«Ավելացնելու բան չունեմ պաշտոնական հայտարարություններին»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումներին, այսպես պատասխանեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Լրագրողների փաստմանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին կանչել են ՌԴ ԱԳՆ և հարցին՝ ինչպե՞ս դա կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, ՌԴ դեսպանը կրկին նույնը պատասխանեց․ «Ես առաջարկում եմ կենտրոնանալ արդեն հրապարակված պաշտոնական հայտարարությունների վրա։ Դրանց ոչինչ չեմ կարող ավելացնել»։
Հիշեցնենք՝ Գուրգեն Արսենյանին տեղեկացվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին վերջերս ԵՄ-ի կողմից հովանավորվող միջոցառումների ժամանակ Հայաստանում հարթակ տրամադրելու կտրականապես անընդունելիության մասին՝ Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար։ «Ընդգծվել է, որ Մոսկվան արդարացիորեն վրդովված է դրանից և պաշտոնական Երևանի կողմից վերոնշյալ այցելուի նման անպարկեշտ վարքագիծը պատշաճ կերպով բացասական գնահատական չտալը համարում է ռուս-հայաստանյան հարաբերությունների գործընկերային բնույթին անհամատեղելի։
Անդրադառնալով Մայիսի 9-ի հաղթանակին և հայ ազգի ներդրմանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում՝ ՌԴ դեսպանն ասաց, որ 1945-ին տեղի ունեցածը և այն հաղթանակը, որում մեծ ներդրում ունեն բարեկամական ազգերը, իր արդիականությունը պահպանում է․ «Հիշատակի փոխանցումը երիտասարդ սերունդներին մեր բարոյական պարտքն է»։
Կարդացեք նաև
Ուղիղ միացում Հաղթանակի զբոսայգուց՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարն՝ արխիվային


















































