Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում քրեակատարողական ծառայության մասին օրենքում

Մայիս 18,2026 17:43 Share

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում: Հիմնական կարգավորումներն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը:

Փոփոխությունները պայմանավորված են գործող իրավակարգավորումների կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծմամբ, ինչպես նաեւ թերի եւ տարընկալումների տեղիք տվող հարցերի հստակեցմամբ:

Առաջարկվում է ընդլայնել ծառայության մեջ ներգրավվելու հնարավորությունը՝ վերացնելով տարիքային սահմանափակումը, որը ներկայումս 30 տարին է: Դա հնարավորություն կտա համակարգ ներգրավել փորձառու եւ կարողունակ մասնագետների, օպտիմալացնել քրեակատարողական ծառայության կարգը, կառուցվածքը: Նախատեսվում է միավորել երկու առանձին գործառույթներ իրականացնող, սակայն միեւնույն նպատակը հետապնդող ստորաբաժանումները՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների եւ պահպանության ապահովման բաժինները մեկ վարչության ներքո:

Կհստակեցվի լիազորությունների շրջանակը՝ ուժը կորցրած ճանաչելով պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու եւ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում վերահսկողություն իրականացնելու լիազորությունը՝ նկատի ունենալով, որ այն իրականացվում է Պրոբացիայի ծառայության կողմից: Նախատեսվում է ներդնել առաջխաղացման ճկուն մեխանիզմներ:

Կատարողականի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն ստացած քրեակատարողական ծառայողին առանց մրցույթի քրեակատարողական ծառայության ավելի բարձր պաշտոնում նշանակելու հնարավորություն կստեղծվի:

Նախատեսվող փոփոխություններով կհստակեցվեն եւ կպարզեցվեն գլխավոր եւ առաջատար պաշտոնների խմբերում նշանակվելու համար ներկայացվող պայմանները:

Քրեակատարողական ծառայողը հնարավորություն կունենա սեփական նախաձեռնությամբ առանց մրցույթի փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնից ավելի ցածր պաշտոնի կամ ծառայության այլ վայր՝ ապահովելով հավասարազոր պաշտոնի բացակայության պայմաններում բնակության վայրին մոտ քրեակատարողական հիմնարկում կամ նույն հիմնարկի մեկ այլ ստորաբաժանումում ծառայելու հնարավորությունը:

Կհստակեցվեն Արդարադատության նախարարի լիազորությունները որոշումների կայացման եւ վերանայման գործընթացներում:

Օրենքի 39-րդ եւ 40-րդ հոդվածներում առաջարկվող լրացումներով Քրեակատարողական ծառայողին քրեակատարողական ծառայությունից ազատելու հիմքերում ավելանում է ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու պարագայում տվյալ պաշտոնն այդ պահին զբաղեցնող ծառայողին ծառայությունից ազատելու պայմանն այն դեպքում, եթե Քրեակատարողական ծառայությունում առկա հնարավորությունների սահմաններում առաջարկվում է պաշտոն, իսկ ծառայողը հրաժարվում է: Հնարավորությունների բացակայության պարագայում սահմանված կարգով ծառայողն ազատվում է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից եւ գրանցվում կադրերի ռեզերվում, որտեղ եւս նախատեսվում է պաշտոնն այդ պահին զբաղեցնող ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու հիմք՝ պաշտոնը նախկինում զբաղեցրած ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում: Նման պարագայում կհստակեցվի եւ կկարգավորվի իրավիճակով պայմանավորված նախկին ծառայողին աշխատանքում վերականգնելու դեպքում տվյալ պաշտոնն այդ պահին զբաղեցնող մեկ այլ ծառայողի աշխատանքից ազատելու կամ կադրերի ռեզերվում գրանցելու հետ կապված հարաբերությունները:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031