Լրահոս
Օրվա լրահոսը

Մադրիդյան հաղթարշավից մինչև իսպանական շրջագայության եզրափակիչ

Մայիս 15,2026 14:18 Share

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Կովկասի ամենակարևոր երաժշտական ինստիտուտներից է»․ Scherzo Classic

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համաեվրոպական լայնածավալ հյուրախաղերը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, թևակոխել են իրենց վերջնագիծը։ Երեկ՝ մայիսի 14-ին, Մադրիդի հեղինակավոր National Music Auditorium-ում կայացած համերգով մեկնարկեց նվագախմբի իսպանական շրջագայությունը, որը խոստանում է դառնալ այս հյուրախաղերի ամենավառ էջերից մեկը։

Հյուրախաղերի ընթացքի և առաջիկա պլանների մասին զրուցել ենք նվագախմբի մամուլի քարտուղար Աստղիկ Դալլաքյանի հետ։

Նրա փոխանցմամբ՝ նվագախմբի շուրջ եվրոպական հանրության և քննադատների հետաքրքրությունը մեծ է։ Մադրիդում կայացած ցնցող ելույթը, որի մենակատարը աշխարհը նվաճած մեր փայլուն ջութակահար Սերգեյ Խաչատրյանն էր, ևս մեկ անգամ փաստեց, որ ֆիլհարմոնիկն այսօր հանդիսանում է Հայաստանի մշակութային գլխավոր դեսպաններից մեկն աշխարհում և փառահեղ կերպով է իրականացնում այդ առաքելությունը։

Մադրիդում Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչեց Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը, նվագախումբը ներկայացրեց հայ և ռուս երկացանկի ամենատպավորիչ և խորհրդանշական ստեղծագործություններից մի քանիսը՝ հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, ինչպես նաև Չայկովսկու երկու ստեղծագործություն՝ «Ռոմեո և Ջուլիետ» ֆանտազիա-նախերգանքը և «Ֆրանչեսկա դա Ռիմինի»-ն,- հայտնեց մամուլի քարտուղարը, ապա տեղեկացրեց, որ Մադրիդից հետո, այսօր՝ մայիսի 15-ին, նվագախումբն ուղևորվում է մասնակցելու հեղինակավոր Ուբեդայի 38-րդ միջազգային փառատոնին, որի համերգի բոլոր տոմսերն արդեն սպառված են, իսկ իսպանական տուրնեն կեզրափակվի Ալիկանտեում կայանալիք համերգով։

Ծրագրում Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ կհնչի Բրամսի Ջութակի կոնցերտը, իսկ նվագախումբը հանդես կգա Մադրիդի համերգային ծրագրով, միայն Ուբեդայում Չայկովսկու ստեղծագործությունների փոխարեն կհնչի Շոստակովիչի Սիմֆոնիա թիվ 10-ը։

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ մինչև մադրիդյան համերգն անգամ մեծ էր իսպանական լրատվամիջոցների հետաքրքրությունը նվագախմբի ելույթների նկատմամբ։ Հոդվածներ են լույս տեսել մի շարք մասնագիտական հեղինակավոր ԶԼՄ-ներում, այդ թվում՝ Scherzo Classic Music Magazine, Platea Magazine, Opera World, Dolce Nota, որոնք ընդգծում են ջութակահար Սերգեյ Խաչատրյանի նվագի առանձնահատկությունները՝ նշելով նրա արտասովոր երաժշտական խորության, հզոր արտահայտչականության և անթերի տեխնիկայի մասին, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի կարևորության, դրա զարգացման մեջ Թոփչյանի նշանակալի ավանդի, ռուսական ու հայկական մեծ սիմֆոնիկ երկացանկի նկատմամբ նրա առանձնահատուկ սիրո և հայ կոմպոզիտորների երաժշտությունը տարածելու նվիրվածության մասին։

Աստղիկ Դալլաքյանը մեզ փոխանցեց Scherzo Classic Music Magazine պարբերականի հոդվածը (Scherzo Classic, 11.05.2026)

«Բրյուսելում կայացած Եղիսաբեթ թագուհու անվան հեղինակավոր մրցույթի հաղթող Սերգեյ Խաչատրյանը աշխարհի խոշոր բեմերում իրեն դրսևորել է որպես առաջատար ջութակահար։ Նա համագործակցել է այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Բեռլինի ֆիլհարմոնիկը, Ամստերդամի Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը, Վիեննայի ֆիլհարմոնիկը և Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ աշխատելով բարձրակարգ դիրիժորների հետ։ Հիմնադրված 1925թ.-ին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Կովկասի ամենակարևոր երաժշտական ինստիտուտներից է։ 2000թ.-ից ի վեր, իր գեղարվեստական և երաժշտական ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, նվագախումբն ունեցել է նշանակալի գեղարվեստական զարգացում և գրանցել աճող միջազգային ներկայություն՝ հաջողությամբ շրջագայություններ իրականացնելով Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի առաջատար համերգասրահներում»։

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին մեկնարկած այս հյուրախաղերն արդեն ընդգրկել են Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի խոշորագույն մշակութային կենտրոնները՝ ամրապնդելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրքերը միջազգային բարձրակարգ բեմերում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներն ու տեսանյութը տրամադրել է Աստղիկ Դալլաքյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031