Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Ընտրություններից հետո իշխանությունը պետք է փոխվի, Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է լինի»

Մայիս 07,2026 16:37 Share

Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների մասնակից «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը մինչեւ իրենց ծրագիրը ներկայացնելը՝ ասաց. «Մենք գտնում ենք, որ այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ Դրա համար մենք սովորական պայմաններով չենք մասնակցում այս ընտրություններին։ Այս ընտրություններով մենք մեկ նպատակ ենք հետապնդում եւ այդ նպատակը մեր պետականության, մեր ինքնության, հայ մարդու հիշողության, պատմության, ստեղծած մշակույթի, մեր ավանդույթների, մեր կրոնի ու եվրոպական ազգային պետության մոդելի պաշտպանությունն է։

Հայաստանի Հանրապետությունը աշխարհին հայտնի է, որպես Հայերի պետություն։ Վերջին տարիների մշակութային դիվերսիան, որ ուղղված է Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի դեմ՝ նույն բանը սփյուռքում էլ է կատարվում, այս ամենը սկսել է սնուցվել ներսից՝ ռևիզիայի ենթարկելու մեր մտածողությունը, մեր անցած ամբողջ պատմական ճանապարհը։ Դրա համար մեր կուսակցությունը, մեր թիմը չի մտնում այս ընտրության մեջ, որպեսզի խոսի սպառողական խոստումներից։ Սա, ես պնդում եմ, ոչ սովորական քարոզարշավ է։

Մեր կարգախոսն է՝ «Պահպանիր ինքնությունդ»։ Այսինքն, կոչ ենք անում մարդկանց առաջին հերթին ԱԺ-ում ունենալ խմբակցություն, որը կպաշտպանի հայ ժողովրդի ինքնությունը Հայաստանի ներսում, նաեւ Հայաստանից դուրս։ Ու նաեւ կունենա իր ներդրումը ապագա իշխանության ձեւավորման գործում։

Այն, որ իշխանությունը պետք է փոխվի, որ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է լինի, վերջին տարիներին մենք դրա մասին բազմիցս խոսել ենք։ Բայց ինչպիսի՞ն պետք է լինի պառլամենտը։ Մենք հույս ունենք, ու ամեն ինչ անելու ենք, որ 2021 թվականի բեւեռացված ընտրության հետեւանքը այս անգամ կարողանանք բացառել եւ թույլ չտալ, որ տեղի ունենա։

Ընտրությունների ընթացքում դուք տեսնելու եք մեզ տարբեր հետաքրքիր վայրերում։ Եվ ամեն վայրի վերաբերյալ մենք ներկայացնելու ենք մեր թեզերը։ Այսինքն, ցույց ենք տալու պրոբլեմ, որն ուղղված է մեր պետական եւ ազգային ինքնությանը եւ ցույց ենք տալու դրա լուծումը։

Տրադիցիոն քարոզարշավ մենք չենք անելու, որովհետեւ նոր ժամանակաշրջան է, նոր տեխնոլոգիաներ են»,- ասաց Էդմոն Մարուքյանը, որից հետո ներկայացրեց «Պաշտպանիր ինքնությունդ» իրենց կարգախոսի խորհրդանիշ վահանը, որն իրենց հետ տանելու են մարզային ու Երեւանի տարբեր վայրերում այցերի ժամանակ։

«Այս վահանը մեր քարոզարշավի խորհրդանիշն է։ Քաղաքացիները տարբեր մարզերում կտեսնեն այն։ Մի քանի բացատրություն տամ վահանի վերաբերյալ։

Այստեղ կարող եք տեսել մեր դարավոր պատմությունից խորհրդանիշներ, որոնք միշտ ամրացրել են մեր պետականության հիմքերը, բայց որոնք հիմա վտանգված են։

Հայաստանի զինանշան, որից Արարատ լեռը հեռացնելու համար հիմա կա պայքար։ Բոլոր տեղերից արդեն հեռացում են եւ ընտրություններից հետո հեռացնելու են նաեւ զինանշանից։։

Հաջորդ տեղում Աստվածատուր Հայոց գրերն են, Մեսրոպ Մաշտոցը։ Սրանով ցույց ենք տալիս, որ վտանգված է նաեւ մեր իսկությունը, որովհետեւ պայքար է գնում մեր իսկության այս բաղադրիչի դեմ նույնպես։ Բոլորս գիտենք, որ Մեսրոպ Մաշտոցը դասագրքերում արդեն QR կոդ է դարձել։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որպես առաջին քրիստոնյա ազգ։ Արդեն երկու-երեք անգամ տեսել ենք հարձակում Մայր Աթոռի վրա։ Բոլորս արդեն իրազեկված եք եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում զետեղվել է դրույթ, որը նվիրված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդի դեմ պայքարին եւ նա հեռացվելու է։

Այս մասով մենք տարբերվում ենք։ Կոնկրետ առաջարկ ունենք, որ նախագահական ինստիտուտը պետք է վերափոխվի։ Մինչեւ սուպերվարչապետական սահմանադրության կազմաքանդումը, մինչեւ այս սահմանադրությունը փոխելը, մենք տեսնում ենք, որ նախագահի ինստիտուտում պետք է այլ մարդ լինի։ Եվ մենք առաջարկում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոս, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի թեկնածությունը, որն իր առաքելությամբ չի կարող զբաղվել, որովհետեւ քաղբանտարկյալ է»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031