Երևանում ավարտվեց «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որով ըստ էության ավարտվեցին նաև բոլոր արևմտյան միջոցառումները Երևանում։
Ինչպես հայտնի է, մայիսի 4-ին Երևանում կայացավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հիմնած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, մայիսի 5-ին՝ ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի պետական այցը ՀՀ և «Երևանյան երկխոսություն» միջազգային երկօրյա համաժողովը։ Բնականաբար, նախընտրական այս շրջանում այս միջոցառումները ծառայեցվեցին, որպես գործող իշխանությունների քաղաքական իմիջի վերականգնմանն ուղղված հերթական PR արշավը։ Միջազգային միջոցառումներն օգտագործվեցին ներքին լսարանին ժողովրդավարական ձեռքբերումների պատրանք մատուցելու և իշխող թիմի դիրքերն ամրապնդելու նպատակով։
Միջոցառումների ընթացքում հնչող բարձրագոչ հայտարարություններն ու փոխադարձ գովեստները կենտրոնացած էին բացառապես ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի «անսխալականությունն» ապացուցելու վրա՝ խնամքով ստվերում թողնելով թե տարածաշրջանային սպառնալիքները, թե առկա խնդիրները։ Փոխանակ հասցեագրելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում առկա ռազմավարական անվտանգային խնդիրները, եվրոպական օրակարգը փորձում էր արհեստականորեն կերտել մի կայուն ու հաջողվաած պետության, բացառիկ արտաքին քաղաքականություն վարող պետության պատկեր։
Այս ամենը տեղի ունեցավ ներքաղաքական խոր ճգնաժամի և հասարակության շրջանում բողոքի ձայների, պահանջների լիակատար անտեսման ֆոնին։ Մինչ պաշտոնական ամբիոններից հնչում էին ժողովրդավարական ինստիտուտների կայացման մասին հավաստիացումներ, գովեստներ, դրանցից դուրս մնացին ժողովրդի իրական պահանջներն ու համակարգային անարդարության դեմ պայքարող քաղաքացիների դժգոհությունները։ Եվրոպական հյուրերի և իշխանական քարոզչամեքենայի կողմից ստեղծված տոնական աղմուկի մեջ փորձ արվեց խլեցնել հանրային իրական բողոքը՝ ի ցույց դնելով այն անդունդը, որն առկա է պաշտոնական վիճակագրության և փողոցում տիրող տրամադրությունների միջև։
Կարդացեք նաև
Թեև պետք է նաև նշել, որ այս օրերին մայրաքաղաքի տարբեր հատվածներում մի շարք բողոքի ակցիաներ տեղի ունեցան՝ լսելի դարձնելու համար նաև ՀՀ քաղաքացու ձայնը, քանի որ իշխանությունները փակել են Արցախ վերադարձի թեման, այնինչ այդ պահանջը գոյություն ունի, ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններում գրեթե չեն անդրադառնում հայ գերիների ու Արցախում հայկական պատմակրոնական ժառանգության պահպանության թեմային՝ անտեսելով փաստը, որ այդքան թմբկահարվող խաղաղության օրերին Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Արցախում հայկական հուշարձաններին ու եկեղեցիներին։
ՀՀ իշխանությունները խոսում են միմիայն խաղաղության, հաջողված արտաքին քաղաքականության մասին, իսկ այս օրերին ՀՀ-ում գտնվող եվրոպական «ընտանիքն» ամբողջությամբ աջակցեց ՀՀ իշխանությունների այս դիրքավորմանը։
Արաքս Մարտիրոսյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։


















































