Ինչո՞ւ են քրեական գործերը գործարարների նկատմամբ կտրուկ նվազել։
Մոտ երկու տարի առաջ հայկական բիզնես միջավայրում իրական պանիկա էր։ Որպես ամենամեծ բիզնես համայնքի ղեկավար՝ ես անմիջապես զգում էի տրամադրությունները. գործարարներն ապրում էին մշտական լարվածության մեջ՝ քննչականի կողմից անհասկանալի ձերբակալությունների, շանտաժի և քրեական հետապնդումների մթնոլորտում։
Մենք որոշեցինք չլռել։
Սկսեցինք ակտիվ պայքարը. հանդիպումներ, ասուլիսներ, խնդրի բարձրաձայնում ամենաբարձր մակարդակով։ Նույնիսկ մշակեցինք օրենսդրական փաթեթ՝ գործարարների համար ավելի պաշտպանված ու կանխատեսելի միջավայր ստեղծելու նպատակով։
Կարդացեք նաև
Այս ճանապարհին մեր մտահոգությունները կիսեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովից Բաբկեն Թունյանը։ Նրա միջնորդությամբ գործարար դաշտ-պետություն պրոցեսներն ավելի արագացան, հարցի քննարկումը տեղափոխվեց պետական համակարգ՝ վերածվելով կառուցողական երկխոսության և կոմպրոմիսային լուծումների ու արդյունքում երկար աշխատանքից հետո հարկային օրենսգրքում փոփոխություններ եղան։
Ի՞նչ փոխվեց հարկային օրենսդրությունում.
Շեմի բարձրացում. Քրեական գործ հարուցելու շեմը 10 մլն-ից բարձրացվեց 30 մլն-ի (իսկ 2 տարվա ստուգման դեպքում՝ 45 մլն)։ Արդյունքում՝ արդեն առկա քրեական գործերի մոտ 30%-ը կկարճվի։
Ֆիլտրեր, ոչ թե ինքնադատաստան. Այլևս քրեական գործ չի կարող հարուցվել առանց ՊԵԿ ներքին հանձնաժողովում քննարկման և տնտեսվարողի հիմնավորումները լսելու։
Անձնական գործոնի բացառում. Եթե նախկինում տեսուչը կարող էր «անձնական տրամադրությամբ» քննչականին «ձեռք տալ» գործարարին, ապա այժմ որոշումը անցնում է բազմափուլ զտում։
Սա գործարար դաշտ-պետություն հարաբերությունների լավագույն օրինակներից է. երբ քննադատությունը լսվում է, իսկ երկխոսությունը բերում է իրական, պրակտիկ արդյունքի։
Բայց կա «բայց»-ը.
Ես պատրաստվում էի ամբողջությամբ դրական գրառում անել, բայց ինձ մի քանի մտահոգիչ տեղեկություններ հասան։ Դեռ լսում եմ դեպքեր, թե ինչպես են հարկայինի օպերատիվ վարչության որոշ անդամներ շարունակում «կիսագողական» ոճի գործելակերպը՝ շանտաժի ենթարկելով գործարարներին և «վախեցնելով», թե օրենքը մի կողմ, իրենք «գիտեն՝ ոնց շրջանցեն»։
Այնպես որ, օրենսդրական փոփոխությունները լավ են, բայց դեռ գործ կա անելու։
Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյան


















































