Aravot.am-ի հարցերին պատասխանել է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անահիտ Ադամյանը:
-Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը, բոլորի դեպքում հնարավորությունները նո՞ւյնն են, արդյոք կա՞ վարչական ռեսուրսի կիրառում:
-Քարոզարշավի արդեն 10-րդ օրը հաստատում է, որ անակնկալներ չկան ու չէին էլ լինելու: Ընտրարշավից առաջ էլ ակնհայտ էր, որ քաղաքական ուժերը բաժանվում են երկու մասի՝ անկախականներ և գուբերնիստներ: Անակնկալ չէր նաև, որ հատկապես գուբերնիստներն են ամենաբարձր բղավում ինքնիշխանության ու անվտանգության, տնտեսության զարգացման, ինքնության պահպանության անհրաժեշտության մասին: Անակնկալ չէր նաև նրանց ընտրովի «հիշողությունը» ու ընդհանրական ամնեզիան՝ երեք նախագահների անմիջական ու միջնորդավորված ներկայության պարագայում: Նրանք ստում են իրենց կառավարման տարիների մասին ու սպառնում են՝ ապավինելով վախի ու ստրկամտության հենասյուներին:
Հնարավորությունները բոլոր ուժերի համար հավասար չեն, ընտրարշավից առաջ էլ բացահայտ էր Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ֆինանսական ռեսուրսների շռայլ օգտագործումը գովազդի, գրասենյակների բացման ու աշխատակիցների ընդունման առումով: Հակակոռուպցիոն կոմիտեի ու քննչական մարմինների հրապարակումները վկայում են, որ «Ուժեղ Հայաստանի» ուժը միայն ֆինանսներն են: Նվազագույնը տարօրինակ է, որ այսքան բացահայտումներից հետո «Ուժեղ Հայաստանը» մնում է ընտրապայքարում: Պատճառը օրենսդրության բացերն են, որ ԿԸՀ-ին հնարավորություն չեն տալիս իրավիճակին համարժեք գործել և ապահովել ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ընտրության հավասար պայմաններ: Վարչական ռեսուրսի կիրառման պարագայում ևս պետք է գործեն օրենքները՝ պահպանելով հավասարության սկզբունքը:
Կարդացեք նաև
-Ի՞նչ հարցերով են հանդիպումների ժամանակ Ձեզ դիմում քաղաքացիները, ո՞րն է Ձեր ծրագրի մեխը, որի համար ընտրողը իր քվեն հենց «Հանրապետություն» կուսակցությանը պետք է տա:
-Մենք արդեն եղել ենք Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում և, իհարկե, Երևանի համայնքներում: Գլխավոր հարցը անվտանգությունն է և տնտեսության զարգացումը, այս խնդիրների շուրջ մենք միշտ ենք առաջարկներ ներկայացրել, և մեր առաջարկները վերաբերել են թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության անհրաժեշտ փոփոխություններին: «Հանրապետություն» ծրագրի առաջին կետում անվտանգությունն է, երկրորդը՝ արտադրություն և աշխատատեղեր, երրորդը՝ արժեքներ, չորրորդը՝ արդարադատություն, հինգերորդը՝ ապագա:
Եթե ընդհանրական՝ մեխը սեփական ուժերի վրա հենվելով, սեփական ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ, իրական դաշնակիցների հետ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ամրակայման, տնտեսության թռիչքային զարգացման, Հայաստան 2040 ազգային երկարաժամկետ ծրագիրն է, որի նպատակն է Հայաստանը դարձնել անվտանգ, զարգացած, տեխնոլոգիական պետություն՝ աճող բնակչությամբ: Մենք առաջարկում ենք համաշխարհային միտումներին, անվտանգային նոր ճարտարապետությանը, տնտեսական վերափոխումներին համընթաց՝ պետության զարգացման գաղափարախոսություն՝ համաժամանակյա զարգացում՝ պահպանման և արդիականացման համադրում: Մեր նպատակն է՝ ունենալ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, որն անվտանգ է, բարեկեցիկ ու զարգացող: ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, որը ՀԵՌԱՆԿԱՐ ունի, որի քաղաքացիները գիտեն երազել ու սիրել իրենց ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԱՇԽԱՐՀԸ: ՊԵՏՈՒԹՈՒՆ, որ միավորում է ԲՈԼՈՐ հայերին: Մենք առաջարկում ենք կառավարության կառուցվածքային փոփոխություններ և տնտեսության կառուցվածքի փոփոխություն: Իրական փոփոխություններ, որոնց նպատակը անվտանգությունն է, արտաքին քաղաքականության փոփոխությունը, ժողովրդագրական պատկերի փոփոխությունը, մթնոլորտի փոփոխությունը:
«Հանրապետություն» խորհրդարան է գնում աշխատելու, մենք ևս 5 տարի կորցնելու ժամանակ չունենք իշխանության ու Կրեմլի վկաների անվերջանալի բանավեճի վրա, որ ոչ պետությանն են վերաբերում, ոչ քաղաքացուն, ոչ կենսական խնդիրների լուծմանը: «Հանրապետությանը» ձայն տալով՝ ձայն են տալիս իրենք իրենց խնդիրների լուծմանը, որովհետև «Հանրապետությունը» հենման կետ է ժողովրդավարության խորացման, ԵՄ-ի անդամակցության ու TRIPP-ի կառուցման համար: Գերկարևոր է, որ իր քաղաքականության հիմքում բալանսավորումը դնող և ինքնիշխանության խարխլման ու պետության կազմաքանդման նպատակ ունեցող Կրեմլի վկաներից բացի Ազգային ժողովում ներկայացված լինի հնարավորինս շատ մանդատներով արևմտյան արժեհամակարգ դավանող քաղաքական ուժ, որպեսզի կարողանա ազդել պետության համար կենսական խնդիրների լուծման վրա՝ ժամանակ չկորցնելով: Ու մենք հավատում ենք մեր ընտրողին:
-Ինչպե՞ս եք վերաբերվում քարոզարշավի ժամանակ հնչած ատելության խոսքին: Օրինակ՝ այսօր Նիկոլ Փաշինյանը մի քանի ուժերի ներկայացուցիչների մասին ասել է, որ «կզացնելու» է և նման այլ արտահայտություններ է օգտագործել, թիրախավորել է արցախցիներին: Արդյոք նման երևույթները նորմա՞լ են:
-Ատելության խոսքն անընդունելի է որևէ բանական մարդու համար: Եվ դա այս քարոզարշավի առանձնահատկությունը չէ՝ մինչև քարոզարշավն էլ ատելության, թշնամանքի ու անհանդուրժողականության խոսքը, հայհոյանքն ու նզովքները, սպառնալիքները հորդում էին սոցցանցերում: Իմ ցանկացած հարցազրույցի ու ստատուսի քոմենթներում հայհոյանքի ու սպառնալիքների այնպիսի բազմազանություն է, որ միշտ չեմ հասցնում ջնջել: Վստահաբար՝ դա թուլության, անզորության ու ասելիք չունենալու ինքնախոստովանություն է: Ցավոք, քաղաքական ուժերը ևս ընտրարշավում զերծ չեն նման դրսևորումներից և ակնհայտորեն՝ դա ևս իրենց թուլության խոստովանությունն է: Երբ քաղաքական խոսքով ակնկալված արդյունքի չես հասնում, ստիպված ապավինում ես քաղտեխնոլոգիաներին: Այդպես ի հայտ են գալիս «համբալները», դիմակավորված անձինք՝ սպառնալիքներով, և՝ ածանցյալ հետևանքներով: «Հանրապետությունը» չի հայհոյում, չի անիծում, չի սպառնում, որևէ մեկին չի անվանարկում ու չի օգտագործում քաղտեխնոլոգիաների այդ միջոցը, որովհետև մեր քաղաքական խոսքը մեզ լիովին բավարարում է՝ մեր գաղափարները տեղ հասցնելու համար: Մենք հունիսի 8-ին էլ շարունակելու ենք ապրել մեր հայրենիքում և պարզ ու շիտակ նայել բոլորի աչքերին: Նաև նրանց, որ մեր պաստառներն են պոկում, մեզ են հայհոյում ու մեզ սպառնում: Մեզ համար դա թուլության ու վախի դրսևորում է, ոչինչ ավելին:
Ինչ վերաբերում է արցախցիներին թիրախավորելուն, որևէ մեկն իրավունք չունի հայրենիք կորցրած մարդու ցավի, կարոտի ու հույսերի վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել: Կրեմլի վկաները նրանց խաբում են, տուն վերադարձի այս պահին անիրականանալի խոստումներ տալիս՝ նախ նրանց ձայների, հետո՝ անկայուն իրավիճակ ստեղծելու համար: ՌԴ անձնագիրը անգամ ՌԴ-ում պաշտպանություն չէ, ռուս խաղաղապահները Արցախում միացել էին ճանապարհը փակած ադրբեջանցի կեղծ բնապահպաններին, Բաքվին հանձնեցին Արցախի նախկին ու ներկա ղեկավարներին… Ինքնախաբեություն է հավատալ ՌԴ-ի աջակցությամբ Արցախ վերադարձին, երբ ՌԴ-ն հանձնեց Արցախը Բաքվին՝ չկատարելով իր խաղաղապահ առաքելության որևէ կետ՝ սկսած Փարուխից, Խծաբերդից ու Հին թաղերից մինչև Արցախից իրենց հեռանալը: Անփառունակ փախուստը…
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

















































