«Փաստի» հետ զրույցում անդրադառնալով իշխանությունների և ընդդիմության՝ հանրությանը տրվող մեսիջներին, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նշում է՝ իշխանությունների թիվ մեկ թեզն այն է, որ փորձում են ժամանակավոր հրադադարը ներկայացնել որպես խաղաղություն։ «Կամ՝ ոչ թե սոցիալական խոստումներ են տալիս, այլ հրշեջ բրիգադների նման փորձում են կրակները մարել՝ տասը հազար դրամով թոշակներն ավելացնելով, վարորդական իրավունքների վերականգնումով, թեպետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ կառավարության նիստում բողոքում էր վարորդներից, որոնք զրկվել են վարորդական իրավունքից՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Իրենց մոտ իրավիճակն այնքան՝ չասեմ կրիտիկական է, բայց լուրջ է, և նույնիսկ մի քանի հազար վարորդի ձայնն իրենց համար այնքան կարևոր է (որոնք, հնարավոր է, վարորդական իրավունքի վկայական ստանալուց հետո գնան և ՔՊ-ի օգտին քվեարկեն), որ պատրաստվում են այդ քայլն էլ անել։ Իրենց սոցիալական խոստումները կամ գործողությունները մեծապես ուղղված են դրան՝ այս կրիտիկական պահին մարել կրակը, փորձել թեկուզ և փոքր, բայց ինչ-որ խմբերի ևս ներգրավել, որովհետև Նիկոլ Փաշինյանն իրականում եկել, հասել է իր «էլեկտորալ առաստաղին», այսինքն՝ կա որոշակի զանգված, որը պատրաստ է գնալ ու քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Լավ է, թե վատ, բայց սա կա, մարդիկ մեզ հետ միասին ապրում են նույն երկրում։ Կա նաև վարչական ռեսուրսը։ Մյուս կողմից՝ Փաշինյանը ոչ թե պարզապես հայտ է ներկայացրել մոնոպոլիան պահպանելու, նա ուզում է 65 տոկոս ձայն ստանալ, բայց այն գործողությունները, որոնք իրենք են իրականացնում, խոսում են այն մասին, որ, մեղմ ասած, դա հնարավոր չի լինում ստանալ։ Այս խոսույթին պետք է շատ լուրջ վերաբերվենք։ Այս մարդու համար ցանկացած այլ ցուցանիշ պարտություն է լինելու, որովհետև այն պարտականությունները, պարտավորությունները, որ նա իր վրա վերցրել է, չի կարող կյանքի կոչել առանց սահմանադրական մեծամասնության, իսկ հիմա իրենք մաթեմատիկական մեծամասնություն ստանալու հետ կապված ակնհայտ խնդիրներ ունեն»։
Հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելու կարևորության մասին։ «Ընտրություններին մասնակցող քաղաքացիներն ունեն լեգիտիմ հնարավորություն՝ պատժել Նիկոլ Փաշինյանին չկատարած խոստումների համար։ Բայց կա, իհարկե, նաև ուրիշ կողմը. սա նաև լեգիտիմ հնարավորություն է այն քաղաքացիների համար, որոնք կիսում են Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, այն է՝ արցախցիներն ու ռուսները մեր թշնամիներն են, թուրքերն ու ադրբեջանցիները՝ մեր բարեկամները։ Իրենք էլ ունեն լեգիտիմ հնարավորություն Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել այո։ Դրա հետևանքները բոլորս ենք զգալու։ Հունիսի 7-ին մարդիկ գերդաստաններով, տոնական տրամադրությամբ պետք է գնան և մասնակցեն ընտրություններին, կրկին ասեմ՝ պատժելու նրանց, ովքեր իրենց խաբել են»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































