«Թե՛ 1996թ., թե՛ 2017-ին առանձին կուսակցությունների ղեկավարներ ընդգրկվեցին մեկ կուսակցության ցանկում: Ոչ թե դաշինք էր կազմվում, այլ խոշոր կուսակցության ցուցակում ընդգրկվում էին այլ կուսակցությունների առաջնորդները: Դա խոսում էր հենց քաղաքական համակարգի չկայացածության մասին, որովհետեւ կուսակցությունն իբրեւ քաղաքական սուբյեկտ երբեւէ չէր կարող իրեն թույլ տալ, որ իր ղեկավարն ընդգրկվեր մեկ այլ կուսակցության ցուցակում՝ որպես այդ կուսակցության թեկնածու ու միաժամանակ հանդես գար որպես իր կուսակցության նախագահ»,- Մեդիա կենտրոնում կայացած «19 քաղաքական միավոր. քանակ կա՛, իսկ որա՞կ» թեմայով քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նրա խոսքով՝ «Իսկ ինչո՞վ էր պայմանավորված այդ իրավիճակը… Քաղաքական կուսակցությունների ձեւավորման համար տնտեսական բազան, ազատությունները եւ այլն չկան: Հստակ է, որ սոցիալական ամեն մի շերտ ունենում է իր քաղաքական ներկայացուցչությունը, միջին խավը՝ իր, խոշոր բիզնեսն՝ իր, մտավորականության, ինտելեկտուալ հատվածի ներկայացուցիչները նախընտրությունը տալիս են որեւէ ուժի կամ ձեւավորում են սեփականը:
Կայացած ժողովրդավարական պետություններում կտեսնենք, որ կուսակցությունների թվաքանակը ոչ թե արհեստականորեն է նվազեցված, այլ քաղաքական համակարգի զարգացման ընթացքում ձեւավորվում են մի քանի կուսակցություններ, որոնց միջեւ էլ գնում է հիմնական պայքարը: Անգամ գաղափարախոսության տեսանկյունից կա նվազագույն թույլատրելի շեմ. խոսքը ժողովրդավարական արժեքների հիման վրա ձեւավորված կուսակցությունների մասին է: Կարող է մեկը, օրինակ, հարկային քաղաքականության վերաբերյալ ունենա այլ մոտեցումներ, մեկը՝ սոցիալական, մյուսը՝ բիզնեսի: Այսինքն՝ ծրագրային առումով քաղաքական ուժերը տարբեր մոտեցումներ կարող են ունենալ, բայց հիմքում ընկած լինի ժողովրդավարական արժեքների պահպանման անհրաժեշտությունը»:
Հարցին՝ հետեւո՞ւմ է, թե ինչպես են ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 19 քաղաքական ուժերը ներկայացված մեդիայում, արդյոք նախնական մեկնարկային պայմանները բոլորի համար հավասար են, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսպես արձագանքեց. «Շատ խորը քաղաքագիտական գիտելիքներ պետք չեն, որպեսզի ակտիվ քաղաքացին նկատի եւ արձանագրի, որ Հայաստանում քաղաքական համակարգը չի կայացել եւ զարգացման փուլում է: Բայց դրա հետ մեկտեղ՝ պետք է արձանագրել, որ որոշակի բյուրեղացում է տեղի ունենում, դիրքավորումներն ավելի հստակ են լինում: Միայն այն փաստը, որ նախորդ ընտրություններին 25 կուսակցություն եւ դաշինք էր մասնակցում, այս ընտրություններին՝ ընդամենը 19, վկայում է այն մասին, որ առողջ գործընթաց է գնում, որը պետք է շարունակվի:
Կարդացեք նաև
Հայաստանի նման փոքր երկրի համար այս մրցակցությունը որոշ անառողջ տարրեր է պարունակում: Քաղաքական համակարգի չկայացած լինելու փաստը նաեւ դրսեւորվում է նրանով, որ հիմնական խաղացողների առաջին դեմքերն այնպիսի մեծ առավելությամբ են իշխում իրենց քաղաքական ուժում, որ եթե առաջին դեմքին մի կողմ դնենք, գրեթե բոլոր ուժերին կարելի է համարել անձ կուսակցություն: Հարց է առաջանում՝ այդ նույն ուժերը առանց առաջին դեմքի ձայն կհավաքե՞ն կամ կուզենա՞ն մասնակցել ընտրություններին:
Ինչ վերաբերում է մեդիային, բնականաբար այստեղ էլ քաղաքական ուժերի հնարավորությունները հավասար չեն, եւ շատ կարեւոր է, որ օրենքով եւ ԿԸՀ-ի գործունեությամբ հավասար պայմաններ ստեղծվեն բոլորի համար: Այսինքն՝ որեւէ գաղափարի կամ տեսակետի նկատմամբ որեւէ սահմանափակում չլինի, բոլոր մասնակիցները հնարավորություն ունենան արտահայտվելու, բայց ինչ վերաբերում է բուն քաղաքական ուժերի հնարավորություններին, բնական է, որ դրանք տարբեր են:
Այն ուժերը, որ երկար տարիներ քաղաքական դաշտում են, առավել եւս, եթե իրենց գործունեության ինչ-որ փուլում հաջողության են հասել, նրանց ֆինանսական հնարավորությունները եւ կադրային պոտենցիալն այլ են: Հիմա ընտրություններին մասնակցող 19 ուժերի մեջ կան այնպիսիները, որոնց դժվար է նույնիսկ ուժ համարելը, քանի որ անծանոթ են հանրության համար: Կարծում եմ՝ այս մասնակցությամբ իրենք հայտ կներկայացնեն, որ իրենց ճանաչեն: Շատ քաղաքագետներ նրանց նման ակտիվությունը հենց այս տեսանկյունից են հիմնավորում»:
Տեսանյութն ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Media Center/Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից




















































