«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Աննա Մանուկյանն է:
– Նիկոլ Փաշինյանը սկսել է ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել, եւ տպավորություն է, որ նա հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունի: Նա սպառնում է մարդկանց «սատկացնել», տարօրինակ մեղադրանքներ է ներկայացնում ընդդիմադիր ուժերին, անիծում է մարդկանց: Սրանք ի՞նչ դրսեւորումներ են:
– Այս ամենն առաջին հերթին վկայում է միջավայրի հուզական լարվածության մասին: Ընդհանրապես, երբ վիրավորական խոսքերի առատություն է նկատվում, միջավայրում առաջանում են հուզական լարվածություն եւ տագնապ: Քաղաքական խոսքը պետք է լինի կշռադատված, պրոֆեսիոնալ եւ, որ ամենակարեւորն է` մարդկային: Սխալ է ասելը, որ քաղաքականության մեջ, այն էլ` ընտրություններից առաջ, վեճեր հարկավոր չեն, բայց եթե դիսկուրսը կառուցողական չէ, եթե վիրավորանքների տեղատարափ է սկսվում, եթե անձնական վիրավորանքները գերակշռում են, այստեղ կա խնդիր: Մենք ունենք ազգային տագնապներ, մեր հասարակությունն ընդհանուր հուզական լարվածության մեջ է հայտնվել, եւ դա գալիս է ատելության խոսքի առատությունից: Հետեւելով քաղաքական պրոցեսներին՝ ես կարծում եմ, որ շատերը քաղաքական գիտելիքի պակաս ունեն: Հայ ժողովուրդն այնպիսի մեկի կարիքն է զգում, որը կլուսավորի խավարը, կտա անպատասխան հարցերի պատասխանները, եւ հենց այս փնտրտուքի արդյունքում է, որ լարվածությունն օրեցօր մեր կյանքում մեծանում է: Այո, մեր միջավայրն այժմ ագրեսիվ է, բայց մարդիկ չեն ուզում ագրեսիա: Մարդիկ ամենուր մեղավորներ են փնտրում, որովհետեւ երկրում բավականին բարդ մթնոլորտ է: Մեր ժողովուրդը կարիք ունի գտնել մեկին, որը կհասկանա իրեն, ցույց կտա ելքեր ու ճանապարհ: Ըստ իս` հասարակության մոտ նկատվում է բարձր տագնապայնություն, բեւեռացում եւ հուզական գերլարվածություն: Առկա է նաեւ կոլեկտիվ տագնապային վիճակ, որը բնավ մեկ անձով պայմանավորված չէ: Նման դեպքերում միջավայրը կիսվում է երկու մասի` մերոնքական եւ ձերոնքական: Այն ինֆորմացիան, որը ստանում է հայ ժողովուրդը, բավականին շատ է: Այն ծանրաբեռնում է մարդու ուղեղը՝ մարդուն դարձնելով առավել տագնապային: Ես՝ որպես հոգեբան, չեմ կարող հեռավար կերպով որեւէ քաղաքական ուժի ախտորոշել:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































