«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսեց Սյունիքից։ Կառավարող ուժի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու ընտրացուցակի պատգամավորության թեկնածուները երկու օրում եղան մարզի բոլոր համայնքներում, իսկ քարոզարշավի մեկնարկը տվեցին մայիսի 9-ին՝ մեծ հավաքով՝ Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում։
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով, «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավը կարելի է բնութագրել ընդամենը մի քանի թվերով։ «Արդեն ուղիղ 27 ամիս է, ինչ Հայաստանի սահմաններին հակառակորդի կրակոցից որեւէ զինծառայող չի զոհվել եւ չի վիրավորվել։ 6 ամսով կրճատվել է պարտադիր զինծառայության ժամկետը, եւ սա եւս հնարավոր է դարձել երկար սպասված խաղաղության հաստատման շնորհիվ։ Միայն վերջին ամիսներին թոշակները բարձրացվել են 10 հազար դրամով, եւ սա այս տարվա աճն է միայն, քանի որ վերջին տարիներին դրանք շարունակաբար ավելացվել են։ Զրո դրամ՝ հենց այսքան է կազմելու բուժօգնության արժեքը հարյուր հազարավոր քաղաքացիների եւ բոլոր կենսաթոշակառուների համար, քանի որ ներդրել ենք պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգը»,- մասնավորապես ասաց Ռուբեն Ռուբինյանը։
Կարդացեք նաև
Ծննդով սյունեցի, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ կառավարություն գունավորել է մարզի բոլոր համայնքները։ Պետք է արձանագրենք, որ մեր կառավարությանը եւ իշխանությանը հաջողվել է ժողովրդի աշխատանքի շնորհիվ ձեւավորված բյուջեն ուղղել երկրի հզորացմանը, այլ ոչ թե էլիտաների գրպանները, եւ դա այսօր ակնհայտ է»,-ասաց նա։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախ խորհուրդ տվեց «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին։ «Պարոն Կարապետյան, բանակի մասին խոսելուց առաջ՝ նախ պետք է բանակ գնալ, եղբա՛յր։ Սամվե՛լ Կարապետյան, անվտանգության մասին խոսելուց առաջ՝ նայի, գերդաստանի անդամներին ու ասա ժողովրդին, թե ինչու քո տղաները, ախպորդ տղաները, բարեկամներդ բանակ չեն գնացել»,-ասաց Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ 2021 թվականից ի վեր կառավարությունը կատարել է մեծածավալ աշխատանք Սյունիքի եւ բանակի ամրապնդման ուղղությամբ։ ՝ Սյունիքում կառուցվել է 22 ամրացված շրջան՝ 33 տեղամասերով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 40 միլիարդ դրամ։ «Մեր օրոք ռազմական բյուջեն 640 միլիոն դոլարից դարձել է 1 միլիարդ 700 միլիոն դոլար»,- ելույթը եզրափակեց Սուրն Պապիկյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ելույթը սկսեց 25-րդ սաղմոսով։ «Ես կարծում եմ, որ ընտրական գործընթացը ժողովրդի եւ Աստծո դատն է, որովհետեւ ասում են՝ «ձայն բազմաց, ձայն Աստծո»։ Ես համոզված եմ, որ ընտրություններով ժողովուրդը պետք է անի իր դատը։ Այն ժողովուրդը, որի աչքի առաջ մենք եղել ենք այս ամբողջ ընթացքում, որը գիտի մեր բոլոր ձախողումներն ու հաջողությունները, տեսնում է մեր սերը, նվիրվածությունն ու հետեւողականությունը»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ 2021 թ․-ին ինքն այս հրապարակում հայտարարեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պետությունը բաժնեմաս կունենա ու հենց 2021 թվականից Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ-ում ունի 21,8 տոկոս բաժնեմաս։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կապանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շուրջ 60 տոկոսը ֆինանսավորվել է կառավարության կողմից, Քաջարանում՝ 62 տոկոսը, Մեղրիում՝ 58,9 տոկոսը, Գորիսում՝ 57 տոկոսը, Սիսիանում՝ 52 տոկոսը, Տեղում՝ 66 տոկոսը, իսկ Տաթեւում՝ 63 տոկոսը։
Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը նվագեց նաեւ «Վարչաբենդ»-ի կազմում։ Իսկ հավաքը եզրափակվեց դրոնների շոուով։
Չնայած «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաշվարկների՝ Կապանի հավաքում, ժամի 20:09-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում եւ հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2180 մարդ, բայց նկատենք, որ հրապարակը լեփ-լեցուն էր։ «Անվտանգության աշխատակիցների կողմից չի թույլատրվել իրականացնել աերոնկարահանում, ուստի հավաքի մասնակիցների հաշվարկն իրականացվել է տեղում կատարված լուսանկարահանման եւ անհատական հաշվարկի մեթոդով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ





















































