Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և հիմնական ելույթով հանդես է եկել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված «Ժողովրդավարության ամրապնդում ընդդեմ ժամանակակից մարտահրավերների» խորագրով բարձրաստիճան հանդիպմանը:
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ստեֆանո Պյեդիմոնտե Բոդինին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը, 2001թ․ անդամակցելով Եվրոպայի խորհրդին, կատարել է քաղաքակրթական ընտրություն՝ հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները, մասնավորապես ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, արդարադատության, լավ կառավարման ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում՝ ընդգծելով, որ դրանց առաջընթացի հիմքում հասարակական պահանջն է:
Կարդացեք նաև
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵԽ դերը խաղաղ, արդար և ներառական հասարակությունների կառուցման և ժողովրդավարական անվտանգությանն ուղղված սպառնալիքների հայտնաբերման ու դրանց համարժեք արձագանքի ապահովման գործում:
Բարձրաստիճան հանդիպման շրջանակներում անցկացված պանելային քննարկմանը մասնակցել են Ֆինլանդիայի ԱԳՆ գլխավոր տնօրեն Սարի Ռաուտիոն, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, Կիպրոսի «Oxygen for Democracy» կազմակերպության քաղաքական տնօրեն Անգելիկի Կուրին և բելգիական «International Partnership for Human Rights» կազմակերպության ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին:
Բանախոսներն անդրադարձել են ժողովրդավարության պաշտպանության և իրավունքի գերակայության խթանման խնդիրներին՝ ժողովրդավարական պետությունների դեմ ուղղված խառնածին սպառնալիքների ու արտաքին միջամտության ռիսկերի պայմաններում:
ՀՀ ԱԳՆ


















































