Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդանշական է, որ այս տարի Եվրոպայի օրը Հայաստանում նշվում է «Հայաստան-ԵՄ. ավելի մոտ, քան երբևէ» խորագրի ներքո. ԱԳ փոխնախարար

Մայիս 11,2026 10:16 Share

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ամբողջական ելույթը.

«Ձերդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրելի՛ հյուրեր,

Սիրելի՛ քաղաքացիներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրոպայի օրվա կապակցությամբ կազմակերպված այս միջոցառմանը։

Եվրոպայի օրը խաղաղության, միասնության, համերաշխության և ընդհանուր արժեքների տոնն է։ Այն հիշեցում է, որ Եվրոպան միայն աշխարհագրական տարածք չէ. այն առաջին հերթին արժեքների և սկզբունքների շուրջ ձևավորված համայնք է, որտեղ մարդու արժանապատվությունը, ժողովրդավարությունը, ազատությունն ու համագործակցությունը հանդիսանում են համատեղ ապագայի հիմք։

Խորհրդանշական է, որ այս տարի Եվրոպայի օրը Հայաստանում նշվում է «Հայաստան-ԵՄ. ավելի մոտ, քան երբևէ» խորագրի ներքո։ Եվ իսկապես, այսօր Հայաստանը և Եվրոպական միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ՝ թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ տնտեսական համագործակցության, և թե՛ մարդկանց միջև ձևավորվող և առավել զարգացող կապերի առումով։

Այս տարվա տոնակատարությունը Հայաստանի համար ունի առանձնահատուկ խորհուրդ, քանի որ տեղի է ունենում Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից և Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր անց։ Այդ օրերին Երևանը դարձավ Եվրոպական քաղաքական երկխոսության կարևոր կենտրոն՝ ի ցույց դնելով Հայաստանի աճող դերակատարությունը որպես երկխոսության և գործընկերության վստահելի հարթակ։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը վերահաստատեց խաղաղության, համագործակցության և համերաշխության շուրջ ձևավորված ընդհանուր տեսլականը։ Իսկ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը նշանավորեց մեր հարաբերությունների պատմության կարևոր հանգրվաններից մեկը՝ արտացոլելով գործընկերության աննախադեպ խորությունը և ապագային միտված համատեղ օրակարգը։

Այսօր Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում խաղաղության և փոխկապակցվածության իր տեսլականը։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն, ինչպես նաև «ԹՐԻՓՓ» ծրագիրը միտված են տարածաշրջանում նոր հնարավորությունների ստեղծմանը՝ տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման միջոցով։ Ուրախալի է, որ այս ուղղությամբ ևս նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման համար, ինչի վկայությունն է ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված փոխկապակցվածության գործընկերության վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Կարևոր առաջընթաց է արձանագրվել նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում։ Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված առաջին գնահատման զեկույցը վերահաստատեց Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների լրջությունն ու քաղաքական հանձնառությունը։ Այն, որ գնահատումն իրականացվել է աննախադեպ կարճ ժամկետում, խոսում է թե՛ ընթացող բարեփոխումների ինտենսիվության, թե՛ արդեն իսկ ձեռք բերված շոշափելի արդյունքների մասին։

Թերևս, Հայաստան-ԵՄ հարաբերությունների կարևորագույն հիմքը մարդիկ են։ Կրթության, մշակույթի, երիտասարդական փոխանակումների, գիտության, նորարարության և գործարարության ոլորտներում ձևավորվող կապերը մեր գործընկերությունը դարձնում են իրական, շոշափելի և մարդկանց առօրյայում զգալի։

Հայաստանի և հայ ժողովրդի համար Եվրոպական միությունը լոկ գործընկեր չէ։ Այն նաև խաղաղության, ժողովրդավարության, համագործակցության և հնարավորությունների տարածք է։

Սիրելի՛ ներկաներ,

Այսօր, երբ աշխարհը շարունակում է բախվել բազմաթիվ մարտահրավերների, առավել կարևոր է պահպանել այն արժեքներն ու սկզբունքները, որոնք միավորում են մեզ։ Համոզված եմ, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունը շարունակելու է զարգանալ՝ նպաստելով խաղաղության, կայունության և բարօրության ամրապնդմանը թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Եվրոպայի օրվա կապակցությամբ:

Շնորհակալություն»։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031