ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր Էջմիածնում հանրահավաքի ժամանակ խոսեց առաջիկա ընտրությունների առանձնահատկությունների մասին։
«Հետևել եմ բոլոր ընտրություններին, մի մասին մասնակցել եմ անմիջական, չեմ հիշում ու չի եղել, որ ընտրությունները լինեն ինքնության, եկեղեցու ու ազգային արժեքների համար, չի եղել ՀՀ պատմության մեջ նման բան: Չեմ հիշում, որ ընտրությունների հիմնական խոսույթը լիներ պատերազմ, թե խաղաղություն: Սա յուրահատուկ է, այս երևույթը բերել են այս իշխանությունները՝ տարանջատելով մեր ժողովրդին, մեր լեռներն ու պատմությունը: Այս մարդիկ մեր ժողովրդին իրար դեմ լարելու ու պատմությունը բաժանելու համար պետք է պատասխան տան:
Այսօր իշխանությունների հիմնական նախընտրական խոստումը պատերազմն է, որովհետև ուրիշ ասելիք չունեն:
Փորձենք հասկանալ՝ ինչ են ուզում, ինչ են անում ու ինչի համար է նման խոսույթ մտցվել մեր նախընտրական այս գործընթացի մեջ: Պետք է ֆիքսենք, որ այսօր, չբավարարվելով, որ կորցրել են Արցախը, իրենց սխալ քաղաքականության հետևանքով մեզ ներքաշում են մի նոր ավանտյուրայի մեջ:
Կարդացեք նաև
ԵՄ գագաթնաժողովը, Զելենսկուն հրավիրելը ու սադրիչ հայտարարությունները, որ եղան այստեղ, մեզ փորձում են նոր արկածախնդրության մեջ ներքաշել: Դա անում են Մակրոնի՞ն դուր գալու համար, թե՞ կան ավելի խորքային պատճառներ»։
Ըստ Քոչարյանի՝ կա երկու պատճառ՝ չունեն ասելիք, որովհետև ձախողել են բոլոր խոստումները և հիմա գտել են պատերազմի սպառնալիքը, որով պետք է համոզեն մեր ժողովրդին վերընտրվելու համար, և երկրորդ տարբերակը, ըստ Քոչարյանի, ՀՀ-ն ներքաշում են մի նոր ավանտյուրայի մեջ մի պատճառով, որ եվրոպացիները աչքները փակեն այն ամենի վրա, ինչ կատարվում է այսօր Հայաստանում. «Հետևաբար, կարող ենք եզրահանգել մի բան, որ Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը աղերս չունեն ՀՀ շահերի հետ:
Մենք առաջարկում ենք մեր անվտանգության մոդելը՝ ժամանակակից ու մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից. ուրիշ մոդելներ մարդկությունը դեռ չի հորինել: Մեզ սպառնում են պատերազմով, բայց կա մի պարզ ճշմարտություն՝ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ ագրեսորը վստահ է, որ իր հաղթանակի հավանականությունը չափազանց մեծ է: Այլ պարագայում ոչ մի երկիր պատերազմ չի սկսում: Մենք ձգտում ենք խաղաղության, բայց այն պետք է լինի երաշխավորված: Չի կարող անվանվել խաղաղություն մի իրավիճակ, երբ ամեն ինչ կախված է մի մարդու քմահաճույքից, սա խաղաղություն չէ, սա նվաստացում է: Մենք դա թույլ չենք տալու»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































