«Արդեն հարաբերություններ կան ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Իսկ նախորդ օգոստոսից առաջ միայն կար հակամարտության իրավիճակ։ Շատ բաներ են տեղի ունեցել օգոստոսի 8-ից ի վեր»,- «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի «Հարավային Կովկասը՝ շրջադարձային փուլում է․ խաղաղության և համագործակցության հեռանկարները» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի դիտարկում արեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Խոսելով փոխկապակցվածության և համագործակցության մասին՝ նա ասաց․ «Այն, որ այստեղ Երևանում նստած ենք մի հայ, վրացի, ադրբեջանցի, մի թուրք ու ԵՄ ներկայացուցիչ միասին, նշանակում է, որ ճիշտ ուղղությամբ ենք ընթանում»։
Ըստ նրա՝ փոքր քայլերից պետք է սկսենք փոխկապակցվածությունը։ Այս առիթով Ռուբեն Ռուբինյանը նշեց՝ ժամանակին անիրատեսական կարող էր հնչել, բայց մի քանի ամիս էր պետք, որ Ադրբեջանից ապրանքները փոխանցվեն ՀՀ, կամ Ադրբեջանը նավթամթերք վաճառեր ՀՀ-ին։
Հարցին՝ ինչպե՞ս կարող են երիտասարդները ներգրավված լինել փոխկապակցվածությանը և ինչպե՞ս օգտվեն դրանից, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Վերջերս ես էլ էի երիտասարդ․ ամեն անգամ, երբ դիտարկում էի հայ-ադրբեջանական փոխկապակցվածությունը, իմ մտքում տեսնում էի երկաթուղի ՀՀ Մեղրի քաղաքում, որը փլատակներում է։ Երբ պատկերացնում էի ՀՀ-Թուրքիա սահմանը, տեսնում էի փակ սահման և վրան ռուսերեն գրված՝ Թուրքիա։ Հիմա, երբ մտածում եմ հայ-ադրբեջանական փոխկապակցվածության մասին, դա այն գնացքն է, որը գալիս է Ադրբեջանից, անցնում Վրաստանով և ցորեն բերում ՀՀ։ Երբ մտածում եմ ՀՀ-Թուրքիա սահմանի մասին, Սերդար բեյին եմ տեսնում։ Հուսամ՝ Սերդար բեյը գնացքով կգա Հայաստան, և իրեն կհանդիպեմ հենց գնացքի վրա։ Սոցիալական ցանցերում հրապարակում կանենք և կհամոզեմ երիտասարդներին, որ հավատան՝ կարող են դրական արդյունքներ լինել այս գործընթացից»։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի ֆեյսբուքյան էջից
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































