Լրահոս
Օրվա լրահոսը

Նման կարգավորումն էապես սահմանափակում է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման ներկայումս հասանելի միակ գործիքով քաղաքացիների կողմից առաջարկների ներկայացման հնարավորությունը. ՀՔԱՎ

Մայիս 20,2026 15:46 Share

ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 22.04.2026 – 07.05.2026թթ․ հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։

Նախագծով առաջարկվում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) հրապարակվող նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները բացառապես «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով: Նման կարգավորումն էապես սահմանափակում է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման ներկայումս հասանելի միակ գործիքով քաղաքացիների կողմից առաջարկների ներկայացման հնարավորությունը։

Խնդրահարույց է այն հանգամանքը, որ իրավական ակտերի նախագծեր մշակելիս հանրության մասնակցությունն առավելագույնս ապահովող նոր գործիքների և մեթոդների ներդրման փոխարեն պետությունը շարժվում է առկա ոչ լիարժեք աշխատող գործիքները սահմանափակող, արհեստական խոչընդոտներ ստեղծող ուղիով։

Հիմնավորմամբ չի նշվել, թե ՀՀ բնակչության քանի՞ տոկոսն է ներկա պահին կարողանում և օգտվում «Ես եմ» ազգային նույնականացման հարթակից, ինչը սույն նախագծի դեպքում քննարկման ենթակա ամենաառաջնահերթ հարցերից է։ Նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ նշված կարգավորումը միտված է էլեկտրոնային գործիքակազմերի արդիականացմանը։ Հարկ է նշել, որ էլեկտրոնային գործիքակազմերի զարգացման ընթացող բարեփոխումները երբեք չեն կարող ստորադասել քաղաքացիներին ՝ օրենքների և այլ իրավական ակտերի ընդունման գործընթացում ակտիվորեն ներգրավելու և խորհրդակցելու պետության պարտականությանը։ Հարկ է նշել, որ միայն «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով համակարգից օգտվելու կարգավորումը տարածվում է ոչ թե հարթակի միջոցով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքի իրացման համար, որի դեպքում տրամաբանորեն կարող է պահանջվել էլեկտրոնային ստորագրություն, այլ առհասարակ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ ներկայացնելու, կողմ կամ դեմ քվեարկելու իրավունքի վրա։ Բացի այդ, քիչ չեն դեպքերը, երբ անձինք ցանկանում են իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացնել անանուն։

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկվող կարգավորումը հանրության մի ստվար շրջանակի զրկելու է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման հարթակից օգտվելու հնարավորությունից՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանել շրջանառությունից։

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031