Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծախված ստահակներ եք ձեր ամբողջ շայկան»․ հիմա էլ Փաշինյանը վիրավորեց Րաֆֆի Հովհաննիսյանին, Զարուհի Փոստանջյանին և այլոց

Մայիս 18,2026 20:50 Share

«Զարուհի, ի՞նչ ես խոսում… Ռոբերտին ու Սերժին ծախված ստահակ, չես էլ ամաչում, գետինը մտնես: Դու ո՞վ ես ընդհանրապես. էժա՛ն, էժա՛ն, գնա Վարդանիկին պաշտպանի, էժանի մեկը, կաշառակեր ստահակ… »,- հայտարարել է նա՝ հավելելով, որ եթե այդ գործիչները ժամանակին չգնային նախապես գործարքի, ապա հեղափոխությունը կլիներ ոչ թե 2018-ին, այլ շատ ավելի վաղ»,- Արաբկիրում քարոզարշավն ամփոփելով՝ Մերգելյան այգում իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ հիշեց Զարուհի Փոստանջյանին։

Հետո էլ անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանին և այլոց։ Դիմելով Զարուհի Փոստանջյանին՝ ասաց․ «Ընդհանրապես հետո պարզվեց, որ դու, քո շեֆը՝ Րաֆֆին, Ռոբին ու Սերժին ծախված եք։ Ժողովրդին առաջնորդում էիք գիտակցված դեպի կործանում։ Դու, Լևոնը, Րաֆֆին, Վազգենը, մյուսները ծախված ընդդիմության ներկայացուցիչներ եք, դուք վճարվել եք Սերժից ու Ռոբից, որ ժողովրդին ամեն անգամ տանեք պարտության։ Այդ հեղափոխությունը 2018-ին չէր լինի, այլ կլիներ 2003-2004-ին, եթե Լևոնը, Րաֆֆին, Վազգենը, Զարուհին և իրենց նման ստահակները նախապես գործարքի տարած չլինեիք ժողովրդին։ Ձեր ամբողջ շայկան վճարվել է, դուք հացկատակների խումբ եք, որ էս ժողովրդին ամեն անգամ տարել է դեպի պարտություն»։

Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում ավելի ուշ արձագանքել է Նիկոլ Փաշինյանին՝ մասնավորապես գրելով. «Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ, հայհոյական բառապաշարի և սպառնալիքների կիրառումը, որը ոտնահարում է համակեցության կանոններն ու նվաստացնում քաղաքացուն, իրավական պետությունում պետք է որակվի առնվազն որպես խուլիգանություն: Իսկ երբ առկա են ֆիզիկական բռնության տարրեր ու կոչեր և պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահում, արարքը դառնում է քրեաիրավական գնահատականի հստակ հիմք:

Քաղաքական կարգավիճակը, առավել ևս նախընտրական քարոզարշավը, չեն կարող հանդիսանալ ինդուլգենցիա (մեղքերի թողություն)՝ հանրային վայրերում պատժելի վարքագիծ դրսևորելու համար։

Նախընտրական քարոզարշավների ժամանակ Փաշինյան  Նիկոլի ուժեղ ընդգծված նյարդայնությունն ու էմոցիոնալ բռնկումներն ունեն թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական խորքային պատճառներ։ Ինչպես հանրահայտ ասացվածքն է հուշում՝ «կրակ չկա առանց ծուխ», և այս համատարած լարվածությունը պատահական չէ։

Նշեմ մի քանի հիմնական գործոն, որոնք մերկացնում են նմանօրինակ «հիստերիկ» վարքագծի դրդապատճառները.

Վերարտադրության գերխնդիրը.

Իշխանությունը ցանկացած գնով պահելու և վերարտադրվելու հարցը գործող վարչախմբի համար վերածվել է կենաց-մահու խնդրի, ինչն ուղղակիորեն կաթվածահար է անում սառնասիրտ վարքագծի դրսևորումը և որոշումներ կայացնելու ունակությունը:

Անխոցելիության առասպելի փլուզումը.

Փաշինյան Նիկոլն այսօր հանրությանը մատնեց իր ամենամեծ վախը՝ սեփական անխոցելիության զգացողության կորուստը։ Քարոզարշավի ժամանակ երբեմնի «ժողովրդական» ընդունելության փոխարեն նա անընդմեջ բախվում է համատարած սառնության, կոշտ հարցադրումների և բացահայտ մերժման: Այս վերաբերմունքը նրա և իր թիմակիցների մոտ առաջացրել է ներքին խուճապ ու տագնապ: Ագրեսիայի և բղավոցների այդ տեսարանում Առողջապահության նախարար Ավանեսյան Անահիտի դեմքին դաջված ահասարսուռ հայացքն այդ թիմային վախի լավագույն ապացույցն էր: Մշտապես ուրախ ու զվարթ, երգող և պարող Ավանեսյան Անահիտը սարսափած էր:

Քաղաքական «դիջեյության» սնանկությունն ու փաստարկների դեֆիցիտը.

Փաշինյան Նիկոլի հրապարակային հանդես գալու ոճը ի սկզբանե ձևավորվել է կիսաճշմարտությունները բամբասանքի տեսքով հրամցնելու և հանրահավաքներում աղմկելու՝ քաղաքական «դիջեյության» տրամաբանության մեջ: Հանրային հարթակում նրա հիմնական գործիքները միշտ եղել են բարձր ձայնը, անկիրթ բառապաշարով էմոցիոնալ շեշտադրումները և հակառակորդին սաստելը։ Այսօր, կորցնելով ինքնատիրապետումը, նա պարզապես վերադարձավ իր բնական կերպարին, քանի որ ճգնաժամային իրավիճակներում մարդիկ հակված են կիրառելու իրենց համար ամենահարմարավետ ու ծանոթ մոդելը։ Երբ փաստարկները սպառվում են, ավտոմատ միանում է «հարձակումը որպես պաշտպանության լավագույն միջոց» էժանագին տակտիկան։

Այսօր մենք ականատեսը դարձանք փողոցից և ցածր շերտերից հանկարծակի իշխանական բարձունքների ու կարգավիճակի հասած այն տեսակի վարքագծին, որը, չնայած արտաքին ատրիբուտներին (թանկարժեք կոստյումներ, պաշտոնական դիրք, շքախումբ, թիկնապահներ), ներքուստ պահպանում է իր նախկին կենդանական բնազդներն ու փողոցային ագրեսիան:

Այսօր Փաշինյան Նիկոլի իրական բնազդների դրսևորման տեղատարափ էր: Հայտնվելով սուր սթրեսի մեջ և բախվելով անզեն կնոջ երկաթյա ու անպատասխանելի հարցադրումներին, նա անճարությունից անցավ ֆիզիկական ճնշման՝ քաշելով կնոջ թևից, և պայթեց հիստերիկ, հայհոյախառն բղավոցներով՝ «Կզցնելու եմ, Չոքցնելու եմ, Կոխելու եմ»:

…Հանրային վայրերում հնչող «Կզցնելու, Չոքցնելու, Կոխելու» սպառնալիքները, քաղաքացիների թիրախավորումն ու հիստերիկ վարքագիծը ոչ այլ ինչ են, քան սեփական կատարյալ անկարողության և խորը թաքնված վախերի հանրային խոստովանություն:

Փաշինյան Նիկոլը այսօր ի ցույց դրեց, որ բարձր պաշտոնն ու արտաքին փոփոխությունները չեն կարող թաքցնել մարդու ներքին մշակույթի, կրթության և արժեհամակարգի դեֆիցիտը, որը ճգնաժամի պահին անմիջապես ջրի երես է դուրս գալիս:

…«Ութ տարի հնարավորություն ունեիր, անեիր» քաղաքացու հարցին Փաշինյան Նիկոլը պատասխանեց բղավոցներով՝ «Կզցնելու եմ, Չոքցնելու եմ ու Կոխելու եմ համապատասխան տեղը» և գնաց քարոզելու այլ վայր:

Փաշինյան Նիկոլի կողմից հանրային շփման բռնկման ժամանակ կիրառված բառապաշարը պատահական չէր, այլ հանդիսանում էր նրա անցյալի վախերի և ենթագիտակցական բարդույթների արտացոլումը (պրոյեկցիան) հարցապնդում ներկայացնող քաղաքացու վրա:

…Իսկ երբ երկրի իշխանության ղեկը գտնվում է մի անձի ձեռքին, ով անցյալում սերտ առնչություն է ունեցել  քրեական ենթամշակույթի հետ և տարիներ առաջ մեծ սարսափ ու հոգեբանական տրավմա է ապրել «Կոշ» ՔԿՀ-ում՝ իրեն «կզցնելու», «չոքցնելու»  և համապատասխան տեղը «կոխելու» իրական սպառնալիքներից, ապա ենթագիտակցական այդ վախերի հանրային պրոյեկցիան դառնում է անխուսափելի: Այսօր նա սեփական անցյալը հիշելով փորձեց վախեցնել իր իրական հակառակորդներին, ինչը վկայում է հոգեբանական կատարյալ փլուզման մասին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031