Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական, հասարակական թե հոգևոր ճգնաժամը հաղթահարելու բանալին, ըստ Լամբրոնացու, հոգևոր տիրույթում է․ Գենադի Մնացականյան

Մայիս 23,2026 21:25 Share

Քաղաքական և հասարակական իրադարձությունների մասին մեկնաբանություններում մարդն ավելի ազատ է, քան Սուրբ Գրքի ընկալման ու մեկնաբանության մեջ։ Հավատարիմ մնալով Եկեղեցու Սրբազան Ավանդությանը՝ Եկեղեցու հայրերը հստակ կարմիր գծեր են գծել և մեզ պատշաճ է մնալ այդ սահմաններում։ Այդ է պատճառը, որ որպես աստվածաբան, ես խուսափում եմ սուրբգրային մեկնություններից՝ գերադասելով պատմության և ներկայի իրադարձությունները դիտարկել հենց Եկեղեցու հայրերի թողած հոգևոր ժառանգության պրիզմայով։

Այսօր Հայաստանում տեղի ունեցողը դասական իմաստով դժվար է նախընտրական պայքար կոչել, այդուհանդերձ հասարակական-քաղաքական խոսքի պահանջարկն ավելի մեծ է, քան երբևէ։ Նկատելի է, որ երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական խմորումներում ավելի է մեծանում, քաղաքականությամբ զբաղվողների պակաս չկա Հայաստանում, իսկ մեր՝ հոգևոր արմատներին հավատարիմ մարդկանց առջև խնդիր է դրված հասկանալու թե ո՞րն է աստվածաբանական հայացքը մեր երկրում տիրող այս  ոչ ստանդարտ իրավիճակի հանդեպ։

Այս հարցում, իմ դիտարկմամբ, մեր լավագույն ուղեցույցը կարող է լինել 12 -րդ դարի Հայ Եկեղեցու նշանավոր դեմքերից մեկը՝ Ներսես Լամբրոնացին։ Ներսես Լամբրոնացու ժամանակ նույնպես Հայոց աշխարհը արտաքին սպառնալիքների և ներքին երկպառակությունների մեջ էր։ Ներսես Լամբրոնացին իր աշխատություններում (որոնցից «Մեկնութիւն իմաստութեանն Սողոմոնի» (2002) և «Մեկնութիւն Ժողովողի» (2009) աշխատությունների համեմատական բնագրերը կազմելու պատասխանատվությունն  եմ ունեցել), շատ մատչելի կերպով ցույց է տալիս,  թե ինչպե՞ս պետք է հաղթահարել ցանկացած ճգնաժամ։ Ամեն ինչ շատ պարզ է։ Քաղաքական, հասարակական թե հոգևոր ճգնաժամը հաղթահարելու բանալին, ըստ Լամբրոնացու, հոգևոր տիրույթում է։

Սողոմոնի իմաստության առաջին իսկ տողերը պատգամում են․ «Սիրեցէ՛ք զարդարութիւն, ոյք դատիք զերկիր» (Իմ․ Ա 1)։ Լամբրոնացին, մեկնելով այս խոսքերը, խորքային իմաստով զգուշացնում է, որ յուրաքանչյուր մարդ, ցանկացած աշխարհիկ կամ հոգևոր իշխանություն կամ դրան ձգտող ցանկացած քաղաքական ուժ դատապարտված է ձախողման, եթե առաջնորդվում է սեփական ամբարտավանությամբ և ոչ թե աստվածային արդարությամբ ու խոնարհությամբ։ Սպասվող խորհրդարանական ընտրությունը, որն այսօր կանգնած է մեր ժողովրդի առաջ, զուտ քաղաքական չէ, այն բարոյական և հոգևոր ընտրություն է՝ արդարության և անօրինության, միաբանության և պառակտման միջև։  Այդուհանդերձ, մինչ հայրենիքում  ներքին երկպառակության վտանգի առաջ ենք կանգնած, միջազգային հարթակում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք մեզ հույս են ներշնչում։ Մասնավորապես Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Առաջին Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ-ի  վերջին հանդիպումը շատ կարևոր ուղերձներ էր իր մեջ պարունակում։ Հոգևոր առաջնորդները խոսել են միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ու էկումենիկ կյանքը զարգացնելու անհրաժեշտության մասին։ Սա հենց այն տիեզերական սիրո դրսևորումներից է, որի նախանձախնդիր ջատագովն էր Սուրբ Ներսես Լամբրոնացին։ Այս ամենը մեզ սովորեցնում է, որ գոյաբանական մարտահրավերների ժամանակ լուծումը ոչ թե թշնամանքի խորացումն է, այլ կամուրջների կառուցումն ու միաբանությունը։ Շատ կարևոր է, որպեսզի Սուրբ Գրքի մեկնությունները կամայական բնույթ չկրեն։ Հայ Եկեղեցու վարդապետությունը նման է երկաթգծի, որի ճարտարապետները Եկեղեցու Սուրբ և սրբակենցաղ հայրերն են։ Գնացքն անխուսափելիորեն կկործանվի, եթե շեղվի այդ գծից։ Ուրեմն շարունակենք հավատարիմ մնալ այդ վարդապետությանը և զորակից լինենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Ամենայն Հայոց Հայրապետին։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031