Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել՝ հանուն Հայաստանի, մինչդեռ Փաշինյանն ամեն ինչ զոհաբերում է՝ հանուն իր աթոռի»․ Սամվել Կարապետյան

Մայիս 21,2026 18:33 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացնում Արագածոտնի մարզում։

Թալինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանն ասաց․ «Մենք պետք է մեր երկիրը հայկական պահենք, որ հույսը չդնենք ուրիշի վրա, մեղքը չբարդենք ուրիշի վրա, մենք ուժեղ լինենք, մեր տունը լցնենք մանուկներով, մեր երկիրը, մեր ժողովրդին նորմալ կյանք ու աշխատանք ապահովենք ու մնանք մեր երկրում, ուժեղացնենք մեր երկիրը։ Մենք պետք է փոխենք մեր երկրի ընթացքը, մեր աղքատ շրջաններում պետք է գործ լինի, այս մարդիկ պիտի զբաղվեն աշխատանքով»։

Թալինցիներին տեսաուղերձով դիմեց նաև «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նա նշեց, որ իր ձայնը բարձրանում է մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության մեջ, պատերազմի, վախի ներքո և պառակտված վիճակում։ «Թեև անձամբ ձեր կողքին չեմ, բայց ես միանում եմ ձեր բոլորի ձայներին, միասին մենք այն ուժն ենք, որը փոփոխություն է բերելու։ Եվ այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել, մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում՝ հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին։ Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել՝ հանուն Հայաստանի, մինչդեռ Փաշինյանն ամեն ինչ զոհաբերում է՝ հանուն իր աթոռի»,- ասաց Սամվել Կարապետյանը։

Նա նշեց, որ «Ուժեղ Հայաստան»-ը կստեղծի Հայաստանի նոր տնտեսություն, նոր գործարաններ՝ 300 հազար նոր աշխատատեղերով, բիզնեսի և գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։ «Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը և պաշտպանությունը։ Մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ պաշտպանություն՝ պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ ու վերազինված բանակով, որոնք իսկապես կերաշխավորեն խաղաղությունը՝ ոչ թե բառերով, այլ գործով։ Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը՝ դատարկում են սեփական գրպանները՝ հանուն մեր հայրենիքի բարեկեցության։ Արդարությունն ու ներքին համերաշխությունը հարատև են լինելու Հայաստանում»,- նշեց Սամվել Կարապետյանը։

Նա ասաց, որ այս բոլոր խոստումների իրականացումը երաշխավորում է։ Իսկ գործող իշխանությունը վախեցնում է, որ եթե ընդդիմությունն ընտրվի, սեպտեմբերին պատերազմ կլինի։ «Իմ խոստումն է, որ մեր հաղթանակի և իմ կողմից վարչապետի պաշտոնի ստանձնումով՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ են լինելու»,- հավելեց Կարապետյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031