայաստանում իր այս ծրագրերով, Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ, որը կարևոր նաև գործընկեր է ներառական և կայուն զարգացման ոլորտում, և մենք ուրախ ենք, որ նա կարողացել է իր դերն ավելի ամրապնդել տարբեր ոլորտներում։

Վերջին տարիներին մենք նաև նոր փուլ ենք թևակոխել։ Մենք նաև պաշտպանության ոլորտում ենք գործընկերություն հաստատել։ Ռազմավարական գործընկերությունը, որ մենք այսօր ստորագրեցինք, ավելի ամրապնդում է այս համագործակցությունը։
Վերջին տարիներին մենք ցանկացել ենք ավելի արդիականացնել Հայաստանի զինված ուժերը, ինքնիշխանությունն ամրապնդել, և կարելի է ասել, սա մեր երկկողմ հարաբերությունների կարևոր հենասյունն է։
ԲՏԱ նախարարությունը հենց նոր ստորագրեց նաև Պաշտպանական նորարարության հարցերով գործակալության հետ համաձայնագիր, որը թույլ կտա նոր ուղղություններ բացել այս ոլորտում։

Մեր գործընկերությունը հիմնված է նաև կրթության, գիտության, մշակույթի, ժառանգության, երիտասարդության ոլորտներում ձևավորված բազմաբնույթ կապերի վրա։ Մասնավորապես՝ մշակութային ժառանգության ոլորտում ուրախ եմ արձանագրել այսօր ստորագրված երկու համաձայնագրերը, որոնք կապում են Ֆրանսիայի ազգային գրադարանը Երևանի արվեստի և գրականության թանգարանի, ինչպես նաև Մատենադարանի հետ, ուր այցելել եմ այսօր առավոտյան։ Չեմ կարող չնշել նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանը՝ որպես բարձրակարգ հաստատություն, խորհրդանշական ձեռքբերում, որն ունի այսօր 2300 ուսանող՝ բակալավրիատից մինչև դոկտորանտուրա, և ավելի քան 3600 շրջանավարտ։

Ռազմավարական գործընկերությունը համախմբում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը, որոնք առանձնահատուկ դեր ունեն Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերություններում, ինչպես, օրինակ՝ Գորիսում անցկացված ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովը։ Մի շարք ծրագրեր են իրականացվում համայնքների, ռեգիոնների մակարդակում տարբեր հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, և թույլ տվեք ասել, որ Հայաստանը զբաղեցնում է չորրորդ տեղ Ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմիններից աջակցություն ստացող երկրների շարքում։

Ահա, տիկնայք և պարոնայք, այն ինչ ցանկանում էի այսօր ասել՝ ի լրումն վարչապետի խոսքերի, ով շատ լավ նկարագրեց իրավիճակը։ Եվ այս ամենից անդին մեր ռազմավարական գործընկերությունը նաև միտված է ձեզ աջակցել այն կայուն խաղաղության ոլորտում, որի համար դուք խիզախ որոշում եք կայացրել։ Մենք ցանկանում ենք և հաստատակամ ենք ձեզ ուղեկցել։ Ես ցանկանում եմ ողջունել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ոլորտում որոշ առաջընթացները։ Եվ այս ամենը գալիս է ավելի զարգացնելու այն օրակարգը, որի շուրջ մենք քիչ առաջ խոսեցինք։

Հարգելի պարոն վարչապետ, ևս մեկ անգամ ուզում եմ իմ երախտագիտության խոսքը հայտնել Ձեզ, հայտնել Ձեզ մեր աջակցությունը և այն կարևոր քայլերում, որ Հայաստանը որոշել է այսօր։ Եվ այս համաձայնագրերը, որոնք մենք ստորագրել ենք այսօր, նոր ուղի են բացում մոտակա տարիների ընթացքում։

Շնորհակալություն։

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը պատասխանել են նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031