«Վարդանանք» կրթահամալիրում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, «Առավոտ» օրաթերթի առաջին խմբագիր Իգնատ Մամյանի «Արծիվների երկինք» ստեղծագործության հիման վրա ստեղծված առաջին բեմադրությունը։ Միջոցառումը նվիրված էր համանուն գրքի 20-ամյակին և «Մարլեզոնյան բալետ» օպերացիայի 35-ամյակին։ Ներկայացման սցենարի հեղինակը Իգնատ Մամյանի թոռը՝ Արմեն Մամյանն էր։ Դերակատարները՝ ինքը և իր դասընկերները, 11-րդ դասարանի աշակերտները, ներկայացումը նրանց նախագծային աշխատանքն էր։ Արմենը և իր դասընկերները պատասխանատվությամբ էին մոտեցել աշխատանքին։
«Վարդանանք» կրթահամալիրի հիմնադիր Գայանե Սողոմոնյանն ընդգծեց հայրենիքին ծառայելու, զինվորական համազգեստը փառքով կրելու, հայ լինելու պատասխանատվությունը զգալու կարևորությունը։ Ուսումնական գծով փոխտնօրեն Նարինե Ավանեսյանը նշեց, այն սերը, որը տածում ենք հայրենիքի նկատմամբ, պետք է շատ ուժեղ լինի, տանի անձնազոհության, անկոտրում ուժի և նվիրաբերման։ Տիկին Ավանեսյանի խոսքով՝ Արմեն Մամյանը հայրենասիրության վառ օրինակ է։ Իսկ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արևիկ Նավասարդյանի խոսքով, եթե կորցնենք ազգային ինքնությունը, կկորցնենք մեր դերն ու նշանակությունը աշխարհում։
Կարդացեք նաև
Արմեն Մամյանը նշեց, որ իր պատասխանատվությունը շատ մեծ էր, քանի որ անդրադառնալու էր պապիկի՝ Իգնատ Մամյանի ստեղծագործությանը։ Ըստ Արմենի՝ ամեն բան կա՛մ պետք է լիներ կատարյալ, կա՛մ չպետք է լիներ։
«Արծիվների երկինք» գրքի ընտրությունը՝ Արմենի խոսքով, պայմանավորված էր նրանով, որ շատ հաղթական օպերացիաների մասին է խոսվել, սակայն «Մարլեզոնյան բալետ» հաղթական օպերացիայի մասին, որը 1990-ականներին իրականացված տավուշյան հաղթական օպերացիայի անունն է, քիչ է խոսվել։ Արմենը նշեց, որ ներկայացման գլխավոր ասելիքն այն է, որ, թեև ունեցել ենք պարտություններ, սակայն ունեցել ենք նաև հաղթանակներ, որոնք կատարելագործելով՝ պետք է շարունակենք առաջ գնալ։ Հետագայում Արմենը ցանկանում է անդրադառնալ Իգնատ Մամյանի «Մարտնչող լեռնահովիտ», «Վիրավոր լեռան ճիչը» և «Ոսկեպարի Սոսեն» ստեղծագործություններին, որոնք նույնպես պատմում են տավուշյան հաղթական էջերի մասին։
Պայծառ ԲԱԲԱՅԱՆ





















































