Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պետությունն ինքն է սկսում կասկածի տակ դնել սեփական պատմական հիմքերը, վաղ թե ուշ այդ վակուումը լցվում է արտաքին նարատիվներով. «Փաստ»

Մայիս 23,2026 10:10 Share

Պատմությունը պետությունների և ժողովուրդների համար պարզապես անցյալի իրադարձությունների հավաքածու չէ։ Այն ազգային ինքնության ողնաշարն է, պետականության հոգեբանական հիմքը, քաղաքական հիշողության համակարգը և ապագայի նկատմամբ ժողովրդի պատկերացումների առանցքը։

Յուրաքանչյուր ժողովուրդ իր գոյությունը ժամանակի մեջ հաստատում է ոչ միայն ներկա աշխարհաքաղաքական դիրքով կամ ռազմական ուժով, այլ նաև սեփական պատմական հիշողությամբ, քաղաքակրթական ժառանգությամբ և մշակութային շարունակականությամբ։ Հենց այդ պատճառով էլ պատմության շուրջ պայքարը հաճախ դառնում է ոչ պակաս կարևոր, քան ռազմական կամ քաղաքական պայքարը։ Ժամանակակից աշխարհում տեղեկատվական պատերազմների, նարատիվների բախումների և գաղափարական դիմակայությունների պայմաններում պատմությունը վերածվել է ռազմավարական գործոնի։ Ով վերահսկում է պատմական նարատիվը, մեծապես վերահսկում է նաև քաղաքական ընկալումները, միջազգային վերաբերմունքը և նույնիսկ ապագայի նկատմամբ հասարակության պատկերացումները։ Այս համատեքստում հատկապես վտանգավոր է դառնում այն իրավիճակը, երբ պետությունը կամ, ավելի ստույգ, տվյալ պետության քաղաքական իշխանությունը սկսում է սեփական ժողովրդի պատմական հիշողությանը վերաբերվել ոչ թե որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչի, այլ որպես երկրորդական կամ նույնիսկ խանգարող հանգամանքի։

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը կառուցել է պետական գաղափարախոսություն, որը հիմնված է պատմական վերաձևումների, կեղծարարությունների և հարևան ժողովուրդների պատմական ժառանգության յուրացման վրա։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական պետական պատմագրությունը երկար տարիներ ձևավորվել է ոչ թե սեփական քաղաքակրթական հիմքերի ամրապնդման, այլ առաջին հերթին հայկական պատմության, հայկական մշակութային ներկայության և հայկական ինքնության ժխտման, ավելին՝ այդ ամենի «սեփականացման» տրամաբանության վրա։

Երբ որևէ պետություն չունի խորքային պատմական հենք կամ քաղաքակրթական շարունակականության այնպիսի շերտեր, որոնք կարող են դառնալ ազգային ինքնության ամուր հիմք, հաճախ սկսվում է պատմության արհեստական հյուսման գործընթաց։ Եվ այդ գործընթացը սովորաբար իրականացվում է ուրիշների պատմությունը վերաշարադրելու, մշակութային ժառանգությունը յուրացնելու կամ պատմական իրականությունը քաղաքական նպատակներով վերաձևակերպելու միջոցով։ Ադրբեջանի դեպքում նման երևույթը հատկապես ակնհայտ է Արցախի հարցում (չնայած, ինչու միայն Արցախի, ի վերջո, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան» եզրույթը, Հայաստանի տարածքի հանդեպ «պատմական» նկրտումները ինքնին նշյալ պետական քաղաքականության առանցքային շերտերից են)։ Տասնամյակներ շարունակ հայկական եկեղեցիները ներկայացվել են որպես «աղվանական», հայկական մշակութային ժառանգությունը փորձ է արվել օտարել հայկական արմատներից, հայկական տեղանունները փոխարինվել են նոր անվանումներով, իսկ պատմության մեջ հայկական ներկայությունը փորձ է արվել ներկայացնել որպես ժամանակավոր կամ երկրորդական երևույթ։

Սա պարզապես պատմագիտական վեճ չէ։ Սա պետական մակարդակով իրականացվող ինքնության պատերազմ է, որի նպատակն է ոչ միայն տարածքային վերահսկողություն հաստատելը, այլ նաև պատմական հիշողության վերացումը։ Երբ ոչնչացվում են եկեղեցիները, խաչքարերը, պատմական հուշարձանները, իրականում ոչնչացվում է ժողովրդի պատմական ներկայության ապացույցը։ Այդ պատճառով էլ մշակութային ցեղասպանության մասին փաստերի պարբերական հրապարակումները պատահական չեն, որովհետև, երբ ժողովուրդը զրկվում է իր պատմական հետքերից, ավելի հեշտ է դառնում ապագայում հայտարարել, թե նա երբևէ գոյություն էլ չի ունեցել տվյալ տարածքում։

Սակայն առավել մտահոգիչ է այն իրավիճակը, երբ արտաքին հակահայկական նարատիվները սկսում են ներթափանցել հենց հայկական ներքաղաքական դիսկուրս։ Վերջին տարիներին Հայաստանում մեծ քննարկումների թեմա է դարձել այն, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հնչող որոշ ձևակերպումներ, քաղաքական հայտարարություններ և պատմության մեկնաբանություններ փաստացի համընկնում են այն թեզերի հետ, որոնք առաջ են տանում Փաշինյանն ու իր թիմակիցները։ Երբ իշխանության ներկայացուցիչների կողմից հնչում են ձևակերպումներ, թե «Արցախը երբեք Հայաստանի մաս չի եղել», կամ փորձ է արվում պատմական գործընթացները ներկայացնել այնպես, կարծես հայկական պետականության և Արցախի միջև բնական ու պատմական կապ գոյություն չի ունեցել, հասարակության մի զգալի հատվածի մոտ ձևավորվում է խոր անհանգստություն։ Ընդ որում, այստեղ խոսքը միայն քաղաքական գնահատականների մասին չէ։ Խոսքը պատմական հիշողության վերաձևակերպման մասին է։ Արցախը հայ ժողովրդի պատմական գիտակցության մեջ երբեք պարզապես վարչական միավոր կամ տարածք չի եղել։ Այն հայկական պետականությունների, մշակույթի, հոգևոր կյանքի և ազգային դիմադրության առանցքային կենտրոններից մեկն է եղել դարեր շարունակ։ Երբ Արցախը հայկական թագավորությունների, մելիքությունների և հայկական մշակութային կյանքի կարևոր կենտրոն էր, Ադրբեջան հասկացությունը նույնիսկ գոյություն չուներ։

«Ադրբեջան» անվանումը՝ որպես պետական-քաղաքական միավոր, սկսել է կիրառվել տարածաշրջանում միայն 20-րդ դարի սկզբին։ Հետևաբար, երբ այսօր փորձ է արվում ներկայացնել, թե Արցախի հայկականությունը վիճելի է կամ պատմականորեն հիմնավորված չէ, շատերի համար դա ընկալվում է ոչ թե որպես պատմագիտական բանավեճ, այլ որպես պատմական իրականության խեղաթյուրում։

Այստեղ հատկապես կարևոր է հասկանալ, որ պատմական հիշողության թուլացումը միայն անցյալի հարց չէ։ Դա անմիջական ազդեցություն ունի նաև ներկայի և ապագայի վրա։ Եթե պետությունն ինքն է սկսում կասկածի տակ դնել սեփական պատմական հիմքերը, վաղ թե ուշ այդ վակուումը լցվում է արտաքին նարատիվներով։ Պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ ժողովուրդները, կորցնելով սեփական պատմական ինքնագիտակցությունը, աստիճանաբար կորցրել են նաև քաղաքական դիմադրողականությունը։ Ազգային ինքնությունը միայն դրոշ, օրհներգ կամ սահմանադրություն չէ։ Այն նաև պատմական շարունակականության զգացողություն է։ Երբ այդ զգացողությունը թուլանում է, հասարակությունն աստիճանաբար կորցնում է իր քաղաքակրթական վստահությունը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031