«Նախ ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին, որ հյուրընկալեց աշխարհի տասնյակ առաջնորդների՝ քաղաքավարությամբ, մեծահոգությամբ և շռայլությամբ: Ես հազվադեպ եմ նախկինում նման բան տեսել ու կարծում եմ, որ հերթապահող ոստիկանները, օդանավակայանում գտնվող անձինք, որ նման ջերմություն են ցուցաբերել մեր եվրոպացի հյուրերի նկատմամբ, իրոք դրվատանքի արժանի են, սակայն իմ գովասանքը չեմ կարող ուղղել Հայաստանի կառավարությանը»,- ասուլիսում ասաց Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Անկեղծ ասած, ահաբեկված էի հետևում, թե ինչպես պարոն Փաշինյանը խոսքը տվեց պարոն Ալիևին, եւ Ալիևը քրիստոնյա բանտարկյալներին բնորոշեց որպես պատերազմի հանցագործներ ու պահանջեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթաժողովն անցկացվի Ադրբեջանում՝ մի երկրում, որտեղ բռնապետություն է, ինչը հետաքրքիր է, որովհետև կարելի էր ասել, որ այսօրվա դրությամբ Հայաստանն իրավունքի գերակայություն չունեցող երկիր է, եւ ավտորիտար վիճակում է: Քաղաքական հակառակորդներն այստեղ բանտարկվում են կամ տնային կալանքի ներքո են, եկեղեցին հարձակման տակ է:
Փաշինյանի քաղաքական պլատֆորմը միտված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ոչնչացմանը, ինչը հակասում է միջազգային իրավունքին, եվրոպական իրավունքին, հակասում է նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրին: Գործընկերության համաձայնագիր կա, որը երաշխավորում է, որ Հայաստանում կաջակցի հիմնական ազատություններին, այսինքն՝ կրոնի, հավաքների ազատությանը, իրավունքի գերակայությանը, բայց ԵՄ-ն նպատակահարմար չգտավ անգամ մեկնաբանություն անել իրավունքի գերակայության բացարձակ խախտումների մասին, որոնք ամեն օր են տեղի ունենում Հայաստանում»,- ընդգծեց Ռոբերտ Ամստերդամը։
Կարդացեք նաև
Միջազգային փաստաբանը նշեց, որ շատերն են իրենից կարծիք հարցրել, թե ինչ կարծիք ունի Հայաստանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի մասին. «Ես երբեք չեմ տեսել, որ նման ժողով անցկացվի, ու Հայաստանի նկատմամբ ներդրում անելու ոչ մի պարտավորություն չստանձնվի, որ էական որևէ խոստում չտրվի Հայաստանի ժողովրդին: Ներկայացվեցին Հայաստանից զատ այլ երկրների շահերը, մասնավորապես՝ առևտրային տարբեր ուղիները զարգացնելու իրենց շահերը, ՀՀ այլ գործընկերների հանդեպ ոտնձգությունները… ԵՄ-ն հեռացավ Հայաստանին սատարելու իր հանձնառությունից:
Վարչապետը գեթ մեկ անգամ չհիշատակեց ոչ քաղբանտարկյալներին, որոնք ահավոր պայմաններում պահվում են Բաքվում, ոչ էլ այն փաստը, որ Հայաստանի տարածքի 200 քառակուսի կիլոմետրը բռնազավթված է: Փոխարենը նա հաճոյախոսություններով փոխանակվեց ադրբեջանցիների հետ: Բոլորս տեղյակ ենք, որ Ադրբեջանի կողմից ոչնչացվում են հայկական եկեղեցիներ, և դա շարունակվում է Լեռնային Ղարաբաղում, չհիշատակվեցին քրիստոնյա ազգաբնակչության դեմ բռնությունները: Սա նշանակում է, որ կարող ենք մտածել, որ Փաշինյանի շահերը, հնարավոր է, չհամընկնեն հայ ժողովրդի շահերի հետ»։
Ասուլիսն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































