Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հայտարարություն է անում, կես ժամ հետո դատախազությունը հայտարարում է, որ սկսել են ինչ-որ գործարանի օրինականության վերաբերյալ գործընթաց. Հովհաննես Խուդոյան. «Հրապարակ»

Մայիս 22,2026 11:26 Share

Ընտրարշավի մասին զրուցել ենք իրավապաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ:

– Փաշինյանն իր քաղաքական հակառակորդներին աջուձախ սպառնում է նստեցնել, ունեզրկել, մարդկանց ասում է՝ ինչո՞ւ չեք զոհվել եւ այլն:

– Բացի այն, որ դա քաղաքական հետապնդումների ե՛ւ հրահանգ է, ե՛ւ ուղղակի ապացույց, այսինքն` ընտրական պրոցեսից դուրս, ընտրական պրոցեսում էլ դա իրավախախտում է, որովհետեւ հնարավոր է ազդեցություն ունենա ընտրությունների արդյունքների վրա, որովհետեւ ընդհուպ այդ խոսակցությունները հասնում են այն կետին, որ ասում են՝ ով որ կընտրի այս ուժի ներկայացուցիչներին, մենք իրենց կհամարենք գործակալներ։ Սա ուղղակի ազդեցություն է ընտրողների կամքի վրա եւ հարկադրանքի սպառնալիք է պարունակում:

– Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ տեսանյութ էր հրապարակել, որտեղ ինչ-որ մարդկանց ձայնագրություններ էին, Այդտեղ խոսում էին բենզինով ապահովելու մասին` հանրահավաքի մասնակցելու համար: Ու դրանք ներկայացվում էին որպես ընտրողների վրա ազդելու փորձեր, մինչդեռ Վենետիկի հանձնաժողովի որոշում կա, որ հանրահավաք գնացող մարդկանց տրանսպորտային միջոցներով, դրանց վառելանյութով, ջրի եւ սննդի գումարով ապահովելը նորմա է, ոչ թե օրենքի խախտում:

– Վենետիկի հանձնաժողովի որոշումն այդ առումով վերապահում ունի նախընտրական քարոզչության փուլի համար, բայց ես այդտեղ ուրիշ խնդիր եմ տեսնում, որ իրավապահ մարմինները, երբ որ թեկուզ իրական հանցանք են բացահայտել, դրա մասին ինֆորմացիան տալիս են` քաղաքական ուժերի անուններ նշելով եւ այնպիսի բովանդակությամբ խոսակցություններ տարածելով, որն իրավական նշանակություն չունի: Օրինակ, այդ տեսանյութում մենք տեսնում ենք, որ մի 2-3 րոպե խոսում են ինչ-որ փողի շարժից, որը տեսականորեն կարող է ունենալ նշանակություն, բայց այդ խոսակցությունների վերջնանպատակը, ակնհայտորեն, տարբեր խմբերի միջեւ պառակտում մտցնելուն, վատ արտահայտություններ հրապարակելուն է միտված, որը Քննչական կոմիտեի կամ Հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրը չէ, եւ մենք տեսնում ենք, թե դա ոնց է պասերով աշխատում: Նույն օրը դա հրապարակվում է, նույն օրը դա դառնում է իշխող ուժի քաղաքական խոսույթի մաս:

– Եվ օգտագործվում է քաղաքական հակառակորդներին ճնշելու համար:

– Օրինակ բերեմ․ որոշ ժամանակ առաջ ինչ-որ խոսակցության մեջ ինչ-որ մարդիկ իրենց շրջապատի մարդկանց մասին խոսելիս ասում են՝ շուն-շանգյալ: Հիմա դա ընդհանրապես նշանակություն չունի, մարդու մասին կարող ես ասել՝ շուն-շանգյալ եւ կարող ես ասել՝ շատ հարգարժան մարդ, եթե խոսակցության մեջ կաշառքի մասին թեմա կա՝ կա, եթե չկա՝ չկա, բայց երբ որ իրենք այդ խոսույթը տարածում են, տեսնում ենք, որ հաջորդ օրը ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանն այդ բառերով սկսում է վիրավորել ընդդիմության համակիրներին:

– Այսինքն, նախադեպ են դարձնում:

– Պասերով խաղում են, ապօրինի գաղտնալսում են մարդկանց կամ առնվազն ապօրինի հրապարակում են այս հատվածները, որն իրավական նշանակություն չունի, որպեսզի քաղաքական քարոզչության մեջ կարողանան օգտագործել: Հիմա եթե հավասարության նժարին դնենք, օրինակ, նույն իրավապահների, իրենց ընտանեկան կամ ընկերական զրույցները վերհանենք եւ դարձնենք հանրային սեփականություն կամ «Քաղաքացիական պայմանագրի» հեռախոսազանգերը գաղտնալսենք, վստահաբար կարող եմ ասել, որ խուսույթն առանձնապես շատ չի տարբերվելու, բայց, բնականաբար, սա օգտագործվում է երկակի ստանդարտներով եւ միակողմանի:

– Փաշինյանն արձակուրդում է, սակայն հայտարարում է, որ Ծառուկյանի ցուցակից մարդ կա, որը կհետապնդվի պետական դավաճանության հոդվածով, ապա անունն է հրապարակում` Անդրանիկ Թեւանյան, ասում է` ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ է ստացել: Ի՞նչ է սա նշանակում:

– Այդ մի հայտարարությունն առնվազն հիմք է ցանկացած անձի նկատմամբ, եթե նույնիսկ հիմքերը լինեն, հետապնդումը քաղաքական որակելու համար։ Ի վերջո, ինչ ենք տեսնում․ Փաշինյանը հայտարարություն է անում, դրանից կես ժամ հետո դատախազությունը հայտարարություն է տարածում, որ սկսել ենք ինչ-որ գործարանի օրինականության վերաբերյալ գործընթաց: Արդեն չեն էլ թաքցնում, որ այս բոլոր վարույթներն ուղղակի քաղաքական պատվերի արդյունք են:

Հայկա ԱԼՈՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031