Ինչպես ձևավորվեց մասնավոր հետաքննության աշխարհը՝ հին ժամանակներից մինչև հայկական իրականություն:
Մարդիկ սովորաբար հիշում են հանցագործությունը։ Դետեկտիվները հիշում են մանրուքը։
Տարիներն անցնում են, աշխարհը փոխվում է կատաղի արագությամբ՝ պետություններ են ծնվում և անհետանում, տեխնոլոգիաները վերաշարադրում են կյանքի կանոնները, պատերազմները փոխում են սահմանները, փողը դառնում է թվային ու անշոշափելի, իսկ մարդկային հարաբերություններն՝ ավելի խճճված և անհասկանալի։ Բայց մի բան մնում է անփոփոխ, ինչպես մարդկային բնության ամենախորքային շերտը. մարդը միշտ փորձում է ինչ-որ բան թաքցնել՝ լինի դա գաղտնիք, սխալ, մեղք, թե սուտ, իսկ մեկ ուրիշը՝ գտնել դա ու հասկանալ ճշմարտությունը։
Հենց այդ հավերժական լարվածության մեջ է ծնվում դետեկտիվը։ Ոչ որպես ֆիլմի փայլուն հերոս կամ զենքով «վատ տղա» կամ լրտես, այլ մեկը, ով սովորել է տեսնել այն, ինչ մյուսները բաց են թողնում։ Նրա մասնագիտությունը կառուցված է ոչ թե ուժի կամ բռնության վրա, այլ մանրակրկիտ դիտարկման, խորքային վերլուծության և ճշմարտության որոնման վրա։ Այսօր մարդուն կարող ես խաբել առանց նույնիսկ տուն մտնելու, կողոպտել՝ առանց նրան ֆիզիկապես մոտենալու, ոչնչացնել ամբողջ կյանքը՝ ընդամենը մեկ կեղծ թվային տեղեկատվությամբ։
Որքան ավելի բարդանում և թվայնանում է աշխարհը, այնքան ավելի անփոխարինելի է դառնում այն մարդը, ով կարողանում է տեսնել անտեսանելի կապերը, հակասությունները և թաքնված օրինաչափությունները։ Դետեկտիվը դառնում է ոչ միայն հետաքննող, այլև ժամանակի ախտորոշիչ մի մասնագետ, ով աշխատում է վստահության ճգնաժամի դարաշրջանում։
Առաջին «դետեկտիվները»՝ մինչեւ այդ բառի ծնվելը
Շատերը կարծում են, թե դետեկտիվի պատմությունը սկսվում է 19-րդ դարում։ Իրականում այդ մասնագիտության արմատները հազարամյակների խորքում են՝ հին Հռոմում, Շումերում և Եգիպտոսում։ Այդ ժամանակներում պետական համակարգը դեռ չուներ պրոֆեսիոնալ ոստիկանություն, ուստի հարուստներն ու հասարակության վերնախավերը վարձում էին անձնական պահապաններ, դիտորդներ և հետաքննողներ՝ գողությունները բացահայտելու, առևտրային խարդախությունները հետևելու, անհետացածներին որոնելու կամ մրցակիցների գաղտնիքները հանելու համար։
Հին Եգիպտոսում գերեզմանների պահապանները և անձնական պահակները աշխատում էին որպես «մասնավոր» ուժեր։
Հին Հռոմում վիգիլեսները (հրշեջ-պահակներ) ձերբակալում էին գողերին և փախստական ստրուկներին, իսկ հարուստ ընտանիքները օգտագործում էին ազատված ստրուկներին որպես անձնական հետաքննողներ՝ պարտապաններ գտնելու, անհավատարիմ ամուսիններին հետևելու կամ քաղաքական դավադրությունները բացահայտելու համար։
Սա ցույց է տալիս, որ մասնավոր հետաքննությունը մարդկության հետ գրեթե նույն տարիքի է։ Այն ծնվել է ոչ թե պետական կարգի, այլ անհավասարության և վստահության պակասի արդյունքում։ Հարուստները չէին վստահում պետությանը և ստեղծում էին իրենց սեփական «հետախուզական» համակարգերը։ Սա ժամանակակից մասնավոր դետեկտիվի նախատիպն էր, որտեղ տեղեկատվությունը դառնում է ուժ, իսկ գաղտնիքը՝ ապրանք։
Լոնդոնը եւ առաջին պրոֆեսիոնալ հետաքննողները
1749 թվականին Լոնդոնում գրող և դատավոր Հենրի Ֆիլդինգը հիմնադրեց Bow Street Runners-ը՝ Լոնդոնի առաջին պրոֆեսիոնալ ոստիկանական-հետաքննական ուժը։ Սրանք սովորական պահակներ չէին. նրանք ստանում էին աշխատավարձ և աշխատում էին կազմակերպված մեթոդաբանությամբ՝ հանցագործների որոնում, տեղեկությունների հավաքում, հետապնդում և առկա տեղեկատվության վերլուծություն։
Մինչ այդ Անգլիայում հանցագործությունների բացահայտումը հիմնականում քաղաքացիների վրա էր դրված։ Bow Street Runners-ը փոխեց ամբողջ մոտեցումը՝ դարձնելով հետաքննությունը մասնագիտացված և վերլուծական գործ։ Սա առաջին քայլն էր դեպի ժամանակակից դետեկտիվ մտածողություն. լավ հետաքննողը պետք է ոչ միայն ուժեղ լինի, այլև կարողանա մտածել ու համադրել մանրուքները։
Էժեն Վիդոկ՝ հանցագործից դետեկտիվի մտածողության ծնունդը
Եթե լոնդոնյան խմբերը ստեղծեցին համակարգը, ապա Էժեն Ֆրանսուա Վիդոկը ստեղծեց ժամանակակից դետեկտիվի մտածողությունը։ Նրա կյանքը վեպի պես էր՝ հանցագործ, փախստական, կեղծ փաստաթղթերի վարպետ, ով հետո դարձավ ոստիկանության հայր։ 1811-ին նա հիմնադրեց Sûreté-ն՝ Ֆրանսիայի առաջին քրեական հետաքննության բաժինը, իսկ 1833-ին՝ աշխարհի առաջին պաշտոնապես ճանաչված մասնավոր դետեկտիվ գործակալությունը։
Վիդոկը հասկացավ այն, ինչ 19-րդ դարի սկզբի ոստիկանությունը դեռ չէր ընկալում. հանցագործին բռնելու համար միայն ուժը չի բավականացնում։ Պետք է հասկանալ մարդուն՝ նրա մտածելակերպը, վախերը, սովորությունները։ Նա ներդրեց հեղափոխական մեթոդներ՝ գաղտնի դիտարկում, վարքագծային վերլուծություն, հանցագործների քարտարաններ և բալիստիկայի նախնական տարրերը։ Առաջինն էր, ով սկսեց օգտագործել ոտնահետքերի գիպսե կաղապարները և ձեռագրաբանական վերլուծությունը՝ որպես հանցագործին նույնականացնելու միջոց։ Նա դարձավ ժամանակակից քրեագիտության հայրը։
Բայց Վիդոկի ամենախորքային ներդրումը փիլիսոփայական էր. հանցագործից դետեկտիվ դառնալը ցույց էր տալիս, որ ճշմարտությունը որոնելիս սահմանները մշուշոտ են։ Նրա հուշերը ոգեշնչեցին Բալզակին, Վիկտոր Հյուգոյին և Էդգար Ալան Պոյին։ Իրական դետեկտիվը ծնեց գրական հերոսներին, իսկ գրականությունը վերադարձրեց այդ կերպարները իրական կյանք։
Շերլոկ Հոլմս՝ երբ դետեկտիվը դարձավ ինտելեկտի լեգենդ
Արթուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսը դետեկտիվը դարձրեց համաշխարհային մշակութային երևույթ։ «Մարդիկ չափազանց շատ են նայում, բայց գրեթե չեն դիտարկում»՝ այս միտքը դարձավ ամբողջ ժանրի փիլիսոփայությունը։ Հոլմսի աշխարհում ոչինչ պատահական չէր՝ մոխրի տեսակը, կոշիկի վրայի կեղտը, ձեռքի դողը, բառի ընտրությունը։ Նրա ուժը մտածողության կարգապահությունն էր՝ քաոսի մեջ կառուցվածք տեսնելը։
Այսօր բաց աղբյուրների հետախուզության (OSINT) մասնագետները, թվային հետաքննողները և կորպորատիվ քննիչները աշխատում են հենց այս սկզբունքով՝ հարյուրավոր անիմաստ թվացող դետալների մեջ գտնել այն մեկը, որը փոխում է ամբողջ պատկերը։
Ալան Պինկերտոն՝ երբ դետեկտիվը դարձավ համակարգ
1850-ին Ալան Պինկերտոնը հիմնադրեց Pinkerton National Detective Agency-ն՝ Ամերիկայի առաջին մեծ մասնավոր գործակալությունը, որը գործում է մինչ օրս։ Պինկերտոնը տեսավ ապագան. պատերազմները լինելու են տեղեկատվության համար։
Նա ստեղծեց հետախուզական էկոհամակարգ՝ տվյալների բազաներ, գործակալական ցանց և վերլուծական արխիվներ։ Հայտնի «բաց աչք» խորհրդանիշը և «Մենք երբեք չենք քնում» կարգախոսը դարձան մասնագիտության դեմքը, իսկ հենց այստեղից առաջացավ «մասնավոր աչք» (private eye) արտահայտությունը։ Նա նաև առաջինն էր, ով վարձեց կին դետեկտիվի։ Այսօրվա կորպորատիվ հետախուզությունը և ռիսկերի գնահատումը իրենց արմատներով գնում են դեպի Պինկերտոն։
Մեգրե եւ Պուարո՝ մարդու վերադարձը դետեկտիվին
Ժորժ Սիմենոնի կոմիսար Մեգրեն և Ագաթա Քրիստիի Էրկյուլ Պուարոն վերադարձրին մարդկային խորությունը։
Մեգրեն հասկանում էր, որ հանցագործությունները հաճախ ծնվում են ոչ թե չարությունից, այլ միայնությունից, նվաստացումից կամ չասված ցավից։
Պուարոն հավատում էր «փոքրիկ մոխրագույն բջիջներին»՝ մանրուքներին, որոնք բացահայտում են սխալը. բաժակի դիրքը, ասված բառը։
Ժամանակակից լավագույն դետեկտիվներն աշխատում են հենց այս բոլոր դպրոցների հատման կետում՝ ստեղծելով հոգեբանական-տրամաբանական-համակարգային սինթեզ։
Հայաստանը եւ նոր դետեկտիվի ծնունդը
Խորհրդային տարածքում մասնավոր դետեկտիվը գոյություն չուներ։ Պետությունը մենաշնորհել էր տեղեկատվությունը, և ոլորտը մնացել էր միայն գրքերում և ֆիլմերում։
ԽՍՀՄ փլուզումից հետո սկսեցին փլվել նաև մասնավոր դետեկտիվ գործունեության մասին կարծրատիպերը: Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ շատ երկրներում ստեղծվեցին դետեկտիվ գրասենյակներ: Մինչև 2021թ. Հայաստանում դետեկտիվ գործունեությունը համարվում էր անլեգալ և արգելված:
2021թ. օգոստոսի 3-ին հիմնադրվեց «Գաբրիելյան ընդ փարթերս դետեկտիվ բյուրոն»՝ Հայաստանում մասնավոր դետեկտիվ գործունեությամբ զբաղվող առաջին պաշտոնապես գրանցված և դեռևս միակ կազմակերպությունը։ Գործունեության 5 տարիների ընթացքում Հայաստանում կոտրվեցին դետեկտիվի մասին բոլոր կարծրատիպերը և հանրությունը տեսավ իրական դետեկտիվին՝ ոչ թե պարզապես «հետևող», այլ տեղեկատվության վերլուծող, ռիսկերի գնահատող, հանցագործության դեմ պայքարող և մարդկանց օգնող։ Սա պարզապես բիզնես չէր, այլ ոլորտի մշակույթի ծնունդ Հայաստանում։ Առաջին անգամ բացահայտ խոսվեց բաց աղբյուրների հետախուզության, գործարար համբավի ստուգման (due diligence), բիզնես անվտանգության և միջազգային հետաքննությունների մասին։ Դետեկտիվը դուրս եկավ ստվերից և մտավ հանրային դաշտ՝ համադրելով հին մեթոդները նորագույն գործիքների հետ։
Դետեկտիվը որպես ժամանակի ախտորոշում
Ժամանակակից դետեկտիվն այլևս միայն հանցագործություն չի բացահայտում։ Նա ախտորոշում է ժամանակը։
Յուրաքանչյուր գործ պատմություն է հասարակության մասին։ Երբ գործընկերը խաբում է, երբ մարդը տարիներով ապրում է կեղծ ինքնությամբ, երբ քեզ խաբում են սիրո անունով՝ դա վստահության ճգնաժամի մասին է։ Մեր դարի ամենամեծ խնդիրն այն է, որ տեղեկատվության գերառատությունը չի փոխարինում ճշմարտությանը։
Դետեկտիվը փորձում է հավաքել իրական պատկերը՝ տվյալներից, լռությունից և մարդկային վարքագծից։ Երբեմն ուշ, երբեմն ցավոտ, բայց միշտ իրական ճշմարտությունը։
Հայկ Գաբրիելյան
Ա– «Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները՝ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա էին, որոնք ներկայացնում էր Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանը, այս ուրբաթ օրվանից որոշ ժամանակով դադարեցնում ենք։
Մեր հեղինակը՝ դետեկտիվը, գիրք է գրում, իսկ նոր շարքը «Առավոտի» իրավական էջը մտադիր է նրա հետ սկսել սեպտեմբեր ամսից։


















































