Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցի խոշոր խմբաքանակի՝ 28 կգ հաշիշի տարանցումը ՀՀ տարածքով

Մայիս 18,2026 12:08 Share

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը ՀՀ պետական սահամանով թմրամիջոցների մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի տարածքը, որպես թմրամիջոցների տարանցիկ երթուղի օգտագործող հանցավոր խմբավորումների բացահայտման ուղղությամբ։

Օրերս «Ագարակ» սահմանային անցման կետ է ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ջ. Շ.-Ի կողմից շահագործվող  բեռնատար տրանսպորտային միջոցը: Ըստ ներկայացված բեռնափոխադրման փաստաթղթերի՝ մեքենան պետք է տեղափոխեր շինարարական սալիկներ, իսկ բեռի վերջնական նշանակման վայրը եղել է Վրաստանը։ Հայաստանի Հանրապետությունը տվյալ երթուղում պետք է օգտագործվեր որպես տարանցիկ գոտի։

Մաքսային հսկողության շրջանակում, բեռնատարը ենթարկվել է ռենտգեն զննության։ Նախնական ստուգման ընթացքում կասկածելի պատկերներ կամ թաքցված բեռի առկայություն չի արձանագրվել։ Մաքսային հսկողությունը շարունակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի վարժեցված շան միջոցով: Բեռնատարի կցորդի աջ և ձախ հատվածներում շունը ցուցաբերել է թմրադեղեր հայտնաբերելու վարքագիծ: Որոշում է կայացվել տրանսպորտային միջոցը առավել մանրամասն զննության նպատակով տեղափոխել հարավային տերմինալ մաքսային պահեստ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցները, կիրառելով հատուկ տեխնիկական միջոցներ, ապամոնտաժել են  կցորդի մետաղական հատվածները։ Արդյունքում հայտնաբերվել են հատուկ պատրաստված և զոդված գաղտնարաններ, որոնցում թաքցված է եղել շուրջ 28 կիլոգրամ ընդհանուր քաշով  111 հատ առանձին փաթեթներով «հաշիշ» տեսակի թմրամիջոց։

Թմրամիջոցների մաքսանենգություն իրականացնելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Հարուցվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հնարավոր հանցավոր կապերն ու կազմակերպիչներին պարզելու նպատակով։

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ թմրամիջոցների ապօրինի տեղափոխման և շրջանառության դրսևորումներից՝ պահպանելով օրենքի պահանջները և նպաստելով հանրային անվտանգության ապահովմանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՊԵԿ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031