«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն այսօր նախընտրական հանդիպման ժամանակ պատասխանել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարություններին։
Հիշեցնենք, որ երեկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր ելույթում Սուրեն Պապիկյանը հարցադրում էր արել․ «Կալուգացի Սամո, քեզ հարցնում եմ՝ գերդաստանումդ 6 չափահաս տղա ես ունեցել, երկուսը՝ քոնը, երկուսը՝ ախպորինդ, երկուսն էլ՝ քրոջինդ, ինչի՞ չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի»։
«Երեկ մեր հայրենիքի պաշտպանության նախարարը հայտարարություն է արել, ասել է՝ ինչո՞ւ մենք չենք մահացել պատերազմում՝ ես, իմ եղբայրները։ Դրանից մի երկու օր առաջ էլ Հայաստանի վարչապետն էր այդպիսի հայտարարություն արել, ասել էր՝ ինչո՞ւ արցախցիները չեն մահացել։ Իրենք միշտ խոսում են մահերից, իրենք բերում են մահեր։ Քաջ մարտիկները, որոնք կռվել են Հայաստանի համար, երբ իրենք գալիս են համայնքներ, անգամ չեն գնում այդ մարտիկների հուշակոթողը հարգելու։ Երբ այդ մարտիկների ծնողները Եռաբլուրում հարց են բարձրացրել, իրենք քաշքշել են։ Իրենք բերում են արյուն մեր երկրին, դրա օրինակը հազարավոր զոհերն են։
Կարդացեք նաև
Վանաձորում էր այս հայտարարությունն արել, թե ինչո՞ւ մենք չենք զոհվել պատերազմում։ Դրանից 500 մետրի վրա Սամվել Կարապետյանը կառուցել էր Լոռվա ամենամեծ ծննդատունը ու նվիրել էր համայնքին։ Մենք կյանքի մասին ենք խոսում, ծնունդի մասին ենք խոսում, զարգացման մասին ենք խոսում, իրենք խոսում են զոհվելու ու մահի մասին։ Դրա համար իրենց եկած առաջին օրվանից մահն է հետապնդում հայոց աշխարհը, դրա համար իրենց ճամփու դնելուց հետո եռաբլուրներն էլ չեն շատանալու մեր երկրում, մեր երկրի այգիներն են շատանալու, մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու երկրից գնալ»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
Նա նաեւ նշել է, որ դժվար է Սուրեն Պապիկյանին պաշպանության նախարար անվանել, որովհետեւ եթե իրեն համեմատում ենք Վազգեն Սարգսյանի հետ, տեսնում ենք, որ շատ տարօրինակ տեղ ենք հասել մենք՝ 20 տարվա մեջ Վազգենի աթոռին նստած է չգիտես ով։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































